Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը կանխարգելելու ուղղությամբ — ARUSHANYAN TV Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը կանխարգելելու ուղղությամբ — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը կանխարգելելու ուղղությամբ

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թ. ընթացքում մարզում արձանագրվել է 38 անչափահասի կողմից կատարված 34 հանցագործության դեպք՝ 2019 թ. 15 անչափահասի կողմից կատարված 16 հանցագործության դեպքի դիմաց: Մարզի դատախազության հսկողության ներքո գտնված քրեական գործերով հանցավոր արարք կատարած անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը, որոշ դեպքերում՝ ստորագրությունը չհեռանալու մասին՝ կապված հանցանքը կատարած անձի՝ քննության ընթացքում չափահասության տարիքի հասած լինելու հետ։

Համապատասխան վերլուծություններով արձանագրվել է, որ անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծամասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում կոնկրետ գործառույթներով օժտված պետական մարմինների համապատասխան ծառայողների թերի և ոչ հետևողական աշխատանքով:

Մասնավորապես, դեպքերը վկայում են այն մասին, որ հանցավոր հակումներ ունեցող անչափահասների հայտնաբերման, ժամանակին հաշվառման, նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն կատարվել:

Բացի այդ, մարզի տարածքում պատշաճ կերպով չի ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը, հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր չեն իրականացվել։

Ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման կապակցությամբ պետական և տեղական տարբեր մարմինների համագործակցության մակարդակը բարձր չէ։

Վերը նշված և անչափահասներին վերագրվող հանցավորությանն առնչվող մի շարք այլ խնդիրների քննարկման ու լուծման նպատակով մարզի դատախազությունից միջնորդագրեր են հղվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ու Լոռու մարզպետարան:

Միջնորդագրերի հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու Լոռու մարզպետարանում կազմակերպվել են խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Լոռու մարզի դատախազի տեղակալը և դատախազության դատախազ:

Քննարկումներին որպես մտահոգիչ փաստ արձանագրվել է, որ երիտասարդների և հատկապես անչափահասների մոտ դեռևս պահպանվում է դանակ կրելու արատավոր սովորույթը, որի պայմաններում առավել մեծանում է նույնիսկ չնչին պատճառով վիճաբանությունների արդյունքում ծանր հետևանքների առաջացման հավանականությունը: Ընդ որում, դանակ կամ այլ կտրող-ծակող առարկաները, որոնք հայտնաբերվում են անչափահասների մոտ՝ հիմնականում տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող խանութներում և փողոցային առևտրի կետերում դրված են ազատ վաճառքի։

Դատախազության կողմից նշվել է, որ անչափահասների հետ տարվող աշխատանքները պահանջում են համալիր մոտեցում, ուստի, ելնելով անչափահասների հանցավորության յուրահատկություններից և նշված բնագավառում օրենսդրության պահանջներից՝ պետք է իրավիճակից թելադրվող գործուն և կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն՝ ակտիվացնելով, առարկայական դարձնելով Ոստիկանության, ՏԻՄ-երի, ուսհաստատությունների միջև կապը, և դրա հիման վրա պետք է մշակվեն համատեղ գործողությունների ծրագրեր:

Հատուկ ընդգծվել է, որ անչափահասներին հանցավորությանը մղող գործոնների հարցում վճռորոշ նշանակություն ունի նաև սոցիալական հսկողության թուլացումը և շեշտվել, որ այդ առումով մեծ անելիք ունեն ուսումնական հաստատությունները, որտեղ կարող են վեր հանվել ինչպես երեխայի անձնային հատկանիշները, այնպես էլ՝ նրա դաստիարակության և զարգացման գործընթացում սոցիալական, ընտանեկան, կրթական ոլորտներում ի հայտ եկած բացասական դրսևորումները։

Քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել իրավասու տարբեր գերատեսչությունների աշխատողների համագործակցության մակարդակը, անչափահասների կողմից յուրաքանչյուր հանցագործության կամ այլ իրավախախտման դեպք քննարկել առանձնահատուկ կերպով, վեր հանել դրան նպաստած պայմաններն ու պատճառները և գործուն միջոցներ ձեռնարկել Լոռու մարզում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները թե՛ քանակապես և թե՛ որակապես նվազեցնելու ուղղությամբ:

Մարզի դատախազությունը հետևողական է լինելու նախանշված միջոցառումների իրականացման, դրանցով արձանագրվված արդյունքները համատեղ պարբերական քննարկումների առարկա դարձնելու հարցում:

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 161 - Today Page Visits: 1