Ուկրաինայի նախկին նախագահի կալվածքը վերածվել է ազգային պարկի (ֆոտոշարք)։ — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ուկրաինայի նախկին նախագահի կալվածքը վերածվել է ազգային պարկի (ֆոտոշարք)։

Сен 14, 2020

Շատերս ենք հիշում 2014 թվականի սկանդալը, երբ Կիեւի Մայդանում տեղի ունեցած դեպքերից հետո Մայդանի ակտիվիստները մտան Վիկտոր Յանուկովիչի առանձնատուն, որտեղից նա շտապ փախել էր՝ թողնելով գրեթե ամեն ինչ: Այսօր այդ առանձնատունը հայտնի է որպես «Կոռուպցիայի թանգարան»: Կիեւի մերձակայքում է գտնվում Մեժիգորյե (ուկրաիներեն՝ Межигір’я ) կոչվող տարածքը, որտեղ 2002-2014 թվականներին ապրել է Ուկրաինայի նախկին նախագահ (2010-2014), ժամանակին նաեւ մի քանի անգամ այդ երկրի վարչապետ եղած (2002-2004, 2004-2005,2006-2007թթ.) Վիկտոր Յանուկովիչը: Տարածքը պարզապես հսկայական է, զբաղեցնում է 140 հեկտար մակերես: Համեմատության համար ասենք, որ Փարիզում գտնվող նախկին թագավորական այգին՝ Լյուքսեմբուրգի այգին, զբաղեցնում է ընդամենը 26 հա:

Այստեղ, բացի Յանուկովիչի առանձնատնից, որն իսկական թագավորական պալատ էր հիշեցնում, գտնվում է մի մեծ ավտոպարկ, որտեղ հավաքված են Յանուկովիչի սովետական եւ արտասահմանյան ռետրո եւ ժամանակակից մեքենաները, մեծ հյուրատուն, կինելոգիական կենտրոն՝ բազմատեսակ շներով, զբոսանավերի նավահանգիստ, ձիանոց, թենիսի կորտ, կենդանաբանական այգի, բազմատեսակ շատրվաններ, խնամված այգիներ… Մեժիգորյեի տարածքում նորապսակները անմոռանալի հարսանեկան լուսանկարներ են ունենում: Յանուկովիչի առանձնատան պատուհանից չքնաղ տեսարան է բացվում դեպի «Կիեւի ծովը»: Իսկ այս շինությունը նախատեսվել է հյուրերի համար: 2014-ին Մայդանի ակտիվիստների կողմից Մեժիգորյեն զավթելուց հետո, այս տանը մոտ մեկ շաբաթ ուսումնասիրել են Յանուկովիչից մնացած փաստաղթղթերը: Կատարյալ խնամված տարածք՝ սրճարաններով, սննդի փոքրիկ կետերով: Միակ պայմանը՝ ոչ մի ալկոհոլ: Յանուկովիչի ռետրո (եւ ոչ միայն ռետրո) մեքենաների ավտոպարկը Տարածքը եւ առանձնատունը պահպանվել է այնպես, ինչպես եղել է: 2014 թվականին Մայդանի ակտիվիստները մտել են այդտեղ, եւ նրանցից մի խումբ այդ օրվանից ի վեր, պարզապես դուրս չի եկել Մեժիգորյեից, որպեսզի այն «չկորցնեն»: «Մայդանի ինքնապաշտպանություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, որի շարքերում բավականին շատ զինված անձինք կան, Մեժիգորյեն վերցրել է իր պատասխանատվության տակ: Պյոտր Օլեյնիկը՝ այդ խմբի անդամներից մեկը, արդեն վեց տարի է, բնակվում է Մեժիգորյեում եւ իր համախոհների հետ պահպանում է այն տարատեսակ ոտնձգություններից, այդ թվում՝ կառավարության կողմից: Ըստ Պյոտրի՝ եթե իրենք որեւէ ձեւով Մեժիգորյեն հանձնեն կառավարությանը, չգիտեն, թե դրա վերջը ինչ կլինի, ավելի ճիշտ գիտեն՝ լավ չի լինի: Նրանց 2014 թվականին Յանուկովիչից հետո եկած կառավարությունը սպառնում էր օրենքից դուրս ճանաչել, իրենք իրենց անարխիստներ են համարում, սակայն վստահ են, որ ամեն վատ բան, ցանկացած կոռուպցիա կատարվում է օրենքի անվան տակ: Իսկ իրենք պարզապես պահպանում են այս տարածքը, ծառայացնում են այն որպես թանգարան, որպեսզի բոլորն այցելեն եւ տեսնեն կոռուպցիայի դեմքը: Մեժիգորյեի տարածքում հսկողություն են իրականացնում բազմաթիվ զինված անձինք, սակայն այնտեղ տիրում է իդեալական մաքրություն եւ կարգուկանոն: Ինքնակարգավորման հրաշալի օրինակ: Մեժիգորյեում Յանուկովիչը բնակվել է ոչ թե ընտանիքի՝ կնոջ եւ չափահաս տղաների, այլ՝ սիրուհու՝ Լյուբով Պոլեժայի հետ, որն, ըստ ուկրաինական մամուլի, Յանուկովիչի խոհարարի քույրն է: Տարածքը լքելուց հետո էլ նա Պոլեժայի հետ մեկնել է Մոսկվա: Իսկ որդիներն ու կինը բնակվում են Ղրիմում: Հսկայական առանձնատան անմիջապես մուտքի մոտ բոուլինգի դահլիճն է, ապա՝ ձմեռային այգին, մի ամբողջ հարկը զբաղեցնում էր մարզասրահը՝ տասնյակից ավելի սարքերով, բռնցքամարտի ռինգով, մերսման սրահը, աղի խուցը, շինության օդափոխման համակարգն ապահովող 7 ֆիլտրանի սարքը, թթվածնային պատիճը, գեղեցկության սրահը, սպա-կենտրոնը… թունելային գաղտնի ճանապարհով անցնում ես դեպի բնակելի տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ հյուրասենյակներ, հանգստասենյակներ, կինոսրահ, եկեղեցի եւ այլ սենյակներ: Եվ միայն երկու ննջարան՝ հայելային սիմետրիկ արտապատկերմամբ՝ մեկը Յանուկովիչինը, մյուսը՝ Պոլեժայինը: Յուրաքանչյուր ննջարանն ունի իր լոգասենյակը՝ հեռուստացույցներով եւ այլ հարմարություններով, ինչպես նաեւ՝ իր հսկա հանդերձարանը: Ինչպես Պյոտրն էր պնդում՝ երբ զավթել են այս տարածքը եւ ինքը հետաքրքրվել է աշխատողներից, թե ովքե՞ր են ապրել այս շենքում, ովքե՞ր են հյուրընկալվել, պարզվել է, որ բացի Յանուկովիչից, նրա սիրուհուց, որն այստեղ է բնակվել իր դստեր հետ, այս տանը գրեթե ոչ ոք չի եղել՝ բացի սպասավորներից, հյուրեր գրեթե չեն ընդունել, օրվա մեջ առնվազն 4-5 ժամ Յանուկովիչը տրամադրել է տարբեր մերսումների եւ ՍՊԱ-պրոցեդուրաների, մարզասրահում գրեթե երբեք չի եղել, իսկ 70-ից ավելի մեքենաները զուտ որպես հավաքածուի զարդ են դրված եղել ավտոպարկում, քանի որ նա գրեթե չի վարել, երբեմն թեթեւ մեքենաներով զբոսնել է հենց այդ՝ 140 հա տարածքում: Շենքը, ակտիվիստների կողմից գրավվելուց հետո, բնականաբար, որոշակի կորուստներ է կրել, շատերն են հասցրել շատ բան տանել, թեեւ Պյոտրը պնդում էր, որ արժեքավոր իրերը՝ թանկարժեք նկարներ եւ այլն, ինքը հանձնել է պետական պատկերասրահին: Այսօր էլ շենքում պահպանվում են մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ սպիտակ ռոյալը, շվեյցարական երաժշտական նվագարկղը, անտիկվար չինական սկահակներ, անթիվ-անհամար թանկարժեք ջահեր, մետաքսե գորգեր, շվեյցարական կախովի եւ պատի ժամացույցներ եւ այլն: Տան ներքին հարդարումը մեծ մասամբ ամենաթանկարժեք փայտից է՝ 17 տեսակի, քանի որ փայտը լավագույն շինանյութն է՝ առողջական տեսանկյունից: Յանուկովիչի պալատում ջահերի քանակն ուղղակի ապշեցնում էր: Ըստ Պյոտր Օլեյնիկի՝ այս պարսկական մետաքսե գորգի արժեքն առնվազն 25 հազար դոլար է: Շենքի տարածք մուտքը թույլատրված է միայն պոլիէթիլենե մաշիկներով՝ «բախիլներով» Այս դիմանկարը Լյուբով Պոլեժայի ննջասենյակում էր, որը մեկը՝ մեկին կրկնօրինակն էր շենքի զուգահեռ կողմում գտնվող Վիկտոր Յանուկովիչի ննջարանի: Միակ տարբերությունը հանդերձարանում զարդերի համար նախատեսված դարակների քանակն էր:   Ըստ Օլեյնիկի՝ այս հինավուրց շվեյցարական ժամացույցի գինն անցնում է 100 հազար եվրոյից: Ինքը՝ Պյոտր Օլեյնիկը, որպես ներդրում այդ տանը բազմաթիվ ծաղկատեսակներ է ավելացրել եւ թռչուններ: Ասում է՝ նման հսկա տունը պիտի ձայներ ունենա, մարդ չի բնակվել եւ չի բնակվում, գոնե թռչունները ձայներ հանեն: Այս աստիճանները կառուցված էին իտալական ամենաթանկարժեք մարմարից: Բյուրեղապակյա այս թանկարժեք սեղանից Յանուկովիչի տանը երկու հատ կար: Ըստ Պյոտր Օլեյնիկի՝ այս ջահի վրա մի քանի տասնյակ կիլոգրամ ոսկի կա, մնացածը՝ Սվարովսկու ապակի է: Իսկ սա Յանուկովիչի եկեղեցին է՝ տան մեջ մի սենյակ: Սա տնային կինոթատրոնն է՝ մերսող բազկաթոռներով, որոնք պատված են բնական կաշվով: Կոկորդիլոսի ամբողջական կաշին զարդարում էր սրահներից մեկի սեղանը Իսկ այս սեղանի մեջ բարբեքյուի սարք էր՝ ածուխով գործող, սակայն կարեւորը հզորագույն օդաքարշիչն է: Տան ներքին վերելակի հատակը ձեռքի աշխատանք է: Պատվավոր տեղ էր զբաղեցնում նաեւ հայկական կոնյակով տակառիկը՝ Գագիկ Ծառուկյանի նվերն է Յանուկովիչին: Առանձնատան օդի մաքրման 7-ֆիլտրանի համակարգը:   Պյոտրը պատմում էր, որ Յանուկովիչն օրվա մեջ պարտադիր մեկ ժամ անցկացնում էր աղի սենյակում: Նա նաեւ պնդում է, որ նման սենյակներ պետք է լինեն բոլոր մանկապարտեզներում՝ բրոնխիալ ասթման երեխաների շրջանում վերացնելու համար: Մարզասրահի ապակեպատ առաստաղը: Այս մարզասարքերը գրեթե օգտագործված չէին, ոչ Յանուկովիչն էր այստեղ մարզվում, ոչ սիրուհին, ոչ աշխատակիցները: Առյուծ արքան՝ Ուկրաինայի նախկին ցարի Ձմեռային այգում Պյոտր Օլեյնիկը՝ Մեժիգորյեի պահապան «անարխիստը»: Յանուկովիչը, փախնելուց առաջ, մոտ 25 հազար էջ կազմող փաստաթղթեր, որոնցում բացահայտվում էին բոլոր կոռուպցիոն սխեմաները, թե ինչպես է Ուկրաինայի պետական բյուջեից միլիարդավոր դոլարներ ծախսվել այս տարածքի կառուցման, նորոգման եւ հարդարման համար, ինչպես են խուսափել հարկերից եւ այլն, նետել է մոտակայքում գտնվող հսկա ջրամբարը, որը տեղացիները կոչում են «Կիեւի ծով»: Սակայն, ակտիվիստները հասցրել են հանել ջրից փաստաթղթերի մեծամասնությունը, չորացնել եւ վերականգնել բովանդակությունը: Մեժիգորյեի եւ այնտեղի ներկայիս տերերի՝ ինքնակարգավորվող «Ինքնապաշտպանների» մասին կարելի է դեռ երկար պատմել, սակայն, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Առաջարկում եմ երբեւէ Կիեւում գտնվելու պարագայում այցելել «Մեժիգորյե ազգային պարկը», տեսնել այն եւ մեկ անգամ եւս խորհել պետականորեն ծավալվող կոռուպցիայի եւ «Կյանքն աստիճան է, մի օր վերեւում ես, մի օր՝ հատակին» ասացվածքի մասին: Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ Aravot

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 44 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *