«Գործ կա» կամ «Գործ օնինք ծեզետի»․ ինչ աշխատանքներ են առաջարկվում Արցախից Հայաստան եկածներին — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 23rd, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Գործ կա» կամ «Գործ օնինք ծեզետի»․ ինչ աշխատանքներ են առաջարկվում Արցախից Հայաստան եկածներին

Ноя 2, 2020

«Գործ կա» կամ «Գործ օնինք ծեզետի»

Հոկտեմբերի 11-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Աշխատանք Արցախից եկածների համար» խումբ, որի նպատակն է ժամանակավոր աշխատանքով ապահովել Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում ու գյուղերում ապաստանած արցախցի մեր հայրենակիցներին:


Խմբում աշխատանքի են հրավիրվում տարբեր մասնագիտությունների ու կարողությունների տեր անձինք, տեղադրվում աշխատանք առաջարկող տարբեր կազմակերպությունների եւ կայքերի հայտարարություններ։ Արցախից եկածներն էլ հայտարարություններ են տեղադրում իրենց համար ցանկալի աշխատանքի կամ այն մասնագիտության մասին, որին տիրապետում են։

Հայտարարությունների տակ, բացի դրական՝ «+» — ով արձագանքնելուց, մեր հայրենակիցները երբեմն իրենց բարբառով գրում են՝ ես էլ եմ օզում, կամ կօզիմ պատասխանները։


Իսկ ինչ աշխատանքների հայտարարություններ են դրվում խմբում․ Աշխատանք Արցախից եկած աղջիկ ծրագրավորողների համար, ՏՏ ոլորտի մասնագետներ, դեղագետ, բուժքույր, աշխատանք ռեստորանում, մատուցողի, խոհարարի, հացթուխի աշխատանք, աշխատանք կարի արվեստանոցներում, սպասարկման տարբեր ոլորտներում եւ այլն։

1500-ից ավելի անդամ ունեցող փակ խմբում թերեւս ամենաառաջատարը ժենգյալով հաց թխելու առաջարկն է Արցախից եկած կանանց։ Այս խմբում անգամ հայտարարություններ կան, որոնցից տեղեկանում ենք, որ տվյալ արագ սննդի կետը կամ ռեստորանն իր ճաշացանկում հատուկ ներառել է ժենգյալով հաց, ու ցանկություն հայտնել պատրաստման գործում անպայման ներգրավել Արցախից ժամանածներին։ Տեղադրվել են նաեւ աշխատանքի առաջարկներ սննդի պահածոյացման արտադրամասերում, սունկ հավաքելու, ազնվամորու տնկիներ տնկելու մասին, ի դեպ վերջինի արձագանքներն ու հետաքրքրվողները բավականին շատ էին։



Հատկանշական է մի բան, որ աշխատանքների առաջարկները չեն սահմանափակվում միայն Երեւանով, այլ ներառված են ՀՀ տարբեր մարզերի առաջարկները։ Ապակենտրոնացված է նաեւ Արցախից ժամանած մեր հայրենակիցների բնակության վայրերը, քանի որ գրում են ՀՀ տարբեր մարզերից, քաղաքներից ու գյուղերից։

Իսկ ովքեր են աշխատանք փնտրում այս խմբում․ իրավագետները, մանկավարժները, լեզվաբանները, կոսմետոլոգներն ու, մանկական ռեանիմացիայի բժիշկ։



Որ տարիքի անձինք են ակտիվությամբ աչքի ընկնում․ աշխատանք փնտրողների թվում շատ են Արցախի բուհերում վերջին կուրսում սովորող ուսանողները։ Հայտարարություններին արձագանքում են նաեւ 17-ից 18 տարեկանները։

Խմբում տեղադրվում են նաեւ հայտարարություններ օնլայն աշխատանքի համար։ Անգամ կան քաղաքից դուրս գտնվող հյուրանոցների հայտարարություններ, որոնք առաջարկում են աշխատանք ու նաեւ կեցության վայր։ Թերթելով հայտարարությունները կանգ առանք «Հացաբուլկեղենի խանութում պահանջվում է բարետես արտաքինով մինչեւ 40 տարեկան վաճառողուհի» հայտարարության մոտ։ Այստեղ օգտատերերից մեկը նախ զարմացել էր, թե ինչու է մինչեւ 40 տարեկանը շեշտված, ապա կես հարց կես պատասխան նշել․ «Հետաքրքիր էր զուտ, այդ սարսափելի էյջիզմզը որտեղից»։



«Արցախից Հայաստան եկած կանայք, ովքեր տանն են ու հելունով գործել գիտեն, թող արձագանքեն» հայտարարության մեկնաբանություններում էլ Արցախից եկած մի կին անկեղծանալով հարցրել է, «Կներեք, իսկ հելունը ինչ է», բառի բարբառային տարբերակն իմացող մեկ այլ օգտատեր էլ լուսավորել, գրելով արցախյան տարբերակը՝ «ղասնըղը»։ Քիչ ավելի ուշ այդ հայտարարության մեկնաբանություններում արդեն տեղադրված է նոր ձեւավորված «Արցախահայերի ձեռագործ աշխատանքները» անունով փակ խումբ, որին են միացել գործել իմացողները։



«Աշխատանք Արցախից եկածների համար» խումբն ունի նաեւ իր կանոնները, այստեղ տեղադրվող հայտարարություններում պետք է ներառվեն հետեւյալ կետերը՝
— համառոտ նկարագրություն աշխատանքի վերաբերյալ
— աշխատավայրի հասցե (քաղաք, վարչական շրջան)
— աշխատաժամեր
— վարձատրության մոտավոր չափ կամ սահմաններ
— կոնտակտային հեռախոսահամար, էլ.-փոստ կամ կոնտակտային անձի ֆեյսբուքյան էջի հղում։

Գրառումներն ավելի տեսանելի դարձնելու համար խմբի ադմինն առաջարկում է դրանց կցել թեմատիկ նկարներ:

Աննկատ չմնաց նաեւ այն, որ Արցախից տեղափոխված մեր հայրենակիցների համար բացի հայտարարություններ տեղադրելն ու մանրամասների մասին իրազեկելը, խմբում հուշում են, թե տվյալ աշխատանքի համար զանգահարելուց հետո ինչպես ներկայանան, որպեսզի ավելի արագ կոնտակ ստացվի։

Այս հարթակում տեղադրված են նաեւ տարբեր ընկերություններից ու ուսուցման կենտրոններից անվճար դասընթացների մասին հայտարարություններ։ Օրինակ «Սոցիալական ձեռներեցների» դպրոցը «Արցախի շենացումը սկսվում է Քո համայնքից» թեմայով Ձեռնարկատիրական (բիզնես) 2 ամսյա անվճար դասընթացների շարք է սկսել։ Դասընթացները նախատեսված են Արցախից եւ ՀՀ այլ տարածքներից պատերազմական գործողությունների հետևանքով Երևանում եւ հարակից բնակավայրերում ժամանակավորապես բնակություն հաստատած Արցախի քաղաքացիների համար (որոնք հետագայում իրենց մեծ ներդրումը կունենան Արցախի Հանրապետության կայուն զարգացման գործում): Անվճար դասընթացներ է առաջարկել նաեւ ԷկոՍտեպ ընկերությունը․ Երեւանում գտնվող արցախցի մեր երիտասարդների համար առաջարկում է սովորել ավելին ու վերադառնալով հայրենիք՝ ունենալ աշխատանքի հնարավորություն արեւային Էներգետիկայի ոլորտում։


ՀԳ․ Ավելի ուշ ՀԺ-ն զրուցեց խմբի միջոցով աշխատանք գտած կանացից մեկի՝ Սաթենիկ Գրիգորյանի հետ։ Սաթենիկին առաջարկել են սոցհարցումներ անցկացնել անծանոթ մարդկանց շրջանում։ Սիրով համաձայնել է։ Արցախի Մարտունու շրջանից եկած մեր հայրենակիցը աշխատելու է Լոռու մարզում։ Նշեց, որ Հայաստան է եկել մոր ու դստեր հետ։ Մեր հարցին, թե այս պահին սահմանին իր ընտանիքի անդամներից մարդ կա, Սաթենիկը պատասխանեց․ «Այո, ամուսինս, եղբայրներս ու ողջ հայությունը»։



Սաթենիկը մի քանի անգամ շեշտեց, որ այստեղ չափազանց ջերմ ու հոգատար են վերաբերվում իր ընտանիքին, սակայն չկարողանալով թաքցնել հայրենի տուն վերադառնալու իր մեծ ցանկությունը, Արցախի յուրահատուկ բարբառով ասաց․ «Օզյում լոխ լյավ ինի, խաղաղություն ինի իմ Արցախում, վեր ետ քինամ իմ տոնս ու թորքին աշկը հանելավ ապրիմ իմ Արցախումս»։


Նյութի աղբյուրը՝ Armtimes

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 79 - Today Page Visits: 1