Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման շեմը կբարձրացվի — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման շեմը կբարձրացվի

 

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել 1000+ հիմնադրամին փոխանցվող պարտադիր վճարների շեմը։ Գործադիրում հաշվարկել են ու նախագիծը կազմել՝ հիմքում դնելով քաղաքացու եկամտի մեծությունը։ Նախարար Բադասյանը բացատրում է, եթե օրենքն ընդունվի, գործող 1000 դրամների փոխարեն պարտադիր վճարների նվազագույն չափը կկազմի 1500, առավելագույնն էլ 15 000 դրամ՝ կախված աշխատավարձից, որ արդար լինի, սոցիալական բեռը չավելանա։

Հարկման բանաձևը փոխվելու է նաև իրավաբանական անձանց ու նոտարների դեպքում՝ կրկին պրոգրեսիվ մոդելով։ Կառավարության ներկայացուցիչն ասում է՝ նախագծով հիմնադրամի շահառու են դառնալու նաև պատերազմ մեկնած այն կամավորները, որոնք հաշվառման չեն կանգնել։

Նախարարի խոսքով՝ այս սխեմայով հավաքվող գումարները կբավարարեն, որ հիմնադրամը հատուցի սեպտեմբերի 27-ից հետո անհետ կորածների ու զոհվածների ընտանիքներին, նաև պատերազմի արդյունքում առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Պարտադիր վճարն ավելացնելուն պատգամավորները դեմ չեն, տնտեսական հանձնաժողովի անդամները, սակայն, նկատում են՝ սահմանված շեմերը պետք է վերանայել, ավելացնել նաև 2 միլիոնից բարձր աշխատավարձ ստացող մոտ 2400 անձի համար առանձին վճար։

Նախագծին վերաբերող ելույթների ժամին, սակայն, ԲՀԿ-ն 1000 դրամներից չխոսեց, քաղաքական մեղադրանքները հիշեց։ Գործող իշխանությունը եթե շարունակի պաշտոնավարել, վտանգ կա պետականություն կորցնելու՝ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանն ու պնդեց՝ այս դահլիճում մեկ օրակարգ պետք է լինի՝ վարչապետին անվստահություն հայտնելը։ Զոհրաբյանին իր կուսակից գործընկերները միացան, պնդեցին՝ Փաշինյանը պետք է հեռանա։

Ընդդիմության ելույթները գերազանցում էին ռեգլամենտով սահմանված ժամանակը, ԱԺ փոխխոսնակն էլ ձեռքն ազդանշանի կոճակից չէր հանում։ Կառավարության փոփոխության մասին եք խոսում, այդ դեպքում պետք է գնալ արտահերթ ընտրության ճանապարհով՝ ԲՀԿ-ականներին հակադարձեցին «Իմ քայլից»: Հիշեցրեցին վարչապետի հրավերի մասին՝ միասին քննարկել 2021-ին ընտրություն անցկացնելու հարցերը։

«Իմ քայլից» Արմեն Խաչատրյանն էլ առաջարկեց դահլիճում նստելու, իրար քննադատելու փոխարեն խումբ կազմել, գնալ Սյունիք, տեղում ծանոթանալ իրավիճակին։ Այս գաղափարն էլ Խաչատրյանի ու «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանի լեզվառվի պատճառը դարձավ։ Մարուքյանն արձագանքեց՝ իշխանության հրավերին չեն սպասում, իրենք մեկ շաբաթ առաջ են վերադարձել Սյունիքից ու հիշեցրեց, որ մարդիկ ճանապարհը վարչապետի առաջ էին փակել։ Խաչատրյանն էլ հակադարձեց՝ այդ «Լուսավոր Հայաստանին» սյունեցիները չընդունեցին, ճամփան չբացեցին, թույլ չտվեցին գնալ Կապան:

Մարուքյանը ելույթը շարունակեց, պնդեց՝ իշխանությունն այսօր ապացուցեց, որ չի կարող կազմակերպել արտահերթ ընտրություններ, քարոզարշավ անել, մարդկանց անվտանգությունն ապահովել։ «Իմ քայլից» Ռուբինյանն արձագանքեց՝ աբսուրդ է, որ խորհրդարանական ուժերը չեն ցանկանում խորհրդակցություններ անցկացնել, քննարկել արտահերթի թեման։ Նրա ելույթի ժամանակ ԲՀԿ-ն լքեց դահլիճը, Ռուբինյանն էլ «Բարգավաճ Հայաստանին» պատասխանելիս դատարկ աթոռներին դիմեց։

Ելույթներն ավարտեցին, անցան օրակարգին։ Կառավարությունն առաջարկում է կրճատել նաև անձին անհետ կորած ճանաչելու ժամկետն ու այն սահմանել 3 ամիս։ Այդպիսով՝ այս պատերազմում անհետ կորածների ընտանիքներն արդեն կկարողանան դիմել դատարան, ստանալ կարգավիճակ, հետևաբար՝ դառնալ հիմնադրամի շահառու։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 68 - Today Page Visits: 1