Ֆրանսիայում լույս է տեսել «Ես կողոպտել եմ Քիմին» գիրքը. ինչ է պատմում գողը — ARUSHANYAN TV Ֆրանսիայում լույս է տեսել «Ես կողոպտել եմ Քիմին» գիրքը. ինչ է պատմում գողը — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ֆրանսիայում լույս է տեսել «Ես կողոպտել եմ Քիմին» գիրքը. ինչ է պատմում գողը

Զարմանալի երեւույթներն այլեւս հազվադեպ չեն. նույնիսկ հանցագործներն են գիրք գրում՝ հենց հանցանքի մասին։ 2016թ.-ին Փարիզում Քիմ Քարդաշյանին թալանած հանցագործներից մեկը՝ 67-ամյա Յունիս Աբբասն այդ դեպքի մասին գիրք է գրել՝ համագործակցելով մի ֆրանսիացի լրագրողի հետ: Առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ազատության մեջ գտնվող մեղադրյալը սպասում է շուտով կայանալիք դատավճռին, իսկ մինչ այդ որոշել է պատմել այդ «հեղինակավոր» կողոպուտի մասին:

Փետրվարին լույս տեսած «Ես կողոպտել եմ Քիմին» գիրքն աղմուկ է առաջացրել Ֆրանսիայում. մի շարք լրատվամիջոցներ հարցազրույցի են հրավիրել հեղինակին, որոնց ժամանակ Յունիս Աբբասը պատմել է, որ երբեք չէր համաձայնի մասնակցել այդ կազմակերպված հանցագործությանը, եթե իմանար՝ ում են կողոպտելու: Նա նշում է, որ մինչ այդ չէր ճանաչում Քիմին. հանցակիցներն ասել էին, որ մի հայտնի ռեփերի կնոջ զարդեր են գողանալու: Եվ միայն հետո է բացահայտել՝ ով է Քիմ Քարդաշյանը. հեռուստացույցով լսել է իրենց թալանի լուրը եւ հասկացել, թե ով է եղել իրենց զոհը։

Իսկ բանտում արդեն իրեն սպասում էին Քարդաշյանով հետաքրքրվողները, ովքեր բազմաթիվ հարցեր էին տալիս: Ամենաշատ տրվող հարցը վերաբերել է Քիմի արտաքինին՝ ինչպիսին էր իրականում նա եւ արդյո՞ք կարողացել է համբուրել աստղին:

Նա պատմում է նաեւ, որ իր համար զարմանալի հարգանքի է արժանացել. որոշ բանտարկյալներ նույնիսկ ողջունել են իր արած քայլը:

Չնայած գրող գողն այս գրքով հայտնի դարձավ, գրքի վաճառքից շահույթ ստանալու իրավունքից զրկված է:

2016թ.-ին Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում ամերիկահայ հանրահայտ աստղին հյուրանոցի իր սենյակում կապկպել եւ նրանից գողացել էին իր 9 միլիոն եվրո արժողությամբ զարդերը։ Գողերի խմբում 60-ն անց զինված տղամարդիկ էին, ովքեր հետագայում ստացան «պապիկ գողեր» մականունը։ Իսկ թե ինչու էին միայն բարձր տարիքի տղամարդկանցով կատարել գողությունը՝ Յունիս Աբբասը բացատրում է.«Պետք էին սառնասիրտ եւ փորձառու մարդիկ, իսկ երիտասարդների հետ չենք շփվում, միեւնույն է՝ նրանք մեզ չեն լսում»։

Մի քանի անգամ դատված Յունիսն ասում է, որ իրենց տեղեկություններ է փոխանցվել Քիմի աշխատակազմից մեկի միջոցով, ինչպես նաեւ մի քանի օր շարունակ հատուկ հետեւել են հյուրանոցի անցուդարձին։ Ոստիկանների համազգեստներով այդ շքեղ հյուրանոց ներխուժած խումբը կարողացել է աննկատ մնալ, իսկ ընդունարանի աշխատողին որոշ ժամանակով «չեզոքացնել» եւ նրա փոխարեն ընդունարանում հյուրերին դիմավորելը հենց իրեն է վստահված եղել, այդպիսով ինքը նույնիսկ չի էլ հանդիպել Քարդաշյանին։

Պատմում է նաեւ, որ հյուրանոցից ինքը վերջինն է դուրս եկել. զարդերը վստահված էին հենց իրեն, անմիջապես հյուրանոցի շրջակայքում ոստիկանների է հանդիպել։ «Փորձեցի հանգիստ տեսք ընդունել եւ ողջունեցի այդ շրջող ոստիկաններին, ստացվեց»,-ավելացնում է գրքի հեղինակը։

«Հազվադեպ թանկ» այս զինված հարձակման եւ թալանի ծրագրում ամեն ինչ մանրակրկիտ կազմակերպված է եղել, գողերը հյուրանոց են գնացել հեծանիվներով, քանի որ Փարիզի այդ բանուկ մասում հնարավոր չէր լինի ավտոմեքենա կայանել, գողոնն էլ հենց հեծանվով են տեղափոխել։ Որոշ զարդեր, սակայն, ճանապարհին կորցրել են։
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 159 - Today Page Visits: 2