Գործը գտնվում է քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության տակ — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Գործը գտնվում է քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահգելդյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով Արթուր Ղազինյանի բողոքի քննությունը։

Լրագրողների հետ զրույցում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր  Արթուր Ղազինյանն ասաց, որ հետաձգման պատճառն այն է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից  գործի նյութերն ուշ էին ուղարկել։

«Քննիչը չէր ներկայացել, որը գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք դատավարությանը և գնահատում եմ որպես դատավարական տեխնիկական հնարք՝ չտալու հնարավարություն, որպեսզի բողոքը քննվի, շատ լավ հասկանալով, որ հաղորդումը հանցագործության մասին, որն իմ կողմից ներկայացված է եղել, եղել է բացարձակ հիմնավոր։ Ներկայացված են եղել անհերքելի և հանրահայտ փաստական տվյալներ, որոնց նույնիսկ 20 տոկոսի առկայության պարագայում ցանկացած իրավական պետության մեջ դատախազական և քննչական մարմիններն ուղղակի պարտավոր էին հարուցել քրեական գործ։ Գործը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո, գտնվում է քաղաքական հրահանգավորման տակ և գտնվում է քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության տակ»,- ասաց Ա. Ղազինյանը։

Նրա խոսքով, փաստերը մոտ 30-ն են. «Փաստական տվյալներն մեծ հաշվով առայժմ գաղտնիքներ չեն պարունակում։ Դա եղել է հասանելի մեր հանրությանը, ամեն ինչ տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ միտումնավոր, նախօրոք պլանավորված, կազմակերպված ձևով խեղաթյուրվել է, աղավաղվել է և մեզանից թաքցվել է մեր երեխաների, ծնողների, մեր ընտանիքների անդամների կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվություն, ինչի հետևանքով այսօր ունենք 1150 մահացած և մոտ 40 հազարից ավելի վարակակիր»։

Հարցին՝ երաշխիք կա՞, որ նույն դատարանին քաղաքական հրահանգներ չեն լինի, քաղաքական գործիչը պատասխանեց. «Ես չունեմ նմանատիպ կանխավարկած, որովհետև դատարանները բազմիցս ապացուցել են, որ իրենք առայժմ, գոնե մինչ այս պահը հեռու են մնացել քաղաքական թելադրանքից և կարողացել են գործել իշխանության քաղաքական կամքին հակառակ։ Այդպիսի դեպքերը բազմաթիվ են։

Իհարկե, ցավոք, կան նաև այնպիսի դեպքեր, դատական ակտեր, որոնք բխում էին իշխանության շահերից,  իրավական առում ունեին  խիստ վիճելի հիմք»։

Արթուր Ղազինյանը նաև հարցադրում արեց. «Հայաստանում կա՞ ինչ որ  մեկը, որն այլ կարծիք ունի, քան որ կորոնավիրուսի դեմ  կառավարության տարած պայքարը տապալված ու ձախողված է։ Դատենք արդյունքներով, մահցածաների թվով, վարակակիրների քանակով, տնտեսության ծանր  վիճակով, բոլոր հետևանքներով։ Կարծում եմ՝ ինձ հետ համաձայն կլինեն ՀՀ քաղաքցաիների գերակշտող մեծամասնությունը, որ  կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանի կառավարությունն ամբողջապես տապալել է»։

Նրա խոսքով, ինչ  վերաբերում է աշխարհի տարբեր երկրների հետ իշխանության և նրա կողմնակիցների սիրած համեմատություններին, ապա իրենք միշտ  բերում են այնպիսի օրինակներ, որոնք բխում են իրենց շահերից, մինչդեռ կան օրինակներ, որոնք  չեն բխում իրենց շահերից, հետևաբար նրանք խուսափում են բերել այդ օրինակներ և ցույց տալ, որ ինչպես  էր պետք գրագետ,  ժամանակին, ճշգրիտ ձևով կազմակերպել այս վիճակը հաղթահարելու պրոցեսը։

«Մենք ունեինք ավելի շահեկան վիճակ, քան աշխարհի մնացած պետությունները։ Մենք աշխարհագրական դիրքով, փակ 2 սահմանով, տուրիստական բավական նվազ հոսքերով, մարդկանց շարժի առավել սահմանափակ  վիճակով ընդամենը տեխնիկապես պետք է գրագետ ու ճիշտ ժամանակին ձեռնարկեինք անհրաժեշտ միջոցառումները և ամենակարևոր բաղադրիչը, համաճարակի դեմ պայքարն արդյունավետ վարելու համար, հասարակությանը տրամադրել ստույգ, ճշտված հաստատված, լաբորատոր քննություն անցած, տվյալ պահին հասանելի ողջ տեղեկատվությունը»,- ասաց Ա. Ղազինյանը։

Նրա խոսքով, իշխանությունը միտումավոր, չարամտորեն նվազեցնում էին այդ վիրուսի վտանգավորության աստիճանը։

«Բոլորդ եք հիշում, մեր աչքի առաջ, ինչպես էին իրենք միտումնավոր, դիտավորյալ, չարամտորեն նվազեցնում այս վիրուսի վտանգավորությունը, ինչպես էին բոլորիս ներկայությամբ ծաղրում այս վիրուսը, ինչպես էին համեմատում դա սովորական սեզոնային գրիպի հետ։ Մինչդեռ առողջապահության համաշխարային կառույցները մի ձայնով պնդում էին, որ սա սովորական գրիպ չէ։
Երբ մենք պնդում էինք, որ խղճացեք ժողովրդին, մեղք են, դադարեցրեք ձեր անիմաստ քարոզարշավները և զբաղվեք մարդկանց կյանքի և առողջության խնդիրներով, իրենք պնդում էին՝ մի լսեք, հետևեք բացառապես պաշտոնական լրատվությանը։ Իսկ պաշտոնական լրատվությունն ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, վախենալու որևէ բան չկա»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Նյութի աղբյուրը՝ panorama.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 105 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *