Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Նավալնիի մարմնում «Նովիչոկ» խմբի թունանյութի առկայությունը հաստատվել է Ֆրանսիայի եւ Շվեդիայի անկախ լաբորատորիաների ուսումնասիրությունների արդյունքում եւս: Գերմանիայի իշխանությունները կրկին Ռուսաստանին կոչ են անում բացատրել ընդդիմադիր գործչի հետ կատարվածը:
Ինչպես հայտնել են Բեռլինից BBC-ի ռուսական ծառայության թղթակիցները, Charite հիվանդանոցը, որտեղ այժմ բուժում է ստանում Ալեքսեյ Նավալնին, շարունակում է մնալ պահպանության տակ: Այստեղ անընդհատ հերթապահում է ոստիկանական ավտոբուս: Շենքի մուտքի մոտ կան համազգեստով ու զենքով ոստիկաններ, ինչպես նաեւ մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներ լուսարձակ ժիլետներով:
Նավալնին հայտարարել է, որ ապաքինվելուց հետո ինքը չի մնա Գերմանիայում եւ մտադիր է շարունակել իր աշխատանքը Ռուսաստանում, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով գերմանական անվտանգության ուժերի անանուն ներկայացուցչին:
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հաստատել է այս հայտարարությունը:
Ըստ թերթի, Նավալնին հանդիպել է Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ: Այս զրույցի ընթացքում նա հաստատել է Ռուսաստան վերադառնալու իր ցանկությունը եւ մերժել Ռուսաստանի իշխանությունների առաջարկը ՝ իր հետ կատարվածի փաստով Գերմանիայի հետ համատեղ քննություն տանելու մասին:
Գերմանիան այժմ քննարկում է պատժամիջոցների կիրառման տարատեսակ տարբերակներ ՝ կապված Նավալնիի թունավորման հետ՝ ներառյալ ֆիզիկական անձանց բանկային ակտիվների սառեցման եւ դեպքի գերմանիա կամ Եվրոպա մուտքի արգելք: Բեռլինը հույսը դնում է Եվրամիության երկրների աջակցության վրա:
Պաշտոնական Կրեմլը կողջունի Նավալնիի վերադարձը Ռուսաստան, բայց ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ նախագահի վարչակազմը չեն պատրաստվում հանդիպել նրա հետ: Այսպես է New York Times-ի հոդվածը մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եվ եթե առողջական վիճակում առկա որոշ բացասական հետեւանքներ վերացվեն, իհարկե, բոլորը միայն ուրախ կլինեն: բեռլինի բժիշկները, կարծում եմ, այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են», — ասել է Պեսկովը:
Հարցին, թե Կրեմլը հետեւու՞մ է Նավալնիի առողջական վիճակին, նա բացասական է պատասխանել:
«Ոչ, մենք, ցավոք, ունակ չենք հետեւելու Նավալնիի առողջական վիճակի փոփոխություններին: Մենք այդպիսի հնարավորություն չունենք», — նշել է Պեսկովը: Այս նույն համատեքստում նա պատասխանել է այն հարցին, թե հնարավո՞ր է Նավալնիի եւ Պուտինի կամ Կրեմլի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը վերջինիս վերադարձից հետո:
Նախագահի խոսնակը պատասխանել է. «Մենք նման հանդիպման համար հիմք չենք տեսնում, մենք նման հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում, ուստի ես համոզված եմ, որ նման հանդիպում չի կայանա»:
Այն պահից, ինչ Նավալնին հոսպիտալացվել է եւ տեղափոխվել Գերմանիա, Պեսկովն առաջին անգամ նրա մասին խոսելիս հրապարակավ նրան անվանել է ազգանունով. Մինչ այժմ նա Նավալնիին անվանում էր Բեռլինի հիվանդ կամ Ռուսաստանի քաղաքացի:
Հետաքրքրական է, որ Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, թե Ռուսաստանում ոչնչացված են «Նովիչոկ»-ի բոլոր պաշարները: Նա նաեւ ասել է, որ երկրից մեկնելու պահին Նավալնիի մարմինը ենթադրաբար չի պարունակել թունավոր նյութեր, հաղորդում է TACC-ը:
«Փաստն այն է, որ այն ժամանակ, երբ Ալեքսեյ Նավալնին դուրս է հանվել Ռուսաստանի Դաշնությունից, նրա մարմինը թունավոր նյութեր չի պարունակել: Այս առումով, իհարկե, գերմանական կողմին շատ հարցեր կան», -եզրափակել է Նարիշկինը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Նավալնիի՝ «Նովիչոկ»-ով թունավորելու մասին գերմանական վարկածը հաստատում եւ պնդում են Ֆրանսիայի եւ Շվեդիայի փորձագետները, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնիսկ անձամբ է տեղեկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այս ռազմական նպատակներով կիրառվող քիմիական զենքով թունավորման հարցում իր վստահության մասին:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի կլինիկական նմուշների առկայությունն անհրաժեշտ է Ռուսաստանում նախաքննական միջոցառումներն ավարտելու համար, իսկ առանց գերմանական կողմի՝ այդ նմուշների տրամադրման, Ռուսաստանը չի կարող քրեական գործ հարուցել: Զախարովան հավելել է, որ ըստ ռուսական օրենսդրության, ապացույցների դիտարկման ժամանակ պարտադիր է փորձաքննությունների արդյունքների կցումը գործին, մանավանդ՝ այս պարագայում, երբ Ռուսաստանի տարածքում, Օմսկում, իրականացված հետազոտությունները Նավալնիի մարմնում որեւէ քիմիական թունանյութի առկայություն չեն հաստատել: ՌԴ ԱԳՆ խոսնակը նաեւ ասել է, որ նախօրեին ՌԴ դատախազությունը կրկնակի հարցում է ուղարկել Գերմանիա՝ պահանջելով Charite կլինիկայում այժմ առկա բժշկական գործը, հետազոտությունների պատասխաններն ու բոլոր փորձաքննությունների մասին հավաստող փաստաթղթերը: New York Times-ն այս կապակցությամբ գրել է, որ ինքը Նավալնին չի ցանկանում, որպեսզի Գերմանիան համաձայնի համագործակցել ՌԴ իշխանությունների ու դատախազության հետ:
Նյութի աղբյուրը՝ Armtimes