Ինչու հենց 6 ամսով եւ որ ապրանքներին է վերաբերում Թուրքիայից ներմուծման սահմանափակումը. փոխվարչապետի պարզաբանումը — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ինչու հենց 6 ամսով եւ որ ապրանքներին է վերաբերում Թուրքիայից ներմուծման սահմանափակումը. փոխվարչապետի պարզաբանումը

Окт 16, 2020

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել նախագիծ, որով ժամանակավորապես առաջարկվում է արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ որոշվել է դեկտեմբերի 31-ից, որպեսզի մեր հայրենակից տնտեսվարողները 2 ամիս ժամանակ ունենան փոփոխություններին հարմարվելու համար։


Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի մի քանի հարցերին է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ է որոշվել ժամանակավորապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը եւ ոչ մշտական:

— Դա ընթացակարգային հարց է: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով։ Նշված հավելվածի «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, իսկ հավելվածի 54-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Ու չնայած ֆորմալ մենք կարող ենք առավելագույնը 6 ամսով կիրառել սույն սահմանափակումը, բայց ոչինչ չի խանգարում, որ 6 ամսից հետո արգելքը կրկին երկարաձգվի եւս 6 ամսով։ Այս մասով կրկին սահմանափակումներ կիրառելու քանակական շեմեր չկան:


— Նշված էր՝ որոշ ապրանքների, խոսքը կոնկրետ ո՞ր ապրանքներին է վերաբերում կամ որին չի վերաբերում:

— Ըստ էության՝ խոսքը վերջնական սպառման բոլոր տեսակի ապրանքների մասին է, եւ սահմանափակումը կվերաբերի ներմուծվող բոլոր տեսակի վերջնական սպառման պատրաստի արտադրանքին:

— Թուրքական ապրանքին գնային ու որակական առումով համապատասխան այլընտրանքներ ունե՞նք:

— Կարծում եմ՝ այո: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նույն որակի եւ տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, նաեւ, ինչը շատ կարևոր է, կարող են արտադրվել Հայաստանում:

— Դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքը արգելելու տարբերակ քննարկվո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ դրանով եւս նպաստում ենք այդ երկրի տնտեսության զարգացմանը:

— Հարցի հետ կապված քննարկումների օրակարգն այս նախագծով չի սպառվում: Քննարկումները շարունակվում են, եւ այս պահին ես որեւէ բան չէի բացառի:


Ձեր հաշվարկով՝ այս որոշման ընդունումը ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա:

— Իհարկե, որոշումը որոշակի բացասական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, սակայն պետք է նշեմ, որ տվյալ դեպքում ռիսկերի գինը շատ ավելի բարձր է, քան հնարավոր բացասական ազդեցության կշիռը: Ընդ որում, վստահ եմ, որ բացասական ազդեցությունը կլինի ժամանակավոր, եւ շուկան արագ կադապտացվի նոր իրավիճակին: Չի բացառվում նաեւ, որ ավելի շահավետ լուծումներ առաջանան:

Աղբյուրը ` Armtime.com


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 200 - Today Page Visits: 1