Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես․ Նիկոլ Փաշինյան — ARUSHANYAN TV Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես․ Նիկոլ Փաշինյան — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես․ Նիկոլ Փաշինյան

Մինչ վարչապետի հրաժարականը պահանջած Օնիկ Գասպարյանը հղում անելով վարչական դատարանի միջանկյալ որոշմանը, իրեն դեռ համարում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, վարչապետ Փաշինյանը այսօր բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Արտակ Դավթյանին՝ հայտարարելով Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան։

«Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են, և էլի ուզում եմ հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել։ Ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը․․․ մենք հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք։ Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որը առաջին հերթին պետք է Զինված ուժերին։ Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես», — ասել է վարչապետը։

Փաշինյանը խոսում է Օնիկ Գասպարյանի և շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների հայտարարության մասին։ Նրանք փետրվարի 25 -ին պահանջեցին վարչապետի և կառավարության հրաժարականը։ Դա Փաշինյանը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։ Չնայած Արմեն Սարգսյանի առարկություններին, վարչապետի աշխատակազմից օրեր անց հայտարարեցին՝ իրավունքի ուժով Գասպարյանը ազատված է։

Վերջինս դատարանում է վիճարկում իր պաշտոնանկությունը, և կա վարչական դատարանի որոշում, որ մինչև գործով վճիռ կայացնելը Օնիկ Գասպարյանը կարող է վերադառնալ աշխատանքի։

Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտարարում է՝ գործադիրը արհամարհում է դատական ակտը և իրենք պատրաստվում են դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնել․ — «Գործադիրը փաստորեն դատարանով հաստատված այն փաստը, որ Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատված չէ, անտեսում է, և հայտարարում է, որ իրավունքի ուժով այլ նշանակում կա։ Այս պայմաններում արդեն մենք գործ ունենք հետևյալի հետ՝ որ իշխանության մի թևը բանի տեղ չի դնում մյուս թևի փաստաթղթերը»։

Անդրադառնալով իրենց հետագա գործողություններին՝ փաստաբանն ասաց․ — «Վարչական դատարանում մեր հայցերը կփոփոխենք՝ այսօրվա իրավիճակն էլ կնկարագրենք։ Բացի այդ, հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք Գլխավոր դատախազություն․ այն, որ Պաշտպանության նախարարն ու վարչապետը, իրենց շահադիտական դրդումներից ելնելով, խոչընդոտում են Օնիկ Գասպարյանի կողմից իր՝ դատարանով հաստատված լիազորությունների իրականացմանը»։

Կառավարության տարածած տեսանյութում Փաշինյանին Գլխավոր շտաբում դիմավորել է պետի պաշտոնակատար Ստեփան Գալստյանը։

«Օնիկ Գասպարյանը մինչև նախորդ շաբաթ շարունակել է գնալ աշխատանքի, բայց այսօր Զինված ուժերում չի եղել», — «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբանը։

Արթուր Հովհաննիսյանը համաձայն չէ Արդարադատութնան նախարար Ռուստամ Բադասյանի այսօրվա այն հայտարարության հետ, թե ստեղծված իրավիճակում որևէ իրավական կազուս չկա և միանշանակ է, որ ԳՇ պետը Արտակ Դավթյանն է։

«Այդ ակտը գոյություն ունի իրականության մեջ, այդ ակտը, մեր դիրքորոշմամբ, և շատ հստակ է այդ դիրքորոշումը, շատ հստակ բխում է սահմանադրական կարգավորումներից, կոնկրետ նշված գործընթացի վրա ազցեդություն չունի։ Ինչ կլինի հետագայում, կտեսնենք դատավարության ընթացքում։ Գիտեք, որ նաև Սահմանադրական դատարանում համապատասխան օրենքի դրույթներն են վիճարկվում, ինչ ազդեցություն դա կարող է ունենալ վարչական գործի վրա, և այլն, և այլն։ Այսինքն՝ դատավարությանը հետևելով կտեսնենք արդյունքները», — այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարը։

50-ամյա Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ է նշանակվում այս պաշտոնին։ Նա Գլխավոր շտաբի պետ եղել է 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունիսի, և ինչպես այսօր Փաշինյանը հայտարարությունից տեղեկացանք, պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով։ Դավթյանը պաշտոնից ազատվել էր կարանտինի պայմաններում որդու հարսանիքից հետո, երբ Հայաստանում արգելված էին մարդաշատ միջոցառումները։

Փաշինյանի իշխանության մոտ 3 տարիների ընթացքում Գլխավոր շտաբի պետը փոխվել է երեք անգամ։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 222 - Today Page Visits: 1