Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Сен 25, 2020

Ալեքսեյ Նավալնիի  հետ կապված իրավիճակը բարդ խնդրի առաջ է կանգնեցրել գերմանական կառավարությանը: Գերմանիայից սպասում են ստեղծված իրավիճակին հստակ ու կոնկրետ պատասխանի եւ շատերն են կարծում, որ ամենացավոտ հարվածը Ռուսաստանին կարող է լինել միայն  «Հյուսիսային հոսք-2»-ը արգելափակելու միջոցով:

Ամենասկզբից էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գազատարի ծրագիրը փակելը ոչ այնքան խելամիտ միտք էր որակել, իսկ այժմ արդեն Գերմանիայի վիցե-կանցլեր ու ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ գազատարը ոչ թե քաղաքական, այլ կոմերցիոն նախագիծ է:

Գերմանական Der Tagesspiegel պարբերականն անդրադարձել է Նավալնիի պատմությանն ու «Հյուսիսային հոսք-2»-ը արգելափակելու մասին լուրերին:

Թեպետ Նավալնիի առողջական վիճակն արդեն բավական լավ է, նա դուրս է գրվել ու ապաքինվում է, սակայն նրա թունավորումը դաշնային կառավարությանը դժվար կացության մեջ է դրել:

Գերմանիայի կառավարությունն ամենից շատ է ուրախացել ու թեթեւացած շուրջ քաշել՝ տեղեկանալով «Շարիտե»-ից Նավալնիին ստացիոնար բաժանմունքից դուրս գրելու մասին: Ռազմական նպատակներով կիրառվող «Новичок» խմբի թունանյութով թունավորվելուց հետո վերջինս դրամատիկ պայմաններում տեղափոխվել էր Գերմանիա՝ բեռլինյան «Շարիտե» կլինիկա, այնտեղ բուժվել մեկ ամիս՝ 16 օր անցկացնելով կոմայի մեջ: Նավալնին, սակայն, վերջնականապես ապաքինված չէ, նա դեռ չի կարողանում գրել, նորմալ պահել հավասարակշռությունը եւ այլն: Նա ամենօրյա ֆիզիոթերապիա է անցնում, բացի այդ, հնարավոր է բուժում անցնի վերականգնողական կենտրոնում:

Թեեւ Նավալնիի վիճակն աստիճանաբար բարելավվում է եւ նա անում է ամեն ինչ՝ բնականոն կյանքին վերադառնալու համար, սակայն գերմանական կառավարության համար իրավիճակը բոլորովին չի բարելավվում կամ հեշտանում: Կանցլեր Անգելա Մերկելը Նավալնիի դեպքը արտասովոր պարզությամբ որակել է որպես մի փորձություն, որից կախված է իրենց հետագա քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այն բանից հետո, երբ Բունդեսվերի լաբորատորիան հաստատեց «Новичок»  ընտանիքի քիմիական զենքի թունանյութի առկայությունը Նավալնիի արյան մեջ, Մերկելը բացատրություններ պահանջեց Ռուսաստանից եւ սպառնաց հետեւանքներով: Արդեն երեք շաբաթ է անցել, Ռուսաստանից պատասխաններ չեն եղել: Չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտարարեց, որ հիշյալ գործով նորություններ չկան:

Նավալնիի թունավորումից ավելի քան մեկ ամիս անց ռուսական կողմը դեռ հետաքննություն չի սկսել, դրա փոխարեն՝ Կրեմլի հսկողության տակ գտնվող պետական լրատվամիջոցները նորություններ են հաղորդում, որոնք գերմանակն կողմը աբսուրդային է որակում: Օրինակ՝ տեղեկություններ այն մասին, որ Նավալնիին թունավորել են «Շարիտե»-ում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս բախվեց նման կեղծ լուրեր տարածելու փաստին անձամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռախոսազրույցի ընթացքում, փորձել է նրան փոխանցել, որ Նավալնին կարող էր ինքըն ընդունել «Новичок»  ու թունավորվել: Բացի այդ, ըստ Le Monde թերթի, նա իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է այլ տեսություններ այն մասին, թե ինչպես նա կարող էր թունավորվել առանց ռուսական կողմի մասնակցության:

Գերմանիայի կառավարության համար Պուտինի խոսքերը նշանակում են այն, որ իրենք այլեւս չեն կարող հույս դնել Կրեմլի բացատրությունների վրա: Կանցլերը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ սեպտեմբերի սկզբին իր կողմից տեղացած կոշտ սպառնալիքներից հետո մոտակա ժամանակներում պետք է հստակ քայլեր երեւան:

Նավալնիի թունավորումից հետո Գերմանիայիցն պահանջում են վերջնականապես կամ ժամանակավորապես դադարեցնել վիճահարույց «Հյուսիսային հոսք-2» նախագիծը: Մերկելը, ինչպես արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, սկզբունքորեն չի բացառում նման արձագանքը: Բայց առաջին հերթին նրանք, ովքեր դեմ էին գազատարին ի սկզբանե, օրինակ ՝ Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռյոտգենը (CDU), ինչպես նաեւ Կանաչները, ամենից շատ են խոսում «Հյուսիսային հոսք 2»–ի դեմ, այսպիսով օգտագործելով առիթը:

Առայժմ, Բեռլինում, ծայրաստիճան քիչ հավանական է համարվում, որ դաշնային կառավարությունն իրականում արգելափակի «Հյուսիսային հոսք-2» նախագիծը: Այս հարցով առաջինը խոսել է փոխկանցլեր եւ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը: Նա անուղղակիորեն դեմ է արտահայտվել շինարարության կասեցմանը:

«Nord Stream 2-ը «պետական գերմանական նախագիծ» չէ, դա «առեւտրային էներգետիկ նախագիծ է, որում ներգրավված են շատ ընկերություններ», — ասել է  Շոլցը Augsburger Allgemeine- ին տված հարցազրույցում:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Շոլցն այդպիսով արտահայտել է ամբողջ կառավարության եւ կանցլերի դիրքորոշումը: Զայբերտը  չի մեկնաբանել այս հարցը: Նա միայն նշել է, որ Դաշնային կանցլերը, փոխկանցլերը եւ արտգործնախարարը «սերտ կապի մեջ են եւ միմյանց կարծիքից տեղյակ»: Ստացվում է՝ Շոլցի ասածը դժվար թե մասնավոր կարծիք կարելի է համարել:

Բեռլինն ակնկալում է, որ ի պատասխան Նավալնիի գործի, նպատակային անձնական պատժամիջոցներ կարող են ընդունվել Ռուսաստանի դեմ: Բայց այս գործընթացը պահանջում է համաձայնեցում ԵՄ մնացած երկրների հետ: Ինչպես նախորդ հակառուսական պատժամիջոցները, դաշնային կառավարությունը այս անգամ էլ կարող է վստահ լինել ԵՄ-ում լայն աջակցության վրա: Այնուամենայնիվ, Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների շուրջ առաջացած հակասությունները ցույց են տվել, որ նույնիսկ այդ դեպքում դժվար է արագորեն հասնել կոնսենսուսի ԵՄ շրջանակներում:

Առայժմ հստակ է միայն այն, որ «Հյուսիսային հոսք-2» նախագծի արգելափակումը ցավոտ հարված է լինելու «Գազպրոմ»-ին ու հետեւանքում՝ ամբողջ ռուսական տնտեսությանը, սակայն այդ դեպքում Գերմանիան էլ խոշոր ֆինանսական կորուստներ կունենա, ներառյալ՝ պարտավորվելու է փոխհատուցել ծրագրի փակման հետեւանքով տուժած ու նախագծում մասնակցող մի շարք ընկերությունների ֆինանսական կորուստները:

Նյութի աղբյուրը՝ Armtimes

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 99 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *