Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում,
Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,
Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:
Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։
Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,
Ում տենչում ես երբ պարտված ես, եւ կամ հերոս հաղթական,
Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:
Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,
Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,
Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։
Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,
Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:
Հայաստանը Երեւան է, Արտաշատ, Դվին, Անի,
Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի
Ժողովուրդ վարչապետը մեր կարիքն ունի․Նիկոլ Փաշինյանը հենց նոր հուզիչ գրառում կատարեց

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 223 - Today Page Visits: 1