Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին — ARUSHANYAN TV
  • Вт. Дек 1st, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Շուշիում վիրավորված լրագրող Լեւոն Արզանով․ Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ փոքրիկ երեխան օգնում էր վիրավորներին

Окт 31, 2020



Ռուսաստանցի ռազմական լրագրող, «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լեւոն Արզանովը, ով վիրավորվել է Շուշիի տաճարի կրկնակի հրթիռային գնդակոծության ժամանակ, «Հանրային լրատվական ծառայության» հետ կիսվել է այս սարսափելի իրադարձությունների իր հիշողություններով:

«Առաջին գնդակոծության պահին այնտեղ հավատացյալներ կային: Բայց հետո մեր նախնիները դարերի համար են կառուցել այն: Կարծում եմ, որ մեր «քաջարի ադրբեջանցի ընկերները» հույս ունեին մեկ հրթիռային հարվածով ոչնչացնել տաճարը: Բայց, բարեբախտաբար, նրանք միայն վնասեցին աղյուսե պահոցը, այնտեղ անցք բացեցին: Եվ մարդիկ միայն վիրավորվել են, ոչ ոք չի զոհվել:

Երբ տեղ հասանք, քահանան, չեմ հիշում նրա անունը, կարգի էր բերում եւ մաքրում ապակիները: Մենք նրանից հարցազրույց վերցրեցինք տաճարի մոտ: Ի դեպ, կարծում եմ, որ այս պահը հիանալի տեսավ այն ԱԹՍ-ի օպերատոր-հաղորդիչը, որը կրակեց մեզ վրա: Չէ որ հարված հասցնելուց առաջ դիտարկում են շրջակայքը եւ նայում են:

Ավելին, ես համոզված եմ, որ հարված հասցնելու հրամանը սովորական օպերատորը չի տալիս։ նա հարցնում է հրամանատարին՝ արժե՞ զինամթերք ծախսել որոշակի թիրախի վրա, թե ոչ: Նման կառույցներում սա սովորական պրակտիկա է: Անշուշտ նա հարցրել է, ասել է, որ լրագրողներ են եկել, եւ սկսեցին աշխատել: «Արժե՞ նրանց վրա կրակել»: Եվ ստացավ պատասխան: Դա նշանակում է, որ մենք երեքով տանկ արժենք, քանի որ հարվածեցին եւ չափսոսացին մեզ վրա հրթիռ ծախսել: Հարվածը հասցվեց հենց նույն տեղում»,- պատմել է նա:

«Անհրաժեշտ է այս պատերազմի ստուգաբանությունը Ադրբեջանի կողմից հասկանալ: Ինչու, օրինակ, ամբողջ քաղաքից Շուշայում նրանք գրոհեցին միայն երեք թիրախ՝ հիվանդանոցը, տեղի մշակութային կենտրոնը եւ եկեղեցին: Ստեփանակերտում նրանք պարզապես հրապարակներին են հարվածում, կոպիտ ասած: Շուշին նրանք ոչնչացնում էին բարձր ճշգրտության արկերով: Ահա եւ ամբողջ ձեռագիրը է: Բնակչությանը բարոյահոգեբանական հարված հասցնելու հիմնական տեղերը: Հետապնդվում է հենց այդ նպատակը: Այսինքն, կոպիտ ասած, մշակույթ, առողջություն եւ հավատ: հենց նրանց էլ հասցվում են այդ հարվածները: Թեեւ ես կասեմ, որ նույն Շուշիում, տաճարից բացի, կա նաեւ երկու մզկիթ, որոնք մի ժամանակ վերականգնվել են հայերի կողմից: Եվ դրանք ոչ ոք չի ոչնչացրել»:

«Կար միայն մեկ մարդ, ով ռուսերեն չէր խոսում: Եվ սա շատ հուզիչ դրվագ է, որը ես կցանկանայի պատմել: Ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որը ռմբակոծել էին: Ես սարսափեցի՝ որտե՞ղ մեզ օգնություն կցուցաբերեն այստեղ: Պատկերացնում եք՝ հիվանդանոցում չկար ոչ մի ապակի, հիվանդասենյակներում մահճակալները շրջված էին, դրոնց վրա պատուհանի կոտրված շրջանակներն էին եւ ինչ-որ արյունոտ համազգեստ: Եվ ոչ ոք չկա: Տղամարդը, ով ինձ տարել էր, միջանցքներով բղավում էր․ «բժիշկ, բժիշկ»: Եվ ահա նկուղներից ինչ-որ տեղից մեզ պատասխանեցին։ Մենք իջանք այնտեղ:

Դա դասական չսարքավորված նկուղ էր: Երբեք չի ենթադրվել, որ ինչ-որ մեկին այնտեղ օգնություն կցուցաբերեն: Այնտեղ պարզապես ներքնակներ էին: Մեզ պառկեցրին այս ներքնակներն ու առաջին անգամ այնտեղ վիրակապեցին: Եվ քանի որ մենք բոլորս ծածկված էինք շինարարական փոշու մրով, սկսեցին լվանալ մեր ձեռքերը: Դրանցից մեկի վրա մատս այնպես էր ջարդվել: Եվ այս պրոցեդուրան անում էր մոտ ութ տարեկան մի փոքրիկ աղջիկ: Նա ձեռքերս լվանում էր ջրով եւ ինչ-որ բան խոսում հայերեն: Ընդ որում, այնպես էր խոսում՝ ոչ թե լացակումած, այլ հաստատակամ եւ վստահ ինչ-որ բաներ է ասում: Հավանաբար, «դիմացիր»-ի նման մի բան էր ասում: Դա ինձ շատ ցնցեց… Չէ որ ես զինվորական եմ: Մենք սովորաբար լաց չենք լինում եւ չենք տնքում: Ամեն ինչի սովորել ենք: Եվ այդ պահին ես, ընդհակառակը, հազիվ լացս զսպեցի, որ փոքր երեխան նստած է այս նկուղում եւ օգնում վիրավորներին: Ես ինքս երկու դուստր ունեմ…»:

Պատասխանելով այն հարցին, որ եթե ե՛ւ հրաձիգը, ե՛ւ հրամանատարը հասկանում էին, որ իրենք ռուս լրագրողներ են, ապա ուր անհետացավ էթիկան, Արզանովը նշեց. «Այս հարցի պատասխանը մակերեսին է: Ադրբեջանում ինտերնետն ու սոցիալական ցանցերը լիովին անջատված են: Այնտեղ տեղեկատվական վակուում է: Ես կարող եմ ձեզ ասել, որ Wargonzo նախագծից Սեմյոն Պեգովը եւ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ից Ալեքսանդր Կոցը երկու մարդ են, ովքեր այնպիսի հարված են հասցրել Ադրբեջանին, որը համեմատելի է մոտոհրաձգային գումարտակի հետ: Այսինքն, եթե գումարային վերցնենք: Նրանք գաղափարական տեղեկատվական ճակատ են: Եվ նրանք երկուսով այդ ժապավենը քաշում են Ռուսաստան: Ես այդպես եմ կարծում: Մենք նրանց օգնելու էինք գնում: Բայց չկարողացանք հասնել:

Հիմա այլ ժամանակ է՝ կրակում են եւ բժիշկների, եւ հիվանդանոցների ուղղությամբ: Ամեն ինչ արվում է բարոյալքելու համար: Իհարկե, լրագրողները նույնպես թիրախ դարձան: Հիշեք, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Պեգովի նկատմամբ: Բայց սա ծիծաղելի է: Մարդը զբաղված է իր գործով, այս կողմում: Ձեր կողմում նույնպես կան ռուս լրագրողներ: Այլ բան է, որ դուք նրանց ոչ մի տեղ չեք տանում, որպեսզի հսկայական կորուստները ցույց չտաք:


Կրկին, ինչու՞ հայերը չեն թաքցնում իրենց կորուստները: Քանի որ փոքր ժողովուրդ է: Ղարաբաղը ընդամենը 120 հազար բնակչություն ունի: Թաքցնելն անօգուտ է: Այսօր մարդը զոհվում է, վաղը նրա զինակիցները տեղեկացնում են ծնողներին: Հիմա խրամատներում կան եւ հարազատ եղբայրներ, պապեր, որոնք իրենք են այնտեղ գնացել: Նրանց փորձում են հեռացնել ռազմաճակատից, բայց նրանք ունեն առաջին պատերազմում կռված մարտիկների ոգին: Նրանք արդեն 60-ից բարձր են, մոտ 70, բայց մղվում են պայքարի: Ադրբեջանցիները, հայկական կողմի հաշվարկներով, արդեն կորցրել են շուրջ չորս հազար: Ադրբեջանական կողմը չի տանում իր զոհերին: Նրանք նույնն էին անում նաեւ առաջին պատերազմում՝ 1994 թվականին: Երբ դագաղները սկսում են տեղ հասնել, հասարակությունը սկսում է անհանգստանալ: «Ինչու չկա հաղթանակ, ինչու են երեխաները մահանում»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստացել էր մի քանի օրում ամբողջությամբ գրավել Ղարաբաղը: Բայց տեսնում եք, որ նրանք իրականում դոփում են ամրացված տարածքների շուրջ եւ, ըստ էության, չեն ազատագրել ոչ մի տարածք այն յոթից, որոնք հայերը պահում են որպես բուֆերային գոտի: Ոչ մի։ Էլ չենք խոսում Ղարաբաղում առաջընթացի մասին: Չնայած, իհարկե, Հայաստանում այդքան մարդ չկա: Եվ, ի վերջո, կարելի է ոչնչացնել բոլորին: Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ թուրքական բանակն է միացել։

Եթե նույնիսկ նախկինում եղել են կասկածներ, ապա այժմ ոչ ոք չի կասկածում: Բառացիորեն երեկ չէ առաջին օրը Սիրիայից եւս 1000 գրոհային են տեղափոխել: Քաբուլից ինքնաթիռները ժամանում են չգիտես ինչով: Ի՞նչ կարելի է այնտեղից բերել, բացառությամբ մոջահեդների»:

«Ուրիշ ինչ եմ ուզում ավելացնել, այս պատերազմի բացարձակապես զարմանալի առանձնահատկություն՝ չկա կենցաղային դիակապտություն: Ես եղել եմ շատ պատերազմներում: Եվ հաճախ եմ տեսել, թե ինչպես են մաքրում, վերցնում սնունդը այն խանութներից, որոնց վրա արկեր են ընկնում։ Մեքենայի ապակիները կոտրվել են՝ մարդիկ մոտենում են, բացում են դռները, առաջին օգնության պարագաներ փնտրում: Սա համարվում է պատերազմի նորմ: Բայց Ղարաբաղում մարդիկ այլ մոտեցում ունեն: Մենք Lexus-ով էինք, եւ երբ մոտեցանք եկեղեցուն, թողեցինք այն՝ առանց նույնիսկ պատուհանը փակելու: Կարծում էինք, որ հինգ րոպեով ենք մտնում: Եվ այդ մեքենան այնտեղ կանգնեց երեք օր՝ բաց պատուհաններով, դրանից ոչինչ չէր կորել, եւ ամեն ինչ վերադարձվեց մեզ: Բոլոր խանութները կոտրված ցուցափեղկերով են, բայց ոչ ոքի մտքով էլ չի անցել մոտենալ ու ինչ-որ բան վերցնել: Այս առումով ղարաբաղցիները ցնցեցին ու զարմացրեցին»։


Աղբյուրը՝ entertrain.1in.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 244 - Today Page Visits: 1