Լոռու մարզպետարանի կողմից հնչած ահազանգի հիման վրա այսօր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պաշտոնյաների հետ միասին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները եղել են Վանաձորի Բանակի փողոցում, որտեղ «Գեվ Մարկետ» խանութի հարևանությամբ «խորը էտի» է ենթարկվել 3 հացենի տեսակի ծառ:
Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը:
Վանաձորի համայնքապետարանը ներկայացնող պաշտոնյան՝ կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի առաջատար մասնագետ Էդվարդ Բաղրամյանը նույնպես հրավիրված է եղել պարզաբանումներ ներկայացնելու համար: Վերջինս վստահեցրել է, որ համայնքապետարանը տեղեկացված չի եղել և որևէ թույլտվություն չի տվել:
«Լոռու մարզպետարանի մասնագետների ներկայացմամբ, մի բան հստակ է. այսեղ ժանակին ծառերի էտ չի իրականացվում, ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա սա անգամ խորը էտ անվանել չի կարելի, որովհետև նույնիսկ անզեն աչքով տեսանելի է՝ ծառերի վերաճ կարող է և տեղի չունենալ: Դա պարզ կլինի միայն մայիս ամսին:
Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են ծառերի չափագրում, համապատասխան ուսումնասիրություններ: Նաև նշել են, որ կկազմվի արձանագրություն, այնուհետ համապատասխան ընթացակարգերով կդիմեն համայնքապետարանին և իրավապահ մարմիններին՝ գործին հետագա ընթացք տալու նպատակով:
Իսկ մինչ այդ Լոռու մարզպետարանը հետևողական է լինելու, որպեսզի նմանօրինակ արարքի հեղինակներն անպայման պատասխանատվություն կրեն, և այսպիսի երևույթներ մարզում այլևս չկրկնվեն»,-ասված է կառույցի հաղորդագրության մեջ: