Ըստ Սաղաթելյանի՝ «փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն» — ARUSHANYAN TV Ըստ Սաղաթելյանի՝ «փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն» — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ըստ Սաղաթելյանի՝ «փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն»

«Փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն»,-շաբաթներ շարունակ փակ պահվող Բաղրամյան պողոտայում այսօր հրավիրած ասուլիսում կարծիք հայտնեց ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, առաջինը, վարչապետը տա հրաժարական, ընդ որում՝ երկու անգամ, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը և Հանրապետության նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ: Այսինքն՝ այն ֆեյսբուքյան ստատուսը, որ տեղի են ունենալու հունիսի 20-ին ընտրություններ, և դա վերջնական է, մեր մոտ հավատ չի ներշնչում», — ընդգծեց Սաղաթելյանը:

Դաշնակցական Սաղաթելյանը հիշեցնում է՝ արտահերթ անցկացնելն իրենց պահանջներից մեկն է եղել, և եթե ընտրություններ տեղի ունենան, դա կբավարարի «Հայրենիքի փրկության շարժման» պահանջների ընդամենը մի մասը։

«Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, այսինքն իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ դա չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով, մեծ հնարավորություն, որ այդ ընտրությունները կեղծվելու են: Եվ իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի», — ասաց շարժման համակարգողը:

«Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություններն արդեն հայտարարել են, որ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Իշխան Սաղաթելյանն այս որոշումները սովորական է համարում. «Բարգավաճ Հայաստանը» և Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ ասել է՝ եթե տեղի ունենան ընտրություններ, ես կմասնակցեմ: Դա «Բարգավաճ Հայաստանի» բնական իրավունքն է ու դա նոր չէ, հրապարակային «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ մասին մի քանի անգամ հայտարարել է, ասել է՝ եթե դուք դնում եք ընտրություններ կամ չեք ուզում անել ընտրություններ, պետք չէ հղում անել «Բարգավաճ Հայաստանին», եթե դնեք ընտրություններ, ես կմասնակցեմ: «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ևս հայտարարել է՝ որ լինի, կմասնակցեմ: Շարժման բազմաթիվ կուսակցություններ իրենց դիրքորոշումը հայտնել են, բայց այստեղ կա մի կարևոր բան, մենք Նիկոլի հեռացման հարցում շարժման մեջ ունենք 100 տոկոս կոնսենսուս»:

Սաղաթելյանի խոսքով՝ շարժումը շարունակում է պնդել, որ իրենց առաջարկած ճանապարհային քարտեզը՝ ժամանակավոր կառավարության ստեղծումը, հետո միայն ընտրությունների գնալը իրավիճակից դուրս գալու ճիշտ, արդյունավետ ճանապարհն է:

Արդյոք շարունակելո՞ւ են փակ պահել Երևանի գլխավոր՝ Բաղրամյան պողոտան. Սաղաթելյանն ասաց՝ բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են, հնարավոր են մարտավարական փոփոխություններ:

«Հայրենիքի փրկության շարժումը» ժամանակավոր վարչապետի պաշտոնում տեսնում է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։ Շարժման համակարգողի խոսքով՝ կարևորը սկզբունքն է, որ ընտրություններն անցկացվեն չեզոք կառավարության օրոք, եթե վարչապետի այլ թեկնածու առաջարկվի, պատրաստ են քննարկել։

Սաղաթելյանն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը հասկանալի է համարում՝ այն է ընտրությունների անցկացում անկուսակցական փոխվարչապետի ղեկավարման օրոք։

Դաշնակցությունն անկախ այլ ուժերի դիրքորոշումից մինչև վերջ պայքարելու է հայտարարված օրակարգի իրագործման համար. «Նույնիսկ եթե մնանք մենակ էլ, շարունակելու ենք ամբողջ ծավալով մեր պայքարը, օր առաջ Նիկոլ Փաշինյանը որպեսզի հեռացվի: Մենք երբեք դեմ չենք եղել արտահերթ ընտրություններին, բայց գտնում ենք, որ այդ արտահերթ ընտրությունները չպետք է կազմակերպի ինքը, բազմաթիվ անգամ ասել եմ ինչի: Եթե այսքան պայքարից հետո, անկախ մեր կամքից տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ ժամանակ նոր Դաշնակցությունը կքննարկի իր մասնակցության ձևաչափը, օրակարգը կամ մասնակցում է, թե ոչ»:

 

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 109 - Today Page Visits: 1