Ինչո՞ւ ենք ծննդյան տարեդարձին տորթի վրա մոմեր դնում և փչում: — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ինչո՞ւ ենք ծննդյան տարեդարձին տորթի վրա մոմեր դնում և փչում:

Ծննդյան տարեդարձը գրեթե բոլորի, հատկապես երեխաների սիրելի օրերից է, որին սպասում են մեծ ուրախությամբ։ Օրվա անփոխարինելի մասը գեղեցիկ և տոնական տորթն է՝ տարիքին համապատասխան թվով մոմերով զարդարված։ Իսկ երբվանի՞ց են մարդիկ ծննդյան օրերին կիրառել այս գեղեցիկ ավանդույթը, և ինչպե՞ս են մոմերը հայտնվել տորթի վրա։

Գերմանացի փիլիսոփա Շտեֆան Հեյդենրիխը անցկացրել է հետազոտություն այս թեմայով, որոնք ամփոփել է «Ծննդյան տարեդարձ․ Ինչպես եղավ, որ մենք պատվում ենք ինքներս մեզ» գրքում։ Ըստ հեղինակի՝ ծննդյան տարեդարձը նշելու ավանդույթը գոյություն ուներ դեռ Հին Հռոմում։ Իհարկե, սովորական մահկանացուները չէին արժևորվում այնքան, որ տոնակատարություն կազմակերպվեր նրանց ծննդյան պատվին։ Ի սկզբանե, թե՛ հին հույները, թե՛ հին հռոմեացիները մեծ հանդիսավորությամբ նշում էին ոչ թե իրենց, այլ իրենց աստվածների ծնունդները։ Աստիճանաբար ծնունդը նշելու առավելությունը փոխանցվեց նաև հեղինակավոր քաղաքացիներին։

Քրիստոնեության տարածման տարիներին ծնունդ նշելու ավանդույթը մարել էր, քանի որ վաղ քրիստոնյաները դիտարկում էին աշխարհը որպես մեղքերի վայր և գտնում էին, որ իսկապես ուրախ առիթ է ոչ թե մարդու ծնունդն այս աշխարհում, այլ այս աշխարհից հեռանալը։ Քրիստոսի ծնունդը միակ տոնն էր՝ կապված ծննդի հետ, որ հաստատել էր քրիստոնական եկեղեցին։

Միայն Ռեֆորմացիայի տարիներին ծնունդը նշելու ավանդույթը կրկին վերածնվեց։ Մինչև 1600 թիվը ոչ բոլորը գիտեին իրենց ծննդյան օրերը։ Քաղաքացիների ծննդյան և մկրտության օրերն արձանագրելը եվրոպական երկրներում սկսվեց միայն 17-րդ դարից։

Ըստ Հեյդենրիխի՝ առաջին բնակավայրերը, որտեղ ծննդյան օրվա կապակցությամբ տոնախմբություն կազմակերպելը բոլոր սոցիալական շերտերի համար ընդունելի դարձավ, գերմանական ցեղի բնակության վայրերն էին։ Հատկապես ակտիվորեն տոնվում էին երեխաների ծնունդները։ Ապա գերմանախոս երկրների բնակիչները այդ ավանդույթը տարածեցին նաև այլ վայրերում։

Փաստորեն, տորթի վրա մոմեր դնելու և փչելու գեղեցիկ ավանդույթը ծագել է Գերմանիայում։ 18-րդ դարում գերմանացիները երեխաների ծննդյան օրը մի տեսանելի վայրում դնում էին տորթ՝ զարդարված մոմերով, ընդ որում, մոմերի քանակը մեկով ավել էր, քան երեխայի տարիքը, և այդ լրացուցիչ մոմը խորհրդանշում էր ապագան։ Մոմերն ամբողջ օրը մնում էին վառ, իսկ երեկոյան հոբելյարը երազանք էր պահում և փչում մոմերը։

Մոմերը խորհրդանշում էին կյանքի լույսը։ Դեռ 18-րդ դարից Գերմանիայում մոմերը փչելիս հոբելյարը երազանք էր պահում, քանի որ կար համոզմունք, որ այդ մոմերի ծուխը երազանքը անմիջապես երկինք է հասցնում։

Հին Հունաստանում լուսնի և որսորդության աստվածուհի Արտեմիդեի պատվին ևս պատրաստում էին տորթեր մոմերով՝ որպես ընծա աստվածուհուն։ Շրջանաձև տորթը խորհրդանշում էր լուսինը, իսկ վառված մոմերը՝ լուսնի փայլը։ Ինչպես գերմանացիների դեպքում, հին հույներն էլ ունեին հավատալիք, որ մոմերի ծուխը մարդկանց աղոթքները հասցնում է աստվածներին։

Նյութի աղբյուրը՝ Iammedia

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 125 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *