Մեսրոպ Առաքելյանը՝ արցախահայության աջակցության ծրագրերի մասին — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մեսրոպ Առաքելյանը՝ արցախահայության աջակցության ծրագրերի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի մասով ներկայացնելով որոշ տեղեկություններ ու պարզաբանումներ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի արցախցիներ, կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի մասով ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։

• Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում) պոտենցիալ շահառուների 99 տոկոսի դիմումները հաստատվել են, որոնցից 86 տոկոսը փաստացի ստացել է աջակցության գումարները։
• Որոշ քաղաքացիների դիմումների մերժումների մասով առկա են դժգոհություններ, քանի որ այդ անձինք թեև իրակավան տեսանկյունից չեն համապատասխանում պահանջներին, սակայն փաստացի առկա են հիմնավորումներ շահառու հանդիսանալու համար։ Այդ կապակցությամբ, կառավարության որոշմամբ կատարվել է փոփոխություն, համաձայն որի Արցախի կառավարության կողմից տրամադրված հիմնավորումները հիմք կհանդիսանան շահառու համարվելու և աջակցություն ստանալու համար։
• Առաջիկա օրերին առկա մերժված հայտերը, ինչպես նաև այն հայտերը, որոնք ծրագրային պատճառներով հնարավոր չի եղել դիտարկել, կդիտարկվեն մեկ անգամ ևս։
• Դիմումների ընդունման ժամկետը դեկտեմբերի 20-ի փոխարեն երկարաձգվել է մինչև հունվարի 11-ը։
• Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրի մասով (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) պոտենցիալ շահառուների 90 տոկոսը դիմել է, որոնց դիմումները դիտարկվում են Արցախի կառավարության կողմից, և արդեն այսօրվանից որոշ քաղաքացիներ ստացել են աջակցության գումարները։
• Այս ծրագրի մասով նույնպես դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 11-ը։
• Այս ծրագրի մասով նույնպես անհատական հիմնավորումները հիմք կհանդիսանան շահառու դառնալու համար։
• Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության ծրագրի (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) դիմումները կսկսվեն ընդունվել հաջորդ շաբաթվանից։
• Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և վիրավորներներին աջակցության ծրագրի (1-5 մլն դրամ) դիմումներն արդեն ընդունվում են։
• Հայաստանում գտնվող արցախցիներին աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության միջոցառումը կմեկնարկի հունվարից։
• Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավոր զբաղվածության (համայքներում աշխատանքի) աջակցության միջոցառումը կմեկնարկի հունվարից։
• Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի գծով 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ Արցախում) դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից, դեկտեմբեր ամսվա համար վճարումները կիրականացվեն հունվարից։
Հայցում եմ բոլոր այն արցախցիների ներողամտությունը, ովքեր դեռ չեն ստացել աջակցությունները կամ այդ ընթացքում բախվել են անհարմարությունների։
Նախարարության համար յուրաքանչյուր քաղաքացի մեր անհատական հոգածության ներքո է։
Վստահեցում եմ, որ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է պետության աջակցությունը՝ քաղաքացու նկատմամբ մեր անհատական պատասխանատվության շրջանակում»։

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 100 - Today Page Visits: 1