1977-ի NYT-ից. Ղարաբաղցիները Բրեժնևին բողոքում էին Ադրբեջանի հայահալած քաղաքականությունից — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

1977-ի NYT-ից. Ղարաբաղցիները Բրեժնևին բողոքում էին Ադրբեջանի հայահալած քաղաքականությունից

Окт 11, 2020

New York Times պարբերականը վերահրապարակել է 1977 թվականի դեկտեմբերի 11-ի համարում հրատարակված «Հայերը Մոսկվայից օգնություն են խնդրում՝ Ադրբեջանին մեղադրելով կողմնակալ վերաբերմունքի համար» վերնագրով հոդվածը։

 

Դրանում պատմական անդրադարձ է կատարվում Արցախին, նշվում է, որ չնայած Ղարաբաղի բնակչության 80%-ը հայեր էին, այն 1923 թվականին փոխանցվեց Ադրբեջանին, որի բնակիչները թյուրք-իսլամական ծագման են։

 

Հոդվածն անդրադառնում է Ղարաբաղի տարածքում հայերի նկատմամբ խտրականությանը։ Ըստ դրա՝ Ղարաբաղի հայերը պնդում են, որ մշակութային ճնշման, տնտեսական և էթնիկական խտրականության զոհ են, և բոլորը համառորեն պահանջում են, որ Ղարաբաղն անցնի հայկական պետության իշխանության տակ։

 

Պարբերականը գրում է, որ Ղարաբաղի շրջանն Ադրբեջանին տալու Մոսկվայի որոշումը հակասում է հայերին ավելի վաղ տրված խոստումներին։ Այդ խոստումներն արտացոլվել են 1920 թվականի դեկտեմբերի 4-ին կոմունիստական կուսակցության թերթում․ Ստալինը հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվել է Ղարաբաղի նկատմամբ իր պահանջներից։

 

Հոդվածում մեջբերվում է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին Սենո Խանզադյանի նամակը, գրողը Բրեժնևին դիմել էր արցախցիների անունից և բողոքել նրանց հանդեպ տեղական «տգետ» և «հետամնաց» ազգայնական իշխանությունների հայահալած քաղաքականությունից։ Խանզադյանը ժխտում է, որ հայաբնակ Ղարաբաղը կարող էր ինքնակամ անցնել Ադրբեջանի կազմ։

 

«Մեր միասնական հզոր պետության սահմաններում գտնվող զուտ հայկական մարզը, ավելի քան 80 տոկոս հայ բնակչությամբ, հայկական դպրոցներով, պետական հայերեն լեզվով պետք է գտնվի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի կազմում»,- գրում է Խանզադյանը։

 

Պարբերականը եզրափակում է, որ Խանզադյանի բողոքը համարձակ քայլ էր, բայց անորոշ հետևանքներով: 1975-ին Ղարաբաղում մեծաթիվ հայեր պատժվեցին, որոշները հեռացվեցին կուսակցության շարքերից, որոշները բանտարկվեցին` բարեկամության լենինյան սկզբունքներին հակասող ազգայնական ագիտացիայի մեղադրանքով։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 109 - Today Page Visits: 1