Ֆիրդուս թшղամшս. Հանրшպետпւթյան 46 հասցեի հпւշարձան-շենքը կդառնա ռեստորան, կավելանան հարկեր — ARUSHANYAN TV Ֆիրդուս թшղամшս. Հանրшպետпւթյան 46 հասցեի հпւշարձան-շենքը կդառնա ռեստորան, կավելանան հարկեր — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ֆիրդուս թшղամшս. Հանրшպետпւթյան 46 հասցեի հпւշարձան-շենքը կդառնա ռեստորան, կավելանան հարկեր

«Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս թաղամասի) կառուցապատողներից մեկն է, իր երեք լոտերի կառուցապատման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել: 2-րդ լոտում է գտնվում Հանրապետության 46 hասցեն, որը հուշարձան-շենք է: Հուշարձանի հատվածում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ շենքի 9 հարկանի հատվածը:

Երեք տարածքներում ընկերությունը նախատեսել է բազմաֆունկցիոնալ բնակելի մեծ համալիր կառուցել: Ողջ հողամասի մակերեսը 3207 քմ է, իսկ կառուցապատման մակերեսը` 2586: Կառույցը նախատեսվում է 9 և 12 հարկանի, համապատասխանաբար 30 և 45 մ բարձրությամբ: 1-3 հարկերը նախատեսված են գրասենյակային տարածքների և խանութների համար: 4-12-րդ հարկերը` բնակարաններ են լինելու:

Ինչպես ներկայացվում է նախագծում` հուշարձանի հարևան շենքի (Թուֆենկյան հյուրանոցն է, հեղ.) կողային, հուշարձանին կից ճակատը լերկ է, սվաղված ցեմենտ-ավազե սվաղով, որը ենթադրում է նրան կից կառույց ունենալու տրամաբանական շարունակություն: Սակայն հուշարձանի առկայությունը և այն շեշտելու հանգամանքը ստիպում է, որ նոր կառույցը հուշարձանի ճակատից որոշ չափով հետ տեղադրվի:

Հուշարձան կառույցի կրող պատերի սխեման թելադրում է նոր կառույցի սյունացանցի տեղակապումը և համապատասխանաբար դեպի Հանրապետության փողոց նայող արտաքին պատի տեղը: Առանցքի հեռավորությունը հուշարձանի ճակատից կազմում է 6 մ: Նույն լուծումը տրված է դիտարկվող հուշարձանի դիմաց գտնվող հուշարձան-նոր կառույց հորինվածքում: Այնտեղ ևս նոր 8 հարկանի շենքի ճակատը տեղադրված է հուշարձանից մոտ 6 մետր հեռավորության վրա:

«Մենք առաջարկում ենք հուշարձանն ամբողջովին ընկալելի դարձնել մարդկանց համար: Այդ նպատակով նորակառույցի հուշարձանին կից հատվածները՝ ընդհանուր առմամբ 3 հարկ, նախատեսվում է թափանցիկ ապակի: Կազմակերպվում է մեծ, ատրիումային տարածություն, ձմեռային այգի, որտեղից բացվում է հուշարձանի վերակառուցված բակային ճակատը: Բակը նախատեսվում է օգտագործել որպես սրճարան-ռեստորան: Նստատեղեր կլինեն նաև հուշարձանի պատշգամբներում և շենքում մասնակիՇենքի մնացած հատվածները կօգտագործվեն որպես ռեստորանի խոհանոց և սպասարկման տարածքներ»,- արձանագրել են նախագծողները:

«Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն շինարարության տեխնոլոգիան և ընթացքը նախատեսում է իրականացնել «Շեմք» ՍՊԸ-ի առաջարկով: Այսինքն` նախատեսում է ամրակայել հուշարձան կառույցի հիմնական ճակատային պատը, մնացած պատերը կազմաքանդել, տեղում իրականացնել միաձույլ հիմնակմախք` այն հնարավորինս համապատասխանեցնելով շենքի հատակագծային լուծումներին և ներառելով վերականգնվող պատերի մեջ:

2020թ. հունիսի 18-ի պայմանագրի հիման վրա «ՇԵՄՔ» ՍՊԸ-ն Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի տեխնիկական վիճակի և այն վերակառուցմամբ վերականգնելու հնարավորության վերաբերյալ եզրակացություն է տվել: Այդ եզրակացությամբ նշվել է, որ շենքը, որի գլխավոր ճակատն ունի որմածքի ինքնատիպ հորինվածք ու ձևավորում, իր ծավալատարածական լուծումներով ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-կառույց է:

Համաձայն այդ եզրակացության` Հանրապետության 46 hասցեի շենքը 1800-ականների անհատական նախագծով իրականացված, մասնակի նկուղաբաժնով, Г-աձև հատակագծային տեսքով երկհարկանի բնակելի կառույց է: Կոնստրուկտիվ համակարգը երկայնական և լայնական կրող պատերով և միջհարկային ծածկերով է: Պատերի հիմքերը ժապավենային են, խամքարաշարվածքից: Զննմամբ պարզվել է, որ շենքը, տևաբար մնալով աննորոգ ու անխնամ վիճակում, ձեռք է բերել տարաբնույթ վնասվածքներ: Արտաքին սալվածքը մասամբ բացակայում է և մասամբ գտնվում է անբարեկարգ վիճակում, ինչը նպաստում է տեղումնային ջրերի ներհոսքին դեպի պատերի հիմնախարսխային մասերն ու հիմնատակերը` նպաստելով դրանց թրջմանն ու թուլացմանը:

Թվարկելով զննության այլ մանրամասներ` փորձագետը եզրակացրել է, որ շենքի տեխնիկական վիճակը, ըստ կրող կոնստրուկցիաների վնասվածության նորմատիվ սանդղակների չափորոշիչների, ընդհանուր առմամբ գնահատվում է խիստ անբավարար և վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը դասվում է 4-րդ աստիճանի:

Այդուհանդերձ, փորձագետը եզրակացրել է, որ անկախ վնասվածության մակարդակից, որպես պատմամշակութային արժեք ունեցող հուշարձան-կառույց, շենքը ենթակա է ուժեղացմամբ վերականգման, որի համար առաջարկվել է ժամանակավոր կանխարգելիչ կոնստրուկցիայի տեղադրումով ամրակայել և պահպանել գլխավոր ճակատի պատը, այնուհետև կազմաքանդել տանիքը, միջհարկային ծածկերը, պատշգամբները և կավաավազային շաղախով որմված պատերը` առանձնացնելով կրկնաօգտագործման համար պիտանի նյութերը: Կազմաքանդումից հետո, սկսած հիմքից, միաձույլ և մանրահատ բետոնից ամրանավորված ճնշածեփ շապիկավորումով ուժեղացնել գլխավոր ճակատի ամրակայված պատը, իսկ մնացած կազմաքանդված պատերը վերաշարել, առանձնացված քարերի և նորերի օգտագործմամբ` կիրառելով կրաավազային բարդ շաղախ, դրան հավելելով մանրացված բազալտաքարեր: Կրկնօգտագործման համար պիտանի փայտանյութի և նորերի կիրառմամբ` վերականգնել միջհարկային ծածկերն ու պատշգամբները, և իրականացնել արտաքին կազմակերպված ջրահեռացմամբ նոր լանջավոր տանիք: Շենքում կատարել ներքին ու արտաքին հարդարման և բարեկարգման աշխատանքներ:

Անդրադառնալով պատվիրատուի առաջարկին, այն է` շենքը վերակառուցմամբ վերականգնելուն և վերջինիս վրա վերնակառույց հարկերի ավելացմանը` փորձագետն այն նույնպես գտել է տեխնիկապես հնարավոր: Դրա համար անհրաժեշտ է շենքի գլխավոր ճակատային պատի ժամանակավոր ամրակայումից և մնացած պատերի կազմաքանդելուց հետո, տեղում իրականացնել միաձույլ շրջանակային կամ շրջանակապային կոնստրուկտիվ սխեմայով նոր հիմնակմախք, այն հնարավորինս համապատասխանեցնելով շենքի հատակագծային լուծումներին`վերականգնվող պատերի մեջ ներառելով հիմնակմախքը:

Առաջարկվող կամ այլ համանման տարբերակների ընտրության դեպքում առկա վերականգնվող շենքը ողջ ծավալով, ըստ էության կընդգրկվի նոր կառուցվող շենքի ծավալում և նման ձևով այն կպահպանվի որպես հուշարձան-կառույց:

«Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018թ․ հունիսի 12-ին։ Միակ բաժնետերը Ռուբեն Մարքլենի Կարախանյանն է։ Ընկերությունը 10 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունի։ Սակայն նույն անձը նաև այլ ընկերություններ է հիմնադրել և տնօրինում։ Մասնավորապես՝ «Մոբիլայն» ՍՊԸ-ի սեփականատերն է, որին էլ պատկանում են «Սվարովսկի» և «Էգոիստ» խանութների սրահները, «Գաստրո» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերն է, որը Կոմիտասի 15 հասցեում շահագործում է «Դեգուսթեյշն» սննդի կետը, Բաբայան փողոցում գտնվող որսորդական խանութը շահագործող «Սաֆարի-առմա» ՍՊԸ-ում 33,4 % բաժնեմասի սեփականատերն է, ժամանակավոր դադարեցված «Տատյանս թրավել» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը։

«Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած նախագծի հանրային քննարկումը տեղի կունենա մարտի 24-ին` ժամը 12:00-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում:

Աղբյուր՝ hetq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 124 - Today Page Visits: 2