Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Сен 25, 2020

2020 թվականի ութ ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 119 դեպք, որը 18-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց, որ այս տարվա դեպքերի գերակշիռ մասը` 77-ը, արձանագրվել է ֆիզիկական բռնության տեսքով, որը 20-ով ավելի է նախորդ տարվա դեպքերից: 1-ով ավելացել են նաեւ ընտանեկան բռնության դեպքերը՝ 5-ից դառնալով 6, իսկ սեռական բռնության դեպքերը նվազել են՝  39-ից դառնալով 36: 119 դեպքերից 99-ով հարուցվել են քրեական գործեր, 20-ով մերժվել է քրեական գործի հարուցումը։ Հարուցված 99 գործերից 20-ն արդեն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք՝ Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներ երեկ կալանավորվեցին. նրանք մեղադրվում են մի խումբ սաների նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք ցուցաբերելու, ծեծի ենթարկելու եւ ցավ պատճառելու համար: Քանի որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն Քննչական կոմիտեի վարույթում է, Դուրյանը դեպքի վերաբերյալ մանրամասներ չկարողացավ ներկայացնել, միայն նշեց՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ստացել են բռնության մասին տեղեկություն, որը ճշտելու համար բաժին են հրավիրել քաղաքացու, նախապատրաստվել են նյութեր, որից հետո հարուցվել է քրեական գործ: Ինչ վերաբերում է բռնությունից հետո երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, դա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է: Նելլի Դուրյանը վստահություն հայտնեց, որ նախարարության կողմից այդ աշխատանքները կիրականացվեն:

Նելլի Դուրյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ  մեր մի քանի հարցերին.

— Տիկի՛ն Դուրյան, բռնությունը՝ հատկապես անչափահասների նկատմամբ, որքանո՞վ է արմատացած մեր հասարակության մեջ, աճի կամ նվազման ի՞նչ միտում է նկատվում տարեցտարի:

— Մենք բռնության թվերի աճ չունենք, կարծես թե կայունացում է: Բայց պետք է հաշվի առնել, որ խոսում ենք երեխայի նկատմամբ բռնության մասին, որը ոչ մի դեպքում ընդունելի չէ: Այսօր քաղաքացիներն ավելի շատ են ահազանգում, հիմնախնդիրը ավելի շատ է ուշադրության կենտրոնում, եւ բացահայտման աշխատանքներն էլ ավելի շատ են իրականացվում. բավականին մեծ ուշադրություն է դարձվում անչափահասների նկատմամբ բռնության բացահայտմանն ու կանխարգելմանը:

— Այսինքն՝ քաղաքացիները կաշկանդվա՞ծ չեն ոստիկանություն դիմելու եւ իրենց խնդիրը բարձրաձայնելու հարցում:

— Վստահաբար կարող եմ ասել, որ այո, այսօր շատ ավելի քիչ են կաշկանդված, քան նախկինում: Ավելի շատ են դիմում, ավելի շատ են ահազանգում. այդ մասին է վկայում վիճակագրությունը: Մեր վարչությունում ունենք թեժ գիծ, որի միջոցով ահազանգում են, կապ են հաստատում նաեւ սոցցանցերի միջոցով, հաղորդագրություն են գրում, տեղեկացնում են՝ որոշ դեպքերում խնդրելով, որ անհայտ մնա իրենց անուն-ազգանունը, դա էլ խնդիր չէ, կարեւոր է, որ դեպքը բացահայտվի:

— Հատկապես ի՞նչ տեսակի բռնություններ են արձանագրվում երեխաների նկատմամբ:

— Ամենից շատ ֆիզիկական բռնություն, բայց եկեք չմոռանանք, որ այն տանը, որտեղ տեղի են ունենում բռնություններ չափահասների միջեւ, այսինքն՝ ընտանեկան բռնություն, հիմնականում կան երեխաներ, գուցե նաեւ՝ մեկից ավելի, եւ ականատես լինելով բռնությանը՝ միանշանակ իրենք էլ են բռնության ենթարկվում, եթե ոչ ֆիզիկական, ապա, ցավոք, հոգեբանական բռնության, նույնիսկ եթե լռում են այդ մասին:

— Եթե համեմատենք մարզերի եւ Երեւանի երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, ի՞նչ տարբերակում կա, որտե՞ղ են դեպքերը գերակշռում:

— Երեւանում թիվը ավելի մեծ է՝ պայմանավորված ազգաբնակչության թվով. այնտեղից, որտեղ փոքր համայնքներ են, բնակչության թիվը քիչ է, բնականաբար, ահազանգերը ավելի քիչ են լինելու, ինչպես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեպքում է: Միգուցե մարզերում ավելի շատ կաշկանդված լինեն մեզ դիմելու հարցում, բայց ընդհանրապես, ամբողջ աշխարհում է այդպես. եթե չափահաս մարդը կարող է բարձրաձայնել, երեխայի համար դա շատ ավելի դժվար է: Թեպետ պետք է արձանագրել նաեւ, որ վերջին ժամանակներում մենք ունենում ենք ահազանգեր հենց երեխաների կողմից: Քիչ է թիվը, բայց համենայն դեպս, նախկինում ընդհանրապես չունեինք, հիմա եղել են դեպքեր, երբ երեխան զանգել եւ ասել է՝ ինձ ծեծում են, բռնության են ենթարկում. խոսքը 10-12 տարեկան երեխաների մասին է:

— Տիկին Դուրյան, ի՞նչ հետեւանքներ են թողնում այդպիսի դեպքերը երեխաների վրա:

— Նախ երեխան տրավմա է ստանում, խեղաթյուրվում է նրա հոգեկան վիճակը, եւ հավանականությունը մեծ է, որ մեծանալով նա եւս կարող է դառնալ բռնարար: Երեխան գտնվում է մի միջավայրում, որից ձգտում է փախչել փողոց, եթե խոսքը ընտանիքում բռնության մասին է: Երեխայի մոտ ի հայտ է գալիս ագրեսիվ վարքագիծ, հենց ինքը՝ երեխան է սկսում բռնություն գործադրել: Հետեւանքները շատ ծանր են լինում, եւ դրանք ի հայտ են գալիս տարիներ հետո: Դրա համար մենք պետք է անենք ամեն ինչ, պետք է երեխայի նկատմամբ շատ զգույշ լինենք, որպեսզի ապահովենք նրա անվտանգ միջավայրը:

— Ի՞նչ մեխանիզմներով է պետք հասնել դրան:

— Յուրաքանչյուրս մեր տանը՝ մեր օրինակով. կարծում եմ՝ ամենալավ միջոցը դա է:

— Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված նման դեպքերը, ի՞նչ պատճառներ կարող են ունենալ:

-Սոցիալական խնդիրը կարող է լինել, բայց շեշտադրումը դրա վրա դնել չի կարելի. այստեղ ծնողի վերաբերմունքի հարցն է, դաստիարակությունը, ծնողավարության պակասը, ծնողը չգիտի երեխայի հետ ինչպես խոսել, ինչպես ընկերություն անել:

— Ոստիկանությունը ծնողների հետ աշխատանքներ տանո՞ւմ է, նման ծրագրեր կա՞ն:

— Իհարկե, ոստիկանությունը դպրոցներում պարբերաբար ծնողների հետ հանդիպումներ է կազմակերպում: Բայց եթե երեխան հայտնվում է մեր տեսադաշտում, ապա ոստիկանությունը առաջին հերթին հրավիրում է ծնողին, ծնողի հետ է զրուցում: Եթե մենք նկատում ենք, որ ծնողի ազդեցությունն է երեխայի վրա բացասական, նրան հաշվառում ենք որպես բացասական ներգործություն ունեցող ծնող, եւ համապատասխանաբար կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են իրականացվում նրա հետ: Եթե երեխան վարքի շեղում ունի, առանց ծնողի հնարավոր չէ նրան օգնել, հետ կանգնեցնել, փորձել դնել ճիշտ ուղու վրա: Ամեն ինչ պետք է իրականացվի ծնողի հետ համատեղ:

Նյութի աղբյուրը՝ Armtimes

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 82 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *