«Գորիսի քաղաքապետը ծիծաղով է վերաբերվում այս քրեական գործին»․ պաշտպանը բողոքարկել է ձերբակալման որոշումը — ARUSHANYAN TV
  • Вт. Янв 26th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Գորիսի քաղաքապետը ծիծաղով է վերաբերվում այս քրեական գործին»․ պաշտպանը բողոքարկել է ձերբակալման որոշումը

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը իրեն վերագրվող կասկածանքի վերաբերյալ ցուցմունք չի տվել՝ հակիրճ նշելով միայն, որ իր կողմից կազմակերպվող հավաքը անօրինական չէ, եւ ինքը որեւէ հանցագործություն չի կատարել։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ պաշտպանական թիմը էլեկտրոնային եղանակով արդեն իսկ բողոքարկել է Առուշանյանի ձերբակալման որոշումը՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Նշենք, որ բողոքը պետք է քննվի անհապաղ՝ այն ներկայացնելուց հետո 12 ժամվա ընթացքում։ Թե ում է մակարգվել բողոքը, եւ երբ է նիստ նշանակվել, պաշտպանին առայժմ հայտնի չէ։

Արմեն Մելքոնյանի խոսքով՝ Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել լուսադեմին՝ 04։30-ի սահմաններում, իսկ երկու ժամ անց՝ 06։30-ին, ձերբակալվել է ապօրինի հավաքներ կազմակերպելու փորձի կասկածանքով։ Ըստ պաշտպանի՝ դրանից հետո մինչ 14։30-ը, Առուշանյանի գտնվելու վայրի մասին իրենք տեղեկություն չունեին, ՀՀ իրավապահ տարբեր մարմիններից փորձում էին ճշտել, թե որտեղ է նա, ինչ կարգավիճակով, ինչ քրեական գործի շրջանակում։ Այդ ընթացքում իրենք նաեւ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ Առուշանյանին առեւանգելու փաստի առթիվ։

Հարցին, թե ըստ Քննչական կոմիտեի՝ Առուշանյանի կողմից հավաք կազմակերպելու անօրինականությունը ո՞րն է, պաշտպանը պատասխանեց, որ նույն հարցադրմամբ իրենք են դիմել քննիչին, սակայն որեւէ պատասխան այդպես էլ չեն ստացել։

Ըստ պաշտպանի՝ Առուշանյանը ծիծաղով է վերաբերվում այս քրեական գործին եւ խնդրում է այն չքաղաքակացնել․ «Նա որեւէ կուսակցության չի պատկանում, իր կուսակցությունը ժողովուրդն է, Գորիս համայնքը, մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելն է, նա հանդիսացել է նաեւ իմ հրամանատարը, երկու ամիս նրա հետ եմ կռվել խրամատում, նրա բյուրեղյա մաքրությունը գիտեմ եւ կոչ եմ անում իշխանությանը խելքները գլուխը հավաքել, նա այն անձն է, որ Ղարաբաղից փախած անձանց՝ սկզբում 10․000, հիմա՝ 4000, Գորիսում օրը 3 անգամ սնունդ է տվել, որի միջոցների հաշվին են զինվորների մի քանի հազար դիակներ տեղափոխվել ՀՀ եւ հուղարկավորվել, որի միջոցների հաշվին է սնվել նաեւ Գորիսը պաշտպանող ջոկատը»։

Պաշտպանի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն պատրաստվում է Առուշանյանին առնչվող քրեական գործերը միացնել մեկ վարույթում։ Ըստ նրա՝ դրա նպատակն այն է, որ առավել ծանր հոդվածներով մեղադրանք առաջադրվի, եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվի դատարան․ «Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 200-300 հազարից տուգանք կամ 2 ամիս կալանք, այն օրենքի ուժով թույլ չի տալիս անձին կալանավորել, դրա համար ինչ-որ քրեական գործեր կան, որոնք միավորվում են նույն վարույթում, հասկանում եմ՝ ինչ են փորձում կատարել, չի բացառվում, որ ժամերի ընթացքում նոր մեղադրանք առաջադրվի, եւ արդեն ծանր հոդվածներով փորձեն կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան»։

Առուշանյանին առնչվող քրեական գործերից մեկը, ըստ պաշտպանի, վերաբերում է մոտ 6 ամիս առաջ Առուշանյանի եւ նրա ազգականի միջեւ տեղի ունեցած միջադեպին․ «Ենթադրում եմ, որ դա է, բայց որեւէ հանցակազմ Առուշանյանի արարքում չի եղել, ու չի կարող լինել, խոսքը մի անձի մասին է, որին Առուշանյանն է տեղավորել աշխատանքի, եւ նա Առուշանյանի ընտանիքին պատկանող ընկերությունից 33 միլիոն դրամ գումար է հափշատկել, որից հետո Առուշանյանը նրան իբր թե ապտակել է՝ ասելով՝ չե՞ս ամաչում»։

Արմեն Մելքոնյանը նշեց, որ իրեն այս ընթացքում զանգել են 100-ավոր փաստաբաններ՝ ցանկություն հայտնելով միանալ Առուշանյանի պաշտպանությանը․«Ես ուզում եմ Առուշանյանի անունից շնորհակալություն հայտնել եւ ասել, որ այս պահին աշխատում ենք, անհրաժեշտություն լինելու դեպքում կդիմենք»։

Մելքոնյանի խոսքով՝ այս պահին սպասում են քրեական գործերի միացմանը, ինչպես նաեւ մեղադրանք առաջադրելուն․ «Բայց որեւէ մեկը չի կարող օրինական հավաք կազմակերպելու համար մեղադրանք առաջադրել, ես կարծում եմ՝ փուչիկ քրեական գործերը կպայթեն եւ այդ պայթյունի ձայնը դուք կլսեք»։
Նշենք, որ Առուշանյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-225․1-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար:



Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 220 - Today Page Visits: 2