Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը մինչև այժմ վարչապետ — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը մինչև այժմ վարչապետ

Մեր ժողովուրդը շատ բարի է, օրինապաշտ, որովհետև ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ է գցվում, այդ ղեկավարը 2-3 օրից ավելի չէր մնա, Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ի հանրահավաքում հայտարարել էր 17-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա իրավացի է, առնվազն այն առումով, որ ծանր պարտության և կորուստների պարագայում հազիվ թե որևէ երկրի ղեկավար կարողանար մնալ այդ կարգավիճակում: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Հայաստանում դա ներկայումս պայմանավորված չէ ժողովրդի բարությամբ և օրինապաշտությամբ: Ընդհանրապես, այստեղ բարության և օրինապաշտության հարց չէ: Ավելին, ժողովուրդները այդ դեպքում չարությամբ ու անօրինությամբ չէ, որ կհեռացնեին այդ ղեկավարին, այլ պարզապես համաժողովրդական պահանջով, ինչն արդեն կունենար իրավա-քաղաքական ազդեցություն: Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, որովհետև չկա նրա հեռանալու ժողովրդական լայն պահանջ: Եվ դա ժողովրդի բարության ու չարության հարց չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել:

Դա իրավիճակի գնահատման հարց է, որ անում է հասարակությունը: Նիկոլ Փաշինյանի հեռանալու համաժողովրդական պահանջի բացակայությունը ոչ թե նրան տրվող մեծ գնահատական է, այլ նրա հրաժարականը պահանջող և արմատական գործողություն իրականացնել փորձող ընդդիմությանը տրվող ցածր գնահատականի վկայություն: Իսկ այդ գնահատականի պատճառը նախահեղափոխական Հայաստանն է, որը, թվում է, թե Արցախի առաջին պատերազմ հաղթող Հայաստանն էր: Իրականում, սակայն, դա թվում է, կամ փորձ է արվել հանրությանը տարիներ շարունակ համոզել, թե դա այդպես է: Մարդիկ, սակայն, ապրելով Հայաստանում և չլինելով կառավարող համակարգին մերձ, իրենց մաշկի վրա զգացել են ոչ թե հաղթանակ, այլ հաղթանակի շահագործում և մսխում, զգացել են նվաստացում, քամահրանք, սոցիալական ահռելի անհավասարություն, ահռելի անարդարություն, զգացել են ընտրության իրավունքի ոտնահարում, կեղծում: Չէ՞ որ դա առաջիններից մեկը իր վրա հենց Վազգեն Մանուկյանն ու նրա թիմակիցները, համակիրներն են զգացել: Չէ՞ որ Վազգեն Մանուկյանը, թերևս ամենից լավ, ստույգ և խոր գիտե, պետք է որ իմանա, թե Հայաստանը երբվանից է սկսել պարտվել, առնվազն՝ իբրև հաշվարկային մեկնակետ: Հայաստանը սկսել է պարտվել, երբ կառավարող համակարգը սկսել է խոսել և գործել «մեր դեմ խաղ չկա» տրամաբանությամբ: Ներսում այդ համակարգի դեմ իսկապես խաղ չի եղել, առավել ևս, երբ բարենպաստ աշխարհաքաղաքական կոնյունկտուրա էր: Դրսում, սակայն, այդ համակարգի անարդյունավետ կառավարմանը ենթարկվող Հայաստանի դեմ սկսել է ձևավորվել ահավոր մի խաղ:

Ընդ որում, համակարգի առաջնորդները, անշուշտ տեսել, նկատել, զգացել են դա, և թող չհնչի տարօրինակ՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության փուլում փորձել է անել Հայաստանի դեմ այդ խաղը շրջելու փորձ, սակայն ապարդյուն՝ հենց այն համակարգի բնույթից ելնելով, որ ձևավորվել է նաև իրենց մասնակցությամբ: Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից ոչ միայն 2-3 օր անց, այլ արդեն մոտ երկու ամիս անց շարունակում լինել վարչապետ: Որովհետև նրանից առաջ եղած համակարգը 2018-ից հետո չի ունեցել հասարակության առաջ անկեղծ խոնարհվելու և ներողություն խնդրելու, նախահեղափոխական համակարգի սխալների, արատների մասին հանրության հետ բաց խոսելու համարձակություն ու ազնվություն:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Աղբյուրը ՝ 1in.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 96 - Today Page Visits: 1