ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը սթափվելու ու կանգ առնելու հրապարակային կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Նիկոլ, վաղուց է քեզ անձամբ չեմ գրել: Դու չե՞ս նկատում, որ ամեն բան սխալ ես արել: Դու դեռ չե՞ս հասկացել, որ աշխարհի կանոններին ես հակառակվել: Մի՞թե դեռ չես զգացել, որ մարդկության դեմ անօգուտ ու վտանգավոր կռվի ես բռնվել:
Նիկոլ, չե՞ս տեսնում, որ անգամ բնության կանոններին ես հակառակվել:
Ազգի ու ողջ մարդկության դեմ դու անզոր ես, հասկացիր վերջապես:
Քեզ համար մի գրոշի արժեք չունեն հայ ազգը, Հայոց հողն ու պետականությունը: Քեզ համար նույնիսկ քո ընտանիքն է երրորդ պլան մղվել, Նիկոլ: Խղճա գոնե ինքդ քեզ:
2019 թվականի սեպտեմբերի 16-ին քեզ կոչ արվեց կանգ առնելու, բայց դու ոչ միայն կանգ չառար, այլ ավելի ուժգնացրեցիր քո չարությունը, խճճվեցիր ստերիդ սարդոստայնում ու կործանեցիր ամեն բան:
Կանգ առ, Նիկոլ, վերջապես կանգ առ ու փրկիր ինքդ քեզ քո ստեղծած չարիքից: Իսկ մենք, ողջ ազգով, կփրկենք մեր Հայրենիքի ու պետականության մնացորդները: Հեռացիր խաղաղությամբ, ներողություն խնդրիր ու հեռացիր:
Ուզում եմ հավատալ, որ վերջապես կսթափվես ու ճիշտ որոշում կընդունես»։
Գովազդ