Ճակատագրական մաքսազերծում։ Ի՞նչ է պատահել։ — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ճակատագրական մաքսազերծում։ Ի՞նչ է պատահել։

Տնտեսական ճգնաժամի հետևանքով փոքր և միջին բիզնեսի վնասները քիչ էին, հիմա էլ մաքսազերծման նոր կարգն է չոքել նրանց դռանը։ Սեպտեմբերի 1-ից գործող կարգը կարող է ճակատագրական լինել շատերի համար։

Տարիներ շարունակ մի շարք երկրներից, այդ թվում՝ Չինաստանից և Թուրքիայից, Հայաստան ներմուծվող հագուստի և այլ պարագաների մաքսազերծումն իրականացվել է քաշով։ Անկախ նրանից, թե ապրանքը ինչ գին է ունեցել, գործել է ստանդարտ սակագին՝ 1 կգ-ի համար վճարվել է 3,25 դոլար։

դադարել է գործել։ Հիմա արդեն ներմուծողներն իրավունք չունենք կիլոգրամով մաքսազերծում իրականացնել։ Հիմա արդեն մաքսազերծումը պետք է իրականացվի ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ հաշվի առնելով ապրանքի գինը, քանակը, մոդելը և այլն։

Նոր կարգի կիրառումն էապես թանկացնում է մաքսազերծումը։ Այդ դեպքում ներմուծողները ստիպված են լինելու առնվազն մի քանի անգամ ավելի վճարել նույն ապրանքների մաքսազերծման համար։ Թերևս, սա էլ դարձել է ոլորտում գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսի դժգոհության պատճառը։ Նրանք պատրաստ չեն ավելի մեծ գին վճարել մաքսազերծման համար։

Խնդիրը, իհարկե, միայն ավել վճարումները չեն։ Ի վերջո, դա ներառվելու է ապրանքների իրացման գնի մեջ, և այդ ծանրությունը կրելու է սպառողը։

Հարցը նրանում է, թե այսօր արդյո՞ք սպառողն ի վիճակի է վճարել այդ ավել գինը։ Հատկապես, երբ ճգնաժամը հանգեցրել է մարդկանց եկամուտների կտրուկ նվազման և վճարունակ պահանջարկի կրճատման։

Առևտրականների հիմնական մտահոգությունները, ըստ էության, գալիս են այստեղից։ Առանց այն էլ վերջին շրջանում կրճատվել են սպառման ծավալները։ Մարդիկ հազիվ կարողանում են հացի փող վաստակել։ Այսօր հագուստի թարմացման մասին քչերը կարող են մտածել։

Վերջին տվյալներով՝ մանրածախ առևտուրը Հայաստանում կրճատվել է գրեթե 15 տոկոսով։ Անկումն ավելի մեծ է հատկապես՝ ոչ պարենային ապրանքների, մասնավորապես՝ հագուստի դեպքում։ Սպառողական ապրանքների շուկայում, որի մեջ մտնում են նաև տոնավաճառները, 7 ամսում առևտրի ծավալների նվազումը հասնում է գրեթե 25 տոկոսի։

Պարզ է, որ մաքսազերծման թանկացումը բերելու է ներմուծվող ապրանքների գների բարձրացման։ Մի բան, ինչը բացասաբար է ազդելու սպառման, առանց այն էլ, կրճատված ծավալների վրա։

Դա լուրջ խնդիր է փոքր և միջին բիզնեսի համար, որի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր հազիվ կարողանում են պահպանել իրենց գոյությունը։ Մի կողմից՝ մաքսազերծման համար վճարվող գումարների ավելացումը, մյուս կողմից սպառման կրճատումը, նրանցից շատերին կարող է կանգնեցնել փակման փաստի առաջ՝ ոչ միայն տնտեսական, այլև՝ սոցիալական հետևանքներով։

Ո՞ւմ է սա ձեռնտու։ Հավանաբար՝ ոչ մեկին։ Սրանից ո՛չ պետությունն է շահելու, ո՛չ առևտրականը, և ո՛չ էլ սպառողը։ Ընդհակառակը՝ բոլորն էլ  տուժելու են։ Պետությունը չի ստանա մաքսավճարների տեսքով ակնկալվող գումարները, կրճատվելու է պահանջարկը, փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտնվելու են փողոցում, իսկ սպառողը ստիպված է լինելու ավելի շատ վճարել նույն ապրանքը ձեռք բերելու համար։

Եթե տնտեսությունը գտնվեր զարգացման փուլում, սա գուցե այլ կերպ ընկալվեր։ Եվ ոչ միայն ընկալվեր. այդ դեպքում դրա ազդեցությունը հաստատ այնպիսին չէր լինի, ինչպիսին կարող է լինել ճգնաժամի պայմաններում։

Ճգնաժամի, մարդկանց եկամուտների և առևտրի ծավալների նվազման պայմաններում անմտություն է նման քայլի գնալը։ Դա նշանակում է՝ էլ ավելի խորացնել ճգնաժամի տնտեսական ու սոցիալական հետևանքները։

Հասկանալի է, կառավարությունը ֆինանսական միջոցների խնդիր ունի և ուզում է այդ խնդիրն ինչ-որ չափով լուծել նաև փոքր և միջին բիզնեսի հաշվին։ Ճգնաժամի խորացման հետևանքով բյուջեի կորուստները գնալով ավելանում են, ու հիմա կառավարությունը փորձում է հարկային մամլիչի տակ դնել տնտեսությանը։ Դրա վկայությունն է նաև այն, որ վերջին շրջանում հարկային մարմիններն ակտիվ ռեյդեր են իրականացնում և տուգանքներ կիրառում տնտեսվարողների, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ։ Թեև պետք է գիտակցել, որ ճգնաժամի պայմաններում նման գործելաոճը հետագայում շատ ավելի բարդ խնդիրներ է ստեղծելու՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ կառավարության համար։ Փոքր և միջին բիզնեսն այն ոլորտը չէ, որտեղ հարկային մեծ եկամուտներ են կենտրոնացած։

Փոխարենը՝ այն ունի շատ ավելի մեծ սոցիալական նշանակություն։ Այս ոլորտում զբաղված են մեծ թվով քաղաքացիներ, որոնք փորձում են այդտեղ գտնել իրենց սոցիալական խնդիրների լուծումը։ Երբ կառավարությունը խստացնում է վարչարարությունը՝ բարձրացնելով նաև մաքսազերծման գները, դա կարող է լուրջ բարդություններ առաջացնել նրանց համար՝ ստիպելով դադարեցնել գործունեությունը և համալրել գործազուրկների շարքերը։

Գործ ունենք համակարգային իրողության հետ, որի լուծումը պետք է գտնել՝ նշված բոլոր հանգամանքները հաշվի առնելով։

Մաքսազերծման հետ կապված խնդիրը նոր չէ, և մեկ անգամ չէ, որ բարձրացվել է։ Այն արդիական էր նաև իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ նոր իշխանությունները հայտարարեցին, որ այլևս Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, և բոլորը հավասար են հարկային-մաքսային մարմինների առաջ։ Բայց դա չաշխատեց, ու որոշեցին հետաձգել ինվոյսներով մաքսազերծման պահանջը, որովհետև այն հասարակական լուրջ դժգոհություններ էր առաջացրել։

Հիմա պահանջը կրկին վերադարձել է օրակարգ ու կրկին փողոց հանել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Նրանք հակված չեն ընդունել խաղի նոր կանոնները, որոնք փորձ է արվում պարտադրել իրենց այս ճգնաժամային իրավիճակում։ Մարդիկ մտահոգված են, որ դա կարող է կործանարար լինել իրենց բիզնեսի համար։

Իրականում այդ մտահոգություններն անտեղի չեն։ Մաքսազերծման նոր կարգի կիրառումն այսօր ժամանակավրեպ է՝ կապված տնտեսական ու սոցիալական դժվարությունների հետ։ Այն բերելու է՝ ինչպես ոլորտում գործող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի ֆինանսական վիճակի վատացմանը, այնպես էլ՝ նոր բեռ է ավելացնելու սպառողների վրա։

Սոցիալական առումով սա խնդրահարույց է։ Բայց արդարության համար պետք է ասել, որ այն կարևոր քայլ է ներքին տնտեսության ու շուկայի պաշտպանության համար։ Դա կարող է նպաստավոր միջավայր ստեղծել Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես՝ տեքստիլի զարգացման համար։

Սակայն նման քայլի գնալուց առաջ՝ կառավարությունը պարտավոր է հոգալ հասարակության սոցիալական պաշտպանվածության և եկամուտների ավելացման հարցերը։ Մաքսազերծման թանկացումը ազդելու է հասարակության բազմաթիվ և հատկապես ցածր եկամուտներ ունեցող խմբերի վրա, ովքեր հանդիսանում են այդ ապրանքների հիմնական սպառողը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ 168.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 181 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *