Բուքինգհեմյան պալատը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին «միջամտելու» և թագավորական ընտանիքի անդամներին հարիր քաղաքական չեզոքություն չպահպանելու վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ նրանք «այլևս թագավորական ընտանիքի ավագ անդամներ չեն» և «ցանկացած մեկնաբանություն արտահայտում է նրանց անձնական տեսակետը», գրում է Daily Mail-ը։
«Մենք չենք մեկնաբանելու։ Սասեքսի դուքսը թագավորական ընտանիքի ավագ անդամ չէ, և նրա ցանկացած մեկնաբանություն արտահայտում է իր անձնական տեսակետը»,-ասել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը։
Նախօրեին արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը քննադատությունների թիրախում էին հայտնվել ԱՄՆ նախագահական ընտրություններին «միջամտելու» համար։
Time ամսագրի համար նկարահանված տեսաուղերձում` զույգը կոչ էր արել «չքվեարկել Թրամփի օգտին», չնայած ընդունված նորմերի համաձայն՝ Բրիտանիայի թագավորական ընտանիքը պետք է քաղաքական չեզոքություն պահպանի, գրում է աղբյուրը։
Սասեքսի դուքսն ընտրողներին կոչ էր արել «մերժել համացանցում ատելության արտահայտությունները, ապատեղեկատվությունն ու բացասականը», իսկ դքսուհին նախագահական ընտրությունները որակել էր «մեր կյանքի ամենակարևոր ընտրությունները»՝ կոչ անելով օգտագործել ձայնի իրավունքը:
Թեև արքայազն Հարին և նրա կինը բացահայտ չէին նշել իրենց նախընտրած նախագահի թեկնածուի անունը, շատերի կարծիքով՝ ակնհատ է, որ նրանք աջակցում են դեմոկրատ Ջո Բայդենին։