Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոսի կոչմանն արժանացած բժշկի հետ: — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոսի կոչմանն արժանացած բժշկի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացած և Հայրենիքի շքանշանով պարգևատրված վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդանշական համարելով, որ Հրայր Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանանում է Ազգային հերոսի կոչման, նախագահ Սարգսյանը շնորհավորել է մեծահամբավ բժշկին և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ:

Նախագահը բարձր է գնահատել Հրայր Հովակիմյանի մատուցած ծառայությունները հայրենիքին ու ժողովրդին և նրա՝ որպես սրտային վիրաբույժի մասնագիտական-մարդասիրական նվիրյալ աշխատանքը, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր:

Հանրապետության նախագահը հիշարժան է համարել շուրջ երեք տասնամյակ առաջ Հրայր Հովակիմյանի գալուստը Հայաստան. նրա մասնակցությամբ 1993թ. Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքի, իսկ 1996թ.՝ մեծահասակների սրտային վիրաբուժության բաժանմունքի բացումը: Հայաստանում բժիշկ Հովակիմյանի գործունեության շնորհիվ երկրորդ կյանք են ստացել բազմաթիվ երեխաներ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հրայր Հովակիմյանին շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը նաև այդ երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին:

Տաղանդաշատ բժիշկն ասել է, որ այսօր իր հիմնական նպատակն է գիտելիքների ու փորձի փոխանցումը երիտասարդ սերնդին, որպեսզի երիտասարդ, կիրթ, հմուտ մասնագետների շնորհիվ ապահովվեն բաժանմունքի շարունակական զարգացումն ու հաջողությունները:

Մեր հայրենակիցների և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով բժիշկ Հովակիմյանին հայրենանվեր գործունեության ու մարդասիրության համար՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա Երևանում հանդիպել նրան և հանձնել հայրենիքի բարձրագույն պարգևը:

Նյութի աղբյուրը՝ armenpress.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 113 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *