Արցախը պայքարում է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև միջազգային ահաբեկչության դեմ. ԱՀ ԱԳ նախարարը՝ Ինյարիտուին — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Արցախը պայքարում է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև միջազգային ահաբեկչության դեմ. ԱՀ ԱԳ նախարարը՝ Ինյարիտուին

Ноя 7, 2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ։
ԱԳՆ ղեկավարը ողջունել է իսպանացի պատգամավորին և երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախին ցուցաբերված քաղաքական աջակցության համար։
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել բասկերի երկրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնց համար ամուր հիմք են հանդիսացել 2014 թ. երկրամասի խորհրդարանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև ապակենտրոնացված գործակցության հաստատումը։


Ջոն Ինյարիտուն իր հերթին նշել է, որ Արցախ այցելության նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Արցախին ու նրա ժողովրդին և անձամբ ծանոթանալ ներկայում հանրապետությունում տիրող իրավիճակին ու նրա դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքներին։

Պատգամավորի խնդրանքով՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախը, փաստորեն, պայքարում է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև միջազգային ահաբեկչության դեմ։

Մասիս Մայիլյանը նշել է, որ այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Արցախի դեմ պատերազմական գործողությունները՝ որպես ամենաարդյունավետ միջոց շեշտելով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։


Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Արցախը նաև կարիք ունի մասնագիտացված միջազգային մարդասիրական կառույցների ներգրավվածության՝ հաղթահարելու պատերազմի արդյունքում հանրապետությունում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը։

Ջոն Ինյարիտուն վստահեցրել է, որ կշարունակի իր հետևողական գործունեությունը Իսպանիայի օրենսդիր մարմնում և Եվրոպական խորհրդարանում՝ իրազեկելու Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին։ Նա նաև նշել է, որ ջանքեր կգործադրի իր երկրի կողմից Արցախի ժողովրդին աջակցություն ապահովելու հարցում։
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 149 - Today Page Visits: 1