«Ընտրական օրենսգրքի փոփոխությունը սկզբունքային է, որ բացառվի ընտրակաշառքը». վարչապետը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչներին — ARUSHANYAN TV «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը սկզբունքային է, որ բացառվի ընտրակաշառքը». վարչապետը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչներին — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունը սկզբունքային է, որ բացառվի ընտրակաշառքը». վարչապետը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչներին

Պատերազմից ամիսներ անց իշխող ուժը ընտրողին կներկայանա անփոփոխ` վարչապետ Փաշինյանի դեմքով, հայտարարում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Պարտությունից՝ ահռելի զոհերից ու տարածքային կորուստներից հետո է՞լ նույն դեմքով, կընտրե՞ն, նախարարին հարցնում են լրագրողները։

«Մեր քաղաքացիները, կարծում եմ, իրենց որոշումը կկայացնեն ցանկացած պարագայում, և մեր խնդիրն է քաղաքացիներին այդ հնարավորություն տալ», — պատասխանում է Բադասյանը:

Փաշինյանը ընտրությունների օր է հայտարարել հունիսի 20-ը։ Այսօրվա դրությամբ օրն անփոփոխ է։ Փոխում են խաղի կանոնները, դժգոհում է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։ Իշխանությունը քննարկում է նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելու հարցը, պատրաստվելու ժամանակ չկա. «Ընտրության օրը հայտարարելուց հետո, այսինքն` երբ որ ընտրության օր է հայտարարվեց, և արդեն նշեցի, շատ կարճ ժամկետի համար, շատ կարճ, չի կարելի փոխել գործող խաղի կանոնները, այդ օրը հայտարարվել է գործող խաղի կանոնների լույսի ներքո, և բոլորս գործող խաղի կանոններով պատրաստվում ենք ընտրությունների: Նոր խաղի կանոններ ընդունել նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար ճգնաժամը խորացնել երկրում, հետևաբար այն կամքը, որ ճգնաժամն ուզում ենք լուծել, այդ կամքը կորչում է»:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվել։ Այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Նախարար Բադասյանը վստահեցնում է՝ մինչև հունիս հնարավոր է ընդունել նորն ու նոր կարգով գնալ ընտրությունների. «Կուսակցությունների խաղի կանոններին պատրաստ լինելու մասով խնդիր չեմ տեսնում, որովհետև ակնհայտ է, որ կուսակցությունը պետք է ունենա իր համապետական ցուցակը, այսինքն` իրենց համար կանխատեսելի է, և հենց առաջինն ու ամենագլխավորը նման համապետական ցուցակ ունենալն ու ներկայացնելն է»:

Ընտրական օրենսգրքի առանցքային փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգից անցումն է ամբողջական համամասնական ընտրակարգի, այսինքն` փոփոխությունից հետո քաղաքական ուժերը ընտրողին կներկայանան միայն կուսակցությամբ։ Քաղաքացին ընտրելու է քաղաքական ուժին, ոչ թե իր հարևան թեկնածուին կամ թաղի հայտնիին։

«Տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ», — վստահեցնում է նախարարը:

Մարուքյանը դժգոհ է նաև, որ «Լուսավորի» առաջարկները չեն ընդունվել։ Իրենք դեմ են ամբողջական համամասնական ընտրակարգին, առաջարկում են, որ ոչ թե միայն կուսակցության անունը գրվի քվեաթերթիկի վրա, այլ առնվազն 30 պատգամավորի անուն, որ քաղաքացին պատգամավորի ընտրությանը մասնակից լինի։ Հակառակ դեպքում, ըստ պատգամավորի, կստացվի` կուսակցապետն է որոշում՝ ով է արժանի մանդատին, ով` չէ. «Ժողովուրդը գնալու է, ընտրի կուսակցության լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում, ժողովուրդն ընտրում է լիդերի կամ կուսակցության եռյակին, կամ թող լինի տասնյակին, բայց ընտրվում են մարդիկ, ովքեր, ըստ էության, եթե ժողովրդի դատի առաջ կանգնեին, որ ընտրվեին, չէին ընտրվի, և մենք ունենք այդ փորձն այս խորհրդարանում: Այս խորհրդարանը շատ է քննադատվում այդ իմաստով, որ հանրությանն անհայտ մարդիկ դառնում են պատգամավոր»:

Իշխող խմբակցությունում ևս ոչ բոլորն են կողմ փոփոխությանը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը հատկապես պահանջում են հասարակական կազմակերպությունները և մի քանի արտախորհրդարանական ուժեր։ Քաղհասարակության ներկայացուցիչները երեկ հանդիպել են վարչապետ Փաշինյանին ու քննարկել այս հարցը։ Հանդիպումը փակ է եղել, և մասնակիցները հրաժարվեցին մանրամասներ հայտնել։

«Բայց ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ միայն օրենսգրքի դեմ խոսացողներն էին, և ի աջակցություն եղած նախագծի ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, որոնք կյանքում ոչ քարոզարշավ են կազմակերպել, ոչ մի բան, այսինքն` իրենք լոբինգ ենք անում մի բան, ինչի են իրենք լոբինգ անում, ես չգիտեմ», — ասում է Մարուքյանը:

Եթե կամք կա առողջացնելու քաղաքական միջավայրը, պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը, պնդում է «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունն այս իրավիճակում սկզբունքային է, որպեսզի բացառվի որևէ ուժի կողմից` կլինի իշխանություն, կլինեն նախկիններ և այլն, վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի կամ ընդհանրապես հանրային և ժողովրդի, քաղաքացիների կամարտահայտման, որոշման վրա որևէ ազդեցություն կիրառելուց»:

Իշխանական նախկին պատգամավորը համոզված է՝ այս փոփոխությամբ վերջ կդրվի նախկինում կիրառված արատավոր երևույթներին` թաղային հեղինակությունների ակտիվությանը, վարչական ռեսուրսի չարաշահմանն ու ընտրակաշառքին։ Հավասար պայմաններ կստեղծվեն հարուստ ու աղքատ կուսակցությունների համար. «Մինչդեռ գործող օրենսգիրքն այդ վերահսկումը չի իրականացնում, գործող օրենսգիրքը մեծ հաշվով ամբողջ այդ կոռուպցիոն համակարգի իրավական ձևաչափն է տվել»:

Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» դեռ դիրքորոշում չի հայտնում՝ որ տարբերակին է կողմ։ Պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ երկու դեպքում էլ խնդիր չեն ունենա։ Մասնակցելու են ընտրություններին. «Իշխող ուժի թող ոնց որ կամք ցուցաբերի` որը ինքը գտնում է, որ այդպես է, այդ կամքը ցուցաբերի, այսինքն` բան չանի, որ այսպես նայենք… Ես ասում եմ` մենք երկուդ դեպքում էլ որևէ խնդիր չունենք, մասնակցելու ենք»:

Իշխանությունը կարևորում է, որ Ազգային ժողովի ընդդիմության հետ փոխհամաձայնությամբ ընդունվի Ընտրական օրենսգիրքը, ինչպես որ եղավ արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ։ Էդմոն Մարուքյանը բացառում է, որ իրենք կհամաձայնեն կամ կողմ կքվեարկեն այս առաջարկվող նախագծին. «Եթե ընտրական օրենսգիրքը, ու միաձայն «Իմ քայլը» ընդունի, դա կնշանակի, որ գործող բոլոր պայմանավորվածությունները ջուրն են լցնելու դրանով մեզ հետ ունեցած, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ ամսի 20-ին անում ենք ընտրություններ և ոչ մի բանի չենք միջամտում, և մյուսը` դրանով սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ»:

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 84 - Today Page Visits: 1