MADE IN ARMENIA. նոր նախաձեռնություն` ուղղված հայկական արտադրանքի վաճառքին, հայկական բրենդների զարգացմանն ու ճանաչմանը — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

MADE IN ARMENIA. նոր նախաձեռնություն` ուղղված հայկական արտադրանքի վաճառքին, հայկական բրենդների զարգացմանն ու ճանաչմանը

Նորաձևության եւ դիզայնի պալատը եւ Anna Salome Fashion Marketing Agency-ն աջակցում են հայ դիզայներներին եւ Երեւանում գործող հագուստի սրահներին՝ ընդլայնելով Made in Armenia հարթակը: Նախաձեռնությունը միտում ունի նպաստել հայկական արտադրանքի վաճառքին ու հայկական բրենդների զարգացմանն ու ճանաչմանը.

«Սա բազմաշերտ ժամանակատար աշխատանք է, որի շրջանակում Երևանում գործող մի շարք խանութ սրահներ, որոնք մինչ օրս սպառողին էին ներկայանում բացառապես ներմուծված ապրանքատեսականիով, այսօր արդեն ներկայացնում են հայ դիզայներների հետ համատեղ հավաքածուներ, նրանց բրենդերից առանձին մոդելներ: Որոշ խանութ սրահների սեփականատերերի հետ էլ աշխատանքներ են տարվում` ստեղծելու գալիք տարվա գարուն-ամառ հավաքածուն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց գործակալության հիմնադիր-տնօրեն Աննա Սալոմեն:

«Ի դեպ, նախաձեռնությունը իրականացվում է Նորաձևության և դիզայնի պալատի «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկանան տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ: Գաղափարը վաղուց կար, բայց գործելու վճռականությունը եկավ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի ընդունման հետ, քանի որ այն նոր հնարավորություններ ստեղծեց հատկապես առօրյա հագուստի շուկայում»,-հավելեց նա:

Անժխտելի փաստ է, որ հայ սպառողներից շատերը հաճախ ներմուծված ապրանքը նախընտրում են տեղականից` դրա ավելի մատչելի լինելու պատճառով:

Ըստ Աննա Սալոմեի` հայկական արտադրանքի համեմատական բարձր գինը պայմանավորված է բարձր ինքնարժեքով, որի պատճառն, իհարկե, հումքը և արտադրական փոքր ծավալներն են:

«Այսօր հումքը Հայաստանում ամբողջությամբ ներմուծում է: Նաև թուրքական հումքից հրաժարվելու, միաժամանակ մրցունակ գնով փոխարինողը ձեռք բերելու համար այսօր ելքեր ենք փնտրում. մեծ է հավանականությունը Պարսկաստանից, Եվրոպական երկրներից և ՌԴ-ից այն ներմուծելու։

Վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել են խոշոր գործարաններ, արտադրամասեր, որոք մասամբ լուծում են մասշտաբի խնդիրը` առաջարկելով տրիկոտաժից բարձրորակ արտադրանք բավականին մրցունակ գներով:

Ինչ վերաբերվում է դիզայներական հագուստներին` այն, իհարկե, ենթադրում է միջինից բարձր գին, քանի որ խոսքը հաճախ ձեռքի աշխատանքի, բարձր որակավորում ունեցող անձնակազմի ներգրավվածության մասին է։

Բայց մեր նախագիծը միտված է հենց առօրյա հագուստի համար մրցունակ գնով դիզայներական արտադրանք ստեղծել, ուստի հարկավոր է վերանայել հայացքները»,-նշում է նա:

Որքան էլ խոսվում է թուրքական ապրանքից հրաժարվելու մասին` այսօր երեւանյան մոլերում շարունակում են մեծ պահանջարկ վայելել թուրքական ապրանքանիշները: Նորաձևության և դիզայնի պալատի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը, անդրադառնալով տվյալ թեմային, նշեց.

«Համոզված եմ, որ դա ժամանակի խնդիր է, ֆրանչայզինգով թուրքական բրենդներ ներմուծող ընկերություններն արդեն անում են բոլոր հնարավոր քայլերը՝ դրանք այլ բրենդերի փոխարինելու համար, կարծում եմ` լուծում կգտնեն նաև շուկայում փոքրիկ տաղավարներ ունեցող անհատները նույնպես: Մեր այս նախաձեռնությունը հենց այդ նպատակն է հետապնդում՝ ստեղծել համագործակցության տարբեր մեխանիզմներ/հարթակներ խանութ սրահների և դիզայներների/արտադրողների միջև»:

Էլենը նկատեց` վերջին տարիներին շուկայում առավել մեծ տեղ են տալիս հայկական արտադրանքին.

«Խնդրի լուծման լավագույն տարբերակը ներկրվող ապրանքների փոխարինումն է տեղականով: Այդ դեպքում մենք կսեղծենք նաև հավելյալ արժեք, լրացուցիչ աշխատատեղեր և գործընթացը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա երկրի թե’ տնտեսության, թե’ սոցիալական վիճակի վրա, իհարկե, շատ դրական ազդեցություն:

Այս ամբողջ գործընթացում մենք պարտավոր ենք նաև մրցունակ ապրանք հանել շուկա, որպեսզի սպառողը ոչ թե պարտադրված գնի տեղականը, այլ հաճույքով` առանց նյութական, բարոյական վնասներ կրելու: Շուկան տեղական արտադրանքով ապահովելը չպետք է լինի ի հաշիվ հայ սպառողների իրավունքների: Ուստի փորձելու ենք նաև վերահսկել և աշխատել այս ուղղությամբ ևս»:

Նախագծի շրջանակում առաջին համագործակցությունն իրականացվում է Երեւանում գործող Ani Boutique-ի և White store Armenia սրահների հետ:

«Լիահույս եմ, որ նմանատիպ համագործակցության օրինակներ կլինեն նաև այլ խանութ սրահների հետ: Սա մի փորձնական ծրագիր է, որը պիտի տարածվի և խթանի տեղեկան արտադրության զարգացմանը՝ իր մեջ ընդգրկելով հագուստի ոլորտի արժեշղթայի՝ արտադրության և վաճառքի, բոլոր դերակատարներին»,-նշեց Աննան:

Սյունե Առաքելյան

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 71 - Today Page Visits: 3