«Մшյրն իր пրդու հшնդեպ шյդպես հпգшտար չի կարпղ լինել, пրքան զինվпրը զինվորի հանդեպ այդ կռվի դաշտում» — ARUSHANYAN TV «Մшյրն իր пրդու հшնդեպ шյդպես հпգшտար չի կարпղ լինել, пրքան զինվпրը զինվորի հանդեպ այդ կռվի դաշտում» — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Մшյրն իր пրդու հшնդեպ шյդպես հпգшտար չի կարпղ լինել, пրքան զինվпրը զինվորի հանդեպ այդ կռվի դաշտում»

Պատերազմի ծանր օրերից էր: Զորամասի զորքը, որի գնդերեցն է տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, այդ օրը, մարտական առաջադրանքը կատարած, վերադարձել էր ուժասպառ: Տղաներն այնքան էին թուլացել, որ չէին կարողանում իջնել մեքենաներից: Նրանց սպասող մարտական ընկերները մոտեցել էին մեքենաներին: «Դուք միայն պետք է տեսնեիք, թե նրանք ինչպես էին իրենց ձեռքերի վրա բերում պառկեցնում ընկերներին»,- նշում է տեր Մանուկը: Չնայած բժիշկներն ամեն ինչ անում էին, տղաները չէին դադարում որեւէ ձեւով օգնել ընկերներին՝ ջուր էին տանում, ցեխոտ, թրջված հագուստն էին փոխում: Հոգատարության այդ գիծը ձգվում էր պատերազմի ողջ ընթացքում:

«Գիտե՞ք, թե ինչն է հուսադրողը։ Բանակի մեջ մենք՝ հոգեւորականներս, արմատական ուզում ենք հասկանալ մարդուն։ Ես անգնահատելի մի բան նկատեցի ամբողջ բանակի մեջ։ Չեք պատկերացնի, թե հոգատարության ինչ տեսակ կա, մայրն իր որդու հանդեպ այդպես հոգատար չի կարող լինել, որքան որ զինվորը զինվորի հանդեպ այդ կռվի դաշտում։ Եվ հենց դա է ուժ տալիս։ Մեզ՝ հոգեւորականներիս էլ, դա ուժ է տալիս»,- ասում է գնդերեցը։ Մարտի դաշտում տեր Մանուկի համար հոգատարության դրսեւորման գագաթնակետ էր այն, որ զինվորն իր վիրավոր ընկերոջ մոտ ծնկի էր եկել ու սկսել էր աղոթել իր հետ։ Սա պատմելուց հետո տեր Մանուկը մի պահ լռում է։ Ու, կարծես, այդ վայրկյանների միջով հուզմունքի դողը հաղորդալարի պես անցնում է մեզ։

«Մեր ժողովուրդը սրանից ավելի սարսափելի ու ծանր ապրումներ է ունեցել»,- նշում է նա։ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գնդերեցների ներկայությունը բանակում համարում է բանակի սիրտն ու հոգին։ Բայց նրանց թիվը քիչ է, բոլոր զորամասերը չէ, որ գնդերեց ունեն: Այնուամենայնիվ, տեր Մանուկի խոսքով, փորձում են ամբողջ բանակին հաղորդ դարձնել Ավետարանին, ինչը բանակի գնդերեցի հիմնական նպատակն է։ Իսկ պարտադրված պատերազմը, ըստ նրա, չէր կարող անտարբեր թողնել եկեղեցուն ու հոգեւորականին։ Պատերազմի ժամանակ զորամասերին կցված գնդերեցները հետեւեցին իրենց զորքին։ Եռաբլուրում ենք: Տեր Մանուկի հետ քայլում ենք դեպի Մոնթեի շիրմաքարը:

Ասում է՝ հրամանատարիս մոտ գնանք։ Ես հասկանում եմ, որ պատերազմի միջով անցած հոգեւորականը չի խոսելու իր տեսածի ու զգացածի մասին։ Պատերազմի սարսափը հաստ շաղախի պես նրա հիշողություններին է կպել՝ ծանրացնելով ներկան։ Ու այդ ծանրությունը, կարծես, անտեսանելի է մեզ՝ դիմացիններիս համար։ Պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեր Մանուկի զորամասը Քարվաճառ էր գնացել։ Զորքի հետ էր նաեւ գնդերեցը։ Առաջին օրերին վիճակը բավական լավ էր, թշնամուն հաջող հետ էին մղում, զորքի մեջ էլ կորուստ չունեին։ Սակայն հետոն չէին պատկերացնում։ Քարվաճառից հետո Ջրական (Ջաբրայիլ) էին տեղափոխվել, որտեղ արկերի ու ռումբերի կարկուտ էր։ Այստեղ կորուստներ շատ ունեցան։ Գնդերեցն ասում է՝ հնարավո՞ր է, որ անձրեւ գա, ու մարդը չթրջվի։

«Ես մի բան գիտեմ, որ հայոց կռացած մեջքը պիտի ոտքի կանգնի։ Տիրոջով պիտի ոտքի կանգնի, հույսներս ոչ մի վայրկյան պիտի չկտրենք ոչ մի բանից։ Պիտի բոլորս միահամուռ, միաբան աղոթքով ոտքի կանգնենք, ուրիշ ոչ մի կերպ։ Հուսահատվելու բացարձակ առիթ չկա։ Այո, շատ ենք կորուստներ ունեցել, գուցե առաջիկայում էլ ունենանք, բայց կհաղթենք, անպայման կհաղթենք։ Մենք կպարտվենք այն ժամանակ, երբ վերջնական մոռանանք մեր հայրերի Աստծուն։ Սա թող ամբողջ ազգը լավ իմանա»,- նկատում է քահանան։ Հոգեւորականի համոզմամբ՝ պետք է խրախուսել կրթությունը։ Երեխաներն ամենաքիչը 2-3 օտար լեզու պետք է իմանան, եւ երկրում պետք է խրախուսվի ծնելիությունը. «Այս տղաների տեղը պետք է լրացվի»։ Պատերազմի մասին խոսելիս տեր Մանուկը նայում է հեռավոր հորիզոնին։ Ու թվում է, թե այնտեղ կինոժապավենի պես կադր առ կադր իրար կողքի է դասավորում պատերազմի դրվագները։ Եվ մերթընդմերթ նրա դեմքին տխրություն է իջնում մշուշի պես։ Հետո այդ մշուշի մեջ մնում է պատերազմի սարսափը, որի փոխարեն նա նախընտրում է խոսել տղաների սխրանքներից։

«Անկեղծ եմ ասում՝ ամեն մեկը մի առյուծի ձագ էր։ Այնպիսի քաջագործություններ տեսա իմ տղաների մեջ, որ եթե պատերազմ չլիներ, երբեւէ չէին կարող բացահայտել իրենք իրենց, ես էլ չէի կարող բացահայտել նրանց,- ասում է նա,- էս տղերքը, որ հիմա էստեղ ննջում են, իրենք հաղթեցին, իրենք կանգնեցին մահվանը դեմ հանդիպման ու մահվանն ասացին՝ ոչ, իսկ հիմա ողբում ենք իրենց կորուստը, մեր հողերի կորուստը: Մենք ավելի մեռած ենք։ Ես էսպես եմ հասկանում»։

-Պատերազմի ականատեսները սովորաբար չեն ուզում պատմել իրենց տեսածը: Ինչի՞ց է,-հարցնում եմ նրան։

-Պատմելու ի՞նչ կա, որքան որ այս սարսափելի դրվագները ժողովուրդը քիչ լսի, այնքան մեր օգուտն է։ Եվ շատ ճիշտ են անում։ Այն հերոս տղաները, ովքեր այդ կռիվն ու պատերազմը, կրակը տեսան, լռում են, որովհետեւ մտովի նորից չեն ուզում անցնել, գնալ հասնել այդ ծանր, ցավոտ տեղերին։ Միայն հուսադրող խոսքեր պիտի լինեն, ուրիշ ոչինչ,- պատասխանում է զրուցակիցս։ Գնդերեցը պատերազմի ժամանակ բացահայտել է նաեւ ինքն իրեն, հասկացել, որ չի վախենում ո՛չ արկերի ու ռումբերի ձայներից, ո՛չ զոհվելուց։

-Դուք չեք խոսում պատերազմի դրվագներից, բայց արդյոք այդ հիշողությունները չեն ծանրացնում Ձեր ներկան,- հարցնում եմ նրան։

-Շատ են ծանրացնում, այդ աղմուկը, ձայները, իրապես, կյանքը թանկ է, բայց մարդ որ հավատքի մեջ ուժեղ է լինում, տուն գնալու մասին չի մտածում, առաջ գնալու մասին չի մտածում, իր վիրավոր ընկերոջ մասին է մտածում, մեռած ընկերոջը հետ բերելու մասին է մտածում։ Հավատքի ավյունը չպիտի նվազի, հենց զորքի մեջ հավատքի ավյունը նվազեց, իմացեք՝ ամեն ասպարեզում պարտված ենք,- ասում է գնդերեցը։

Տեր Մանուկը գրեթե մինչեւ ռազմական գործողությունների ավարտը եղել է Արցախում։ Ականատես է եղել, թե ինչպես է թշնամական ավիացիան հարվածել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն ու դրա դիմաց գտնվող բնակելի շենքին։ Մինչեւ նոյեմբերի 4-5-ը մնացել է Շուշիում։ Ասում է՝ ապրում էին մի տան մեջ, որի բակում հսկա ընկուզենիներ կային։ Տան նկուղային հարկը բավական ապահով էր, եւ արկակոծման կամ ռմբակոծման ժամանակ այնտեղ էին պատսպարվում։ Հասնում ենք նոյեմբերի 9-ի հայտարությանը։ Հարցնում եմ, թե ինչ զգաց, երբ իմացավ, որ Քարվաճառը պետք է հանձնեին այդ հայտարարությամբ։ Ասում է՝ պատմությունից էլ գիտենք, թե ինչ դժվարությամբ այն ազատագրեցինք։ «Տղերքը, որ այստեղ են, իրենց արյամբ է սահմանը գծվել։ Ցավալիորեն, այդ չարաբաստիկ նահանջի հրամանները մեր զորքի տունը քանդեցին։ Վստահ եմ, որ զորքը վայրկյան անգամ չի կոտրվել,- նշում է գնդերեցն ու շարունակում միտքը,- հարաբերական է, որ այսօր Ադրբեջանը եկել-հասել է Սյունյաց սահմաններին։

Մեկ շաբաթում կարող է ամեն ինչ փոխվել, եւ վայրկյան անգամ կասկած չունեմ, թե հայ զինվորն ինչ տեսակ կարող է փոխել։ Անխտիր բոլորս պիտի գնանք ու պայքարենք։ Ցավալիորեն, այսպես ստացվեց, 30 տարի մենք էին հաղթանակ տոնում, մի քիչ պարտվեցինք, բայց վստահ եմ, վաղն էլ հրաման լինի մեր զորքին, հայոց բանակը կարող է լիարժեք իր խնդիրը կատարել։ Իմ զինվորները կարող են»։ Նոյեմբերի 9-ից հետո մինչեւ այսօր տեր Մանուկը 3 գնդերեցներից մեկն է, որ Եռաբլուրում հուղարկավորություններ է կատարում գրեթե ամեն օր։ Ասում է՝ թվում է, թե պետք է փոքր-ինչ հարմարված լինեին իրավիճակին, բայց հակառակն է՝ ամեն անգամ զոհված զինվորի հուղարկավորելիս թարմանում է վերքը։ Տեր Մանուկն ասում է, որ չափազանց կարեւոր է զոհված տղաների ընտանիքներին այցելելը, նրանց մխիթարելը, եռակի ու քառակի հոգատարություն է պահանջում վիրավորների հետ աշխատանքը։

Բանակի գնդերեցներն ու թեմերի հոգեւորականների մի մասը ընդգրկված են այս գործում։ «Սա մեր խաչն է, որ պետք է տանենք բոլորս»,- ասում է նա։ Ժամը 13-ին երկու ժամկետային զինծառայողի պետք է հուղարկավորեին։ Տեր Մանուկը շտապում էր եկեղեցի, որի բակը լցվում էր սեւազգեստ մարդկանցով ու լացի ձայնով։ Մեքենաների շարասյունը բարձրանում էր պանթեոն։ Դրանց վրա ծաղիկներով գրել էին զոհված տղաների անունները։ Դժվար է անգամ պատկերացնել այն հոգեբանական ծանր աշխատանքը, որ ամեն օր կատարում են բանակի գնդերեցները։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Աղբյուր՝ hetq.am 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 163 - Today Page Visits: 1