Այս գործելաոճը մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում է — ARUSHANYAN TV Այս գործելաոճը մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում է — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Այս գործելաոճը մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված հերթական փորձերը:

«Նախորդ օրը Իլհամ Ալիևը, այցելելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, հետևյալ հայտարարությունն է արել. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են…»:

Նշենք, որ Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղի նախկին Ծաղկավանք վանական համալիրի միակ կանգուն մնացած եկեղեցին է։

Ալիևի այս հայտարարությունը Ադրբեջանում արդեն տասնամյակներ շարունակ ձևավորված պետական քաղաքականության շարունակությունն է, որը նպատակ ունի յուրացնելու հայկական հնագույն և միջնադարյան մշակութային արժեքները՝ պատմության խեղաթյուրման կամ այլափոխման միջոցով:

Դեռևս 1960-ականների կեսերին և 1970-ականների սկզբին Խորհրդային Ադրբեջանի գիտությունների ակադեմիան հիմք դրեց հակագիտական այն մոտեցմանը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող քրիստոնեական հուշարձանները ոչ թե հայերի, այլև ադրբեջանցիների նյութական մշակույթի արժեքներ են, որոնց նախնիները եղել են դեռևս 9-րդ դարից վերացած Կովկասյան Ալբանիայի (Աղվանք) քրիստոնյա բնակիչները:

Այս տեսության հիմնաքարը դրեց հայտնի կեղծարար Զիա Բունիաթովը` իր «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» ուսումնասիրությամբ, որի վերնագիրն արդեն ինքնին վկայում է վերջինիս հակագիտական մոտեցման մասին: «Աղվանական տեսությունը» հետագայում լայն տարածում ստացավ ադրբեջանցի գիտնականների շրջանում, որոնցից շատերը հաճախ իրենք էին խճճվում իրենց կեղծարարություններում: Այս կերպ Արցախի տարածքի շուրջ 200 հուշարձաններ հայտարարվեցին աղվանական-ադրբեջանական, այդ թվում՝ Խաթրավանքը, Դադիվանքը, Գանձասարը և այլն, որոնք ընդգրկվեցին Ադրբեջանի խորհրդային կառավարության կողմից հաստատված հուշարձանների պաշտոնական ցուցակներում:

Յուրացման քաղաքականությանը զուգահեռ ադրբեջանական կառավարության կողմից շարունակվում է իրականացվել հայկական մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը: Վերջերս հաստատվեց ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (առավել հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով) ավերման փաստը։ Ընդ որում, եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի ընթացքում, այլ դրա ավարտից հետո։

Այս գործելաոճը մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում է, որը ցեղասպանության տեսության հիմնադիր, իրավագետ Ռաֆայել Լեմկինի պնդմամբ խիստ կործանարար է և հաճախ բացահայտում է խմբի ֆիզիկական ոչնչացման դիտավորությունը: Լեմկինը համոզված էր, որ ցեղասպանության մշակութային բաղադրիչն ունի այն կանխարգելելու հատկանիշ:

Ըստ Ցեղասպանությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի քննարկումներին մասնակից Վենեսուելայի պատվիրակի՝ «…այրվող գրքերն ու այրվող մարմինները նույնը չեն, սակայն երբ որևէ մեկը ճիշտ պահին միջամտի եկեղեցիների ու գրքերի զանգվածային ոչնչացմանը, կարող է կանխարգելել նաև մարմինների այրվելը»:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ միջազգային հանրության և պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած մեր օրերում շարունակվող մշակութային արժեքների զանգվածային ոչնչացումներին, առ այսօր գոյություն չունի որևէ միջազգային իրավական գործիք կամ փաստաթուղթ, որը «մշակութային ցեղասպանություն»-ը կդարձնի պատժելի արարք:

Գոյություն ունեցող անպատժելիությունը, թերևս, գալիս է հուշելու, որ առավել քան հրատապ է միջազգային նոր կոնվենցիայի ընդունումը, որով մշակութային արժեքների դիտավորյալ և հետևողական ոչնչացումը նույնպես կքրեականացվի: Միաժամանակ Ադրբեջանի այս քաղաքականությունը հայերի ֆիզիկական ոչնչացման դիտավորություն է պարունակում, ինչը խիստ անհրաժեշտ է դարձնում արցախահայության պաշտպանությունը և օր առաջ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը»,- նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դատապարտող հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 109 - Today Page Visits: 1