Արցախի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմը փլուզում է մեր մի շարք պատկերացումներ, ստիպելով նայել իրողություններին նոր աչքերով, կամ տեսնել նոր իրողություններ, որոնք չէին նկատվում մինչ պատերազմը՝ տարբեր պատճառներով:
Մենք չկարողացանք գտնել արժանի տեղ հաղթող ժողովուրդների շարքում, որտեղ հայտնվեցինք արցախյան շարժման և առաջին հաղթանակի շնորհիվ: Մենք չկարողացանք արժանիորեն գնահատել այդ հաղթանակն ու անգամ հասկանալ այն: Կենացից և պաթոսից անդին գրեթե չանցանք, մենք մնացինք մեր ողբերգական պատմության նախադեպերի և բացառիկ հաղթանակի պաթոսի գերին: Այդ «գերության» մեջ մենք կառուցեցինք մեր հետագա պատմությունը՝ ի վերջո դրա իհարկե որոշակի ձեռքբերումների, միաժամանակ նաև անասելի ողբերգությունների վայրիվեր ընթացքով հանգելով պետականության ամբողջական կորստի ողբերգական սպառնալիքին և կանգնեցնելով այդ սպառնալիքը մի կերպ:
Ընդ որում, մենք գտնվում ենք իրավիճակում, երբ մեքենան կանգնել է անդունդի ծայրին, հաջողվել է ինչ-որ կերպ արգելակել, սակայն դիմացի անիվները կախված են օդում և գրեթե գերճշգրիտ շարժումներից է կախված, թե որ կողմ կլինի ճակատագրական ընթացքը՝ դեպի անդո՞ւնդ, թե՞ անդունդի պռնկից դեպի հետ: Մենք այժմ սխալվելու իրավունք չունենք առավել քան երբևէ: Հայտնվեցինք պարտվածների շարքում, որտեղ առաջին անգամ չէ, որ եղել ենք: Եվ, իհարկե, միաժամանակ առաջին անգամ չէ, որ դուրս ենք եկել այդ շարքից:
Ամբողջ հարցն այն է, թե ինչպես ենք դուրս գալու: Այդ գործընթացում առանցքայինը անշուշտ մեր ուժն է, հոգեբանական և մտավոր ուժը, կամքը և վճռականությունը, ապագա կառուցելու մեր մտքի շրջանակը, ծավալը, այդ ապագայի մեր պատկերացումները: Միաժամանակ շատ կարևոր է, որպեսզի մենք դաս քաղենք թե՛ մեր հաղթանակներից, թե՛ մեր այս պարտությունից, ու նաև դաս քաղենք պարտվածների շարք վերադառնալու հանգամանքից: Ակնառու է, որ մենք այդ դառը վերադարձը ապրում ենք, որովհետև դաս չենք քաղել հենց այն հաղթանակից, որ ունեցել ենք: Մենք անընդհատ խոսում ենք պարտություններից դաս քաղելու մասին, բայց մենք չենք քաղել ամենակարևոր՝ մեր արցախյան առաջին հաղթանակի դասը: