Բաքուն անտեսում է Մինսկի խմբին. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Բաքուն անտեսում է Մինսկի խմբին. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

Окт 18, 2020

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի կոպտագույն խախտումը։

 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ հայտարարություն է տարածել:


Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ մարդասիրական հրադադարի հենց առաջին օրը, ադրբեջանա-թուրքական ուժերը առաջնագծի տարբեր հատվածներում երեք անգամ խախտել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի երկու կողմերում էլ: Ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում՝ հյուսիսային ուղղությամբ, իսկ ժամը 02:20-ից 02:45-ն  ընկած ժամանակահատվածում հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը հրթիռահրետանային գնդակոծության է ենթարկել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերը: Առավոտյան ժամը 07:20-ին՝ հրետակոծությունից հետո, ադրբեջանա-թուրքական ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել առաջնագծի հարավային հատվածում՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ, Արցախի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի երկայնքով:


Արցախի ԱԳՆ–ն շեշտում է` ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ մարդասիրական նպատակներով  կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հերթական անգամ Ադրբեջանը և Թուրքիան ցուցադրել են, որ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունները և ընդհանուր առմամբ բանակցությունները շարունակում են դիտարկել բացառապես հակամարտության ռազմական լուծման համատեքստում:


«Միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է կարող կասեցնել միջազգային միջնորդների ջանքերն ու հեղինակությունը խաթարող ադրբեջանա-թուրքական ուխտադրուժ վարքագիծը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին և անհրաժեշտ խթան կհաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդյունավետ շարունակմանը: Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում»,- ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

 

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

 

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 290 - Today Page Visits: 1