Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը օգուտ կբերի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացել են երկուշաբթի՝ Մոսկվայում:
«Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ եւ՛ Ադրբեջանի նախագահին, եւ՛ Հայաստանի վարչապետին, այն բանի համար, որ նրանք համաձայնեցին գալ Մոսկվա, որպեսզի հանդիպենք, որպեսզի քննարկեն անցյալ տարվա նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը: Մենք եկանք այն եզրակացության, որ համաձայնագրի պայմանները հիմնականում պահպանվում են, եւ որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել:
Համոզված եմ, որ այդ համաձայնագրերի իրականացումը օգուտ կբերի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդին եւ, անկասկած, օգուտ կբերի տարածաշրջանին ընդհանրապես, իսկ դա նշանակում է՝ նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերին»,- բանակցություններից հետո ճեպազրույցում ասել է Պուտինը: