Հայաստանն ու Ռուսաստանը եկել են համաձայնության. Հայկական երկաթուղու ճակատագիրը: — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հայաստանն ու Ռուսաստանը եկել են համաձայնության. Հայկական երկաթուղու ճակատագիրը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հետ քննարկումների արդյունքում հարթվել են տարակարծությունները և տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղիների գործունեության առումով: Կողմերը ստորագրել են համաձայնագիր՝ արձանագրելով նաև ներդրումային ծրագրի իրականացման առումով պահանջների բացակայությունը:

Խոսքը հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին է, որ 2008 թվականից հանձնվել է «Ռուսասկան երկաթուղիներ» ռուսական պետական ընկերությանը: Ընկերության գործունեության շուրջ աղմուկն առաջացավ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունը որոշեց ստուգել այդ կառույցի աշխատանքը: Ընդ որում, դա տեղի էր ունենում ընդհանրապես Հայաստանում համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, այլ ոչ լոկ թիրախավորված ռուսական ընկերությունների, ինչպես փորձ էին անում ներկայացնել նոր կառավարության, այսպես ասած, ընդդիմախոսները թե Հայաստանում, թե Ռուսաստանում:

Միաժամանակ խիստ հիշարժան է, որ ՀԿԵ հարցը հատկապես սուր ի հայտ եկավ 2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած առաջին այցի նախօրեին, երբ ՊԵԿ օպերատիվ ծառայությունը գիշերային ստուգայց էր կատարել ՀԿԵ-ում: Նիկոլ Փաշինյանը գործունեության, այսպես ասած, իրավականացման հարցը բարձրացրեց նաև Պուտինի հետ սեպտեմբերյան հանդիպմանը, նույն՝ Հայաստանում համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Հետո փաստորեն ծագեց երկամյա մի շրջան, երբ հարցը պարբերաբար լողում էր տեղեկատվաքարոզչական հարթություն: Այժմ հայտարարվում է, որ Երևանն ու Մոսկվան փաստորեն եկել են փոխըմբռնման, և այլևս չկան փոխադարձ պահանջներ: Այլ կերպ ասած՝ դա նշանակում է, որ չկա այդ հողի վրա քաղաքական խնդիր:

Բայց առաջանում է արդեն այլ՝ հասարակական պահանջի հարցը, հայկական երկաթուղային տրանսպորտի զարգացման իմաստով: Երևանի և Մոսկվայի փոխհամաձայնությունը բերելո՞ւ է երկաթուղու զարգացման, երբ, օրինակ, Երևանից Գյումրի արդիական գնացքով մեկնելը կլինի ոչ թե շքեղություն կամ, այսպես ասած, հաջողություն, այլ խիստ սովորական առօրյա: Որովհետև ՀԿԵ տասներկուամյա գործունեության ընթացքում Հայաստանը փաստորեն ստացել է ընդամենը չորս նոր շարժակազմ, որոնցից երկուսն էլ, այսպես ասած, նվեր էր Կարեն Կարապետյանի վարչապետությանը մինչ հեղափոխությունը:

Ի վերջո, գլխավոր խնդիրն այն չէ, որ վերացվի քաղաքական տարաձայնությունը: Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը ստանա արդյունք, տվյալ դեպքում՝ երկաթուղային տրանսպորտի արդիականացման տեսքով: Դարձյալ, որպեսզի, օրինակ, Թբիլիսիից Բաթում բազմակի երկար ճանապարհը վրացական երկաթուղով չլինի բազմակի ավելի կարճ, հարմարավետ ու արագ, քան Երևանից Սևան կամ Շորժա ճանապարհը: Իսկ Վրաստանում ռուսական կամ այլ կառավարիչ չկա, Վրաստանում երկաթուղին պետական է: Հետևաբար ՀԿԵ հարցում հայ-ռուսական փոխըմբռնումը կարող է չափվել միայն երկաթուղում շարքային սպառողի համար կատարվող փոփոխության աստիճանով՝ սկսած տոմսի ձեռք բերումից, մինչև այլ ծառայությունների մատուցման որակի շոշափելի փոփոխություն:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 53 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *