Վանաձորցի Լիլիա Աբրահամյանը նախկին մանկատան շենքը դարձրել է կացարան արցախցիների համար — ARUSHANYAN TV Վանաձորցի Լիլիա Աբրահամյանը նախկին մանկատան շենքը դարձրել է կացարան արցախցիների համար — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վանաձորցի Լիլիա Աբրահամյանը նախկին մանկատան շենքը դարձրել է կացարան արցախցիների համար

Վանաձորցի Լիլիա Աբրահամյանը նախկին մանկատան շենքը կացարան է դարձրել տասնյակ արցախցիների համար, որոնք տուն են կորցրել, վիրավոր դարձել կամ աջակցության կարիք ունեն։

Անխտիր բոլորի խնդիրներն իրենը համարող երիտասարդ կինն ասում է՝ կամավոր է անում ամեն ինչ, բայց միայնակ չէր կարող գործը գլուխ բերել։ Բարեգործներն իրեն են գտնում, ինքը՝ բարեգործներին։ Թե՛ պատերազմի 44 օրերին և թե՛ դրանից հետո հաշմանդամության բազմաթիվ սայլակներ, հենակներ, անհրաժեշտ պարագաներ է հասցրել դրանց կարիքն ունեցողներին։

«Ամեն ինչ արվում է հիմնականում դրսի ներդրումների հաշվին, մեր երկրում այդքան մարդիկ չունենք, որ կարողանան այսքան մարդ պահել», — նշեց Աբրահամյանը:

Ասում է՝ կացարանի բոլոր բնակիչներով ասես մի ընտանիք են դարձել։ Ուրախությունը իրար հետ կիսում են, տխրության դեպքում՝ միմյանց սփոփում։

Կանանց միջազգային օրվա առիթով կացարանում եռուզեռ էին սկսել տղամարդիկ։ Միահամուռ մաքրության գործեր էին անում, կանանց համար ուտելիք պատրաստում, սուրճ հյուրասիրում։

Այստեղ է իր օրվա մեծ մասն անցկացնում նաև 16-այա Դոնարան։ Մանկատան նախկին սանը մեկ տարի առաջ դարձել է Լիլիայի երրորդ երեխան։ Երիտասարդ կինը հոգ է տանում նրա մասին, կյանքի հմտություններ սովորեցնում ու պարտավորություն կրում օգնելու՝ մասնագիտություն ու լավ ապագա ունենալու հարցում։

«Մանկատան լուծարումից հետո, երբ երեխաներին այլ մանկատներ պետք է տեղափոխեին, իր քույրիկը ստացավ բնակարան պետությունից, և քանի որ Դոնարան մեծ էր, մենք թույլ չտվեցինք, որ գնա, դրա համար ինքը դարձավ իմ օրինական աղջիկը: Ես խնամակալություն ձևակերպեցի, որպեսզի ինքը կարողանա քույրիկի հետ ապրի, հիմա քույրիկն ու ինքը միասին բնակարան ունեն՝ կահավորված, վերանորոգված: Քույրիկն արդեն երկու օր է՝ աշխատում է, Դոնարիկն էլ դպրոցում սովորում է: Ինքը իմ աղջիկն է մի խոսքով, իմ երրորդ երեխան», — ասաց Լիլիա Աբրահամյանը:

Լիլիան Վանաձորի մեկ այլ հաստատության՝ Ընտանիքի աջակցության կենտրոնի ղեկավարն է։ Կենտրոնն էլ սոցիալական տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնցից բացի իր կատարած մյուս բոլոր աշխատանքները կամավոր է նախաձեռնում։ Ասում է՝ դրա համար աշխատավարձ չի ստանում։ Ոմանք կասկածում են, մյուսները՝ զարմանում, ուրիշները՝ ձեռքները թափ տալիս, բայց ուրախ է՝ շատերը հավատում են, վստահում, անգամ միանում իրենց գործին. «Ես հաշվել եմ, որ եթե գնամ Ստեփանակերտ, չորս տարվա հյուրանոցային պահուստ ունեմ՝ օրը մեկի տանը մնալու, և էլ հյուրանոցում մնալու կարիք չի լինի: Հույս ունեմ, որ կընդունեն»:

Լիլիա Աբրահամյանը նվիրատուների միջոցով սոցիալական տարբեր ծրագրեր է իրականացնում նաև Լոռու գյուղերում։ Համայնքից համայնք է գնում, գտնում սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք վատ վիճակում են, բայց ի վիճակի են ոտքի կանգնելու։ Բարեգործների միջոցով նրանց կթու կով, կենցաղային տեխնիկա, սնունդ և հագուստ նվիրում։

Արդեն 4-5 տարի բարեգործական աշխատանք իրականացնող Լիլիան համոզվել է՝ սոցիալապես անապահով ընտանիքների հետ աշխատանքն ու առհասարակ, բարեգործությունն իր դժվարություններն ունի։ Երկարատև անվճար օժանդակություն ստացող մարդիկ երբեմն սկսում են չսիրել աշխատանքը, սովորում են, որ իրենց պարտավոր են ու անընդհատ օգնության են սպասում։ Բայց շատ հաճախ լինում է նաև հակառակը։ Լիլիան ասում է՝ հենց այդ դեպքերն են իրեն ոգևորում։

«Իրականում երբեմն լինում են ընտանիքներ, որոնց համար ինչ-որ բան անում ես, փորձում ես իրենց կյանքի որակը փոխել, բայց հետո հասկանում ես, որ միևնույն է, դրանից ոչինչ չէր փոխվելու: Կան ընտանիքներ ու անհատներ, որոնց թվում է, որ դու միշտ պարտական ես, եթե մի անգամ օգնել ես, ուրեմն ամեն անգամ պարտական ես: Նույնիսկ զանգում ասում են՝ արդեն իմ սնունդը վերջացավ, երբ ես պատրաստվում բերել: Բայց այդ բոլորի ֆոնին, երբ տեսնում ես ընտանիքներ, ովքեր քո արած ինչ-որ մի գործից ոտքի են կանգնել, ստեղծել են, ավելացրել են, մի երեխայի կրթության են կարողացել տալ, մի անասուն ավելացրել են, տուն են վերանորոգել և այլն, հասկանում ես, որ արդեն բոլոր անշնորհակալները մղվում են հետին պլան», — ներկայացրեց «Ազատության» զրուցակիցը:

Ամեն օր բոլորի խնդիրներով ապրող երիտասարդ կինը միայն ուշ երեկոյան է շտապում տուն՝ մանկահասակ երեխաների մոտ՝ խոստովանելով, որ շատ ժամանակ չի ունենում նրանց համար:

 

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 31 - Today Page Visits: 1