Ավետիսյшնների пղբերգпւթյունը․ հпրը ադրբեջшնցիները դшժանпրեն սպшնեցին, որդին էլ զոհվեց մարտի դшշտում…. — ARUSHANYAN TV Ավետիսյшնների пղբերգпւթյունը․ հпրը ադրբեջшնցիները դшժանпրեն սպшնեցին, որդին էլ զոհվեց մարտի դшշտում…. — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ավետիսյшնների пղբերգпւթյունը․ հпրը ադրբեջшնցիները դшժանпրեն սպшնեցին, որդին էլ զոհվեց մարտի դшշտում….

Ավետիսյանները Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում հիմնավորված առաջին ընտանիքներից էին։ 1995 թվականին գյումրեցի ընտանիքը վերաբնակեցման ծրագրով տեղափոխվեց Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ, 6 տարի անց՝ 2001 թվականին նրանք տեղափոխվեցին Նորաշեն, որտեղ և ապրում էին մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը։ Մեկ շաբաթվա տարբերությամբ հայրն ու ավագ որդին զոհվեցին։ Ընտանիքի հորը՝ 55-ամյա Հմայակ Ավետիսյանին ադրբեջանցի դիվերսանտները դաժանորեն սպանել էին։ Նրա մարմինը հայտնաբերվել էր հոկտեմբերի 4-ին իր տան նկուղի դիմաց կախված վիճակում՝ մարմնի վրա ֆիզիկական բռնության և հրազենային վնասվածքի հետքերով: Ընտանիքի ավագ որդին՝ պայմանագրային զինծառայող Ավետիս Ավետսիյանը, զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ չտեսնելով առաջնեկի ծնունդը։

Հմայակ և Արմենուհի Ավետիսյանները նոր աշխատանք գտնելու և նոր տուն ստեղծելու ակնկալիքով, իրենց երեք զավակների հետ 1995թ․ Գյումրիից տեղափոխվեցին Արցախ՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ։ 1998-ին նրանք երկրորդ որդին ունեցան և անվանեցին Արցախ։ 2001 թվականին վերջնականպես հաստատվեցին Նորաշենում, իսկ արդեն 2002-ին ծնվեց նրանց ընտանիքի կրտսեր դուստրը՝ Ագապին։

>Արմենուհի Ավետիսյան

Հմայակ Ավետիսյանը պատշար էր, աշխատում էր Հադրութ քաղաքում, իսկ Արմենուհի Ավետիսյանը աշխատել է Նորաշենի մանկապարտեզում՝ որպես դայակ, իսկ այնուհետև գյուղապետարանում՝ որպես քարտուղար, 3 տարի եղել է նաև գյուղապետ։ Ավետիսն ու Արցախն էլ պայմանագրային զինծառայողներ էին և աշխատում էին Հադրութի զորամասում։

Սեպտեմբերի 25-ին Ավետիս Ավետիսյանի մարտական հերթափոխի օրն էր, նա այդ օրը վերադարձավ դիրքերից, սակայն երկու օր անց՝ պատերազմի օրը, եղբոր հետ բարձրացան դիրքեր։ Մինչև սեպտեմբերի 30-ը Ավետիսյանների ընտանիքը մնացել է տանը, սակայն երբ գյուղի վրա հարվածները շատացել են, Արմենուհի Ավետիսյանը առաջարկել է դուրս գալ գյուղից, սակայն ամուսինն ասել է, որ ինքը կմնա, թող կինը՝ երեխաներին վերցնի ու գնա։ Մինչև պատերազմի սկսվելը Ավետիս Ավետիսյանը շինարարական նյութեր էր գնել, որպեսզի տուն կառուցեր իր նորաստեղծ ընտանիքի համար։ Օգոստոս ամսին էր ամուսնացել։

Հմայակ Ավետիսյանը՝ որդու և հարսի հետ, նրանց նշանադրության օրը

«Ասաց՝ Արմինե՛, կգան թուրքերը ամբողջ կտանեն, դու էրեխեքին վերցրա՛, գնա, ես կմնամ։ Ամսի 5-ն էր, թե 6-ը, ստույգ չեմ կարող հիշել, մեր գյուղապետը զանգեց, թե՝ Ծոյին (գյուղում այդպես են դիմել Հմայակ Ավետիսյանին, խմբ․) կախված են գտել պադվալի մոտ։ Դիվերսանտներ են մտել գյուղ։ Հարևանի մարդն էր տեսել, որ կախված ա։ Գլխի հատվածում բթիս չափ ծակեր կար, մենք դիակը որ բերեցինք, տեսանք։ Ուղղակի չեմ նկարել, չեմ կարծել, որ անհրաժեշտ կլինի»,- պատմում է Արմենուհի Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 30-ին Արցախից դուրս գալուց հետո այլևս կապ չեն կարողացել հաստատել ամուսնու հետ։

Ավագ որդու՝ Ավետիս Ավետիսյանի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 9-ին, այն ժամանակ, երբ նա արդեն իսկ վիրավոր է եղել, սակայն շրջափակման մեջ լինելու պատճառով չեն կարողացել վիրավորներին դուրս բերել մարտի դաշտից։

«Մի երկու խոսքով ուզեց նախազգուշացում տալ՝ էրեխեքին ձեռիդ տակ կպահես, մա՛մ, հարսիկին անպայման թևիդ տակ կպահես։ Ամսի 9-ին տղիս հետ խոսեցինք, 10-ին զանգեցին, ասեցին, որ որդիս չկա։ Ընկերը պատմում ա, որ նույնիսկ պատրոն է հանել, որ իրեն խփի, մենակ թե գերի չընկնի։ Հետո դին էլ մի կերպ են հանել»,- պատմում է մայրը։


Արմենուհի Ավետիսյանն ու նրա կրտսեր դուստրը՝ Ագապին

Վերադառնալով ամուսնու մասին հիշողություններին՝ Արմենուհի Ավետիսյանը նշում է, որ իր որդիների համար նա ընկերոջ նման է եղել, երբեք խիստ չի եղել նրանց նկատմամբ․ «Չգիտեմ, մեր ծննդավայրից հեռու էինք, բայց խաղաղ ապրում էինք։ Ինչքան տալս ու տեգրներս ասում էին՝ հետ եկեք Երևան, ասում էի՝ չէ՛, փոս տեղ ընկած, հանգիստ ապրում ենք։ Ասում էին՝ կռիվ է լինելու, հետ եկե՛ք։ Ինչքան էլ կռիվ լիներ, մեկ ա՝ էրեխեքս գնալու էին: Զոհը ճակատագիրն էր․․․»։

Հմայակ Ավետիսյանին հուղարկավորել են հոկտեմբերի 13-ին՝ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում, իսկ Ավետիս Ավետիսյանին՝ հոկտեմբերի 15-ին Եռաբլուրում։ 30-ամյա Ավետիս Ավետիսյանը նոր էր ընտանիք կազմել։ Կնոջ՝ Ռաիսա Սարգսյանի հետ ծանոթացել էին՝ 2018 թվականի հուլիսին։ Ռաիսան աշխատանքի էր ընդունվել Հադրութի խանութներից մեկում, իսկ Ավետիսը խանութներից մյուսի պահեստապետն էր, և հենց աշխատանքի բերումով էլ հանդիպել է Ռաիսային։ Երկար ժամանակ շփվելուց հետո 2020 թվականի մարտի 23-ին՝ Ռաիսայի ծննդյան օրը, նրանք նշանվել են, իսկ օգոստոսի 7-ին՝ ամուսնացել։ Մայիս ամսին կծնվի Ավետիսի և Ռաիսայի որդին։ Ավետիսը որոշել էր առաջնեկին Արեգ անվանել։


Ռաիսա Սարգսյան

Ներկայում Արմենուհի Ավետիսանը իր հարսի, կրտսեր որդու, դուստրերի և դստեր երեք անչափահաս որդիների հետ բնակվում է տալի տանը՝ Նորքի 4-րդ զանգվածում՝ երեք սենյականոց բնակարանում՝ տալի և նրա որդու հետ։ Տիկին Արմենուհին առողջական խնդիրներ ունի, արդեն մի քանի ամիս է՝ դիմում է պաշտպանության նախարարությանը, թաղապատերանին, որպեսզի օգնեն իրեն անվճար բուժզննում անցնի, սակայն մինչև հիմա որևէ տեսակի օգնություն չի ստացել։

Ավետիսն ու Ռաիսան՝ նշանադրության օրը

Ռաիսայի վզնոցը

Սակայն նրանց համար այս պահին գլխավորը տան հարցն է․ «Ինձ կոպեկ պետք չի, ոչ մի բան պետք չի։ Ինձ տուն ա պետք, որ ես իմ էրեխեքին հավաքեմ իրար գլխի, իմ սուգը սգամ։ Էսօր իմ աշխատուժը չկա, իմ հաց տվողը չկա։ Էրեխեքս աշխատում էին, ամուսինս էլ, փառք Աստծո, էլի փող էր բերում տուն, ընտանիքս պահում էր։ Ուրախ, առույգ ընտանիք էինք, ոչ մեկս մյուսի խաթրին չէինք կպնում։ Ինձ ասե՛ք՝ հիմա ես ինչ անեմ»։

Աղբյուր՝ hetq.am

 

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 154 - Today Page Visits: 1