Դաշտանային ցիկլի խանգարումներն ու կորոնավիրուսը — ARUSHANYAN TV Դաշտանային ցիկլի խանգարումներն ու կորոնավիրուսը — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Դաշտանային ցիկլի խանգարումներն ու կորոնավիրուսը

Հազարավոր կանայք ողջ աշխարհում Քովիդ-19-ից հետո բախվում են նոր խնդիրների։ Միջազգային մամուլը լի է տարատեսակ տագնապային հոդվածներով, թե ինչ հետեւանքներ կարող է կնոջ օրգանիզմի համար ունենալ հայտնի կորոնավիրուսը. խնդիրների շրջանակը մեծ է՝ խախտված ցիկլից մինչեւ մենոպաուզա, արյունահոսություններ, արգանդի պարանոցի էրոզիա եւ այլն։ Հայաստանում եւս առաջին ազդակները կան. այսպես՝ կանանց հայտնի ֆեյսբուքյան խմբերից մեկում վերջերս անհավանական մեծ արձագանք ստացավ մի օգտատիրոջ հարց՝ արդյո՞ք, կորոնավիրուսից հետո ինչ-որ մեկի մոտ ցիկլը խախտվել է։ Հարյուրավոր օգտատերեր անմիջապես դրական արձագանք տվեցին ու կիսվեցին իրենց պատմություններով։ Որոշեցինք դիմել մասնագետներին եւ համադրել կարծիքները։

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը դառնալ պատճառ դաշտանային ցիկլի խանգարման, բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Միսակյանը դրական պատասխան է տալիս. «Այո, միանշանակ կարող է, քանի որ դաշտանային ցիկլի մեխանիզմի հիմնական կետերը համընկնում են մինչ այս պահը մեզ հայտնի, կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետ»։

Բժիշկ-գինեկոլոգ Պավել Սոցկին էլ կարծում է, որ կոնկրետ կորոնավիրուսը չի ազդում դաշտանային ցիկլի վրա, այլ ինչպես ցանկացած հիվանդություն, վիրուս կամ մրսածություն, երբ օրգանիզմի  իմունիտետն ընկնում է, այն  կարող է ազդել. օրինակ՝  ուշանալ կամ շուտ սկսվել։ Բացի այդ, հիվանդության ժամանակ մարդիկ սթրեսներ են ունենում, բժշկի հավաստմամբ, դրանք եւս միանշանակ գործոն են ցիկլի խանգարման, դրա ընթացքի վրա եւս ազդեցություն կարող են ունենալ, ինչպես նաեւ առատ կամ սակավ լինելու վրա ներգործություն ունեն սթրեսները։

Լիլիթ Միսակյանը

Պատերազմի սթրեսները

Սթրեսների մասով գինեկոլոգները համամիտ են. գինեկոլոգ Միսակյանը եւս փաստում է. «Ցանկացած սթրես կարող է բերել հորմոնային խանգարման, քանի որ հորմոնային համակարգն ուղղակի կախված է մարդու հոգեհուզական վիճակից»։

Հարցին՝ արդյոք պատերազմի սթրեսներն էլ կարող ենք դիտարկել այս համատեքստում, բժշկուհին պատասխանեց.«Դրանք միայն հոգեհուզական բնույթի են, սակայն շատ ավելի ուժեղ են կորոնավիրուսով պայմանավորված սթրեսից։ Բայց քանի որ կորոնավիրուսով հիվանդների մոտ դիտվում է նաեւ անմիջապես նյարդերի ախտահարում, ապա նեյրոէնդոկրին ծագման դաշտանի խանգարումները կարող ենք դիտարկել ավելի շատ, քան՝ պատերազմի հետեւանքով առաջացած սթրեսից»։

«Միանշանակ պատերազմը շատ հայտնի սթրեսային իրավիճակ է, որը ամենատարբեր խնդիրներ է առաջացնում կնոջ օրգանիզմում, դրանցից ամենատարածվածը «պատերազմական ժամանակաշրջանի ամենորեան» է։ Երբ հազարավոր կանանց մոտ շուրջ 6 ամիս դաշտանն անհետացավ ողջ աշխարհում։ Իհարկե, դա անդառնալի չէր, ամիսներ անց վերականգնվեց։ Սա բացատրում էին որպես օրգանիզմի ինքնապաշտպանություն, երբ կինը չէր կարող իրավիճակից ելնելով հանգիստ երեխա լույս աշխարհ բերել, վերարտադրողական ֆունկցիան «անջատվել» էր»,-հիշեցնում է Պավել Սոցկին։

Մենոպաուզա

Կան հայտնի դեպքեր բրիտանուհիների հետ կապված, որոնք ցնցեցին մեդիան, իբր կորոնավիրուսից հետո սկսվում է վաղաժամ մենոպաուզա. դա իրոք վիրուսի հետեւա՞նք է եւ արդյոք Հայաստանում գրանցվել են այդպիսի դեպքեր։

Գինեկոլոգ Պավել Սոցկին չի կարծում, որ կորոնավիրուսը կարող է առաջացնել մենոպաուզա։ Նրա կարծիքով, դա մեդիայի հնարքներից է՝ ապահովել դիտումներ՝ շահարկելով այդ թեման.«Չկա գիտական ոչ մի հետազոտություն այդ թեմայով, չկա  անգամ հորմոնալ համակարգի վրա ազդելու կամ կապ ունենալու ապացույց։ Նման հետազոտություններ դեռ պետք է արվեն, ոչ մի բան մինչեւ վերջ ապացուցված չէ»։

Գինեկոլոգ Միսակյանն էլ նշում է.«Չեմ կարող կարծիք հայտնել բրիտանացիների հետազոտության վերաբերյալ, քանի որ հոդվածներում լուսաբանված չեն գիտական մանրամասներ: Իսկ մեզ մոտ նման լայնածավալ հետազոտություն չի կատարվում: Դեռ շատ քիչ ժամանակ է անցել, որպեսզի նման հայտարարություններ արվեն, քանի որ որեւէ ախտորոշումը կորոնավիրուսի հետեւանք համարելու համար մեզ պետք է մեծ վիճակագրություն, իսկ Հայաստանում այդքան մեծ թվով կանայք չեն դիմում գինեկոլոգի՝ միայն կորոնավիրուսի հետեւանքները պարզելու համար։ Տրամաբանական հետեւանք կարող է լինել զուտ արյան շրջանառության վատացումը, որը միգուցե եւ բերի երկրորդային ամենորեայի (դաշտանի բացակայության), որը սխալմամբ կարող ենք գնահատել որպես վաղաժամ դաշտանադադար։ Սակայն չեմ բացառում, որ հետագայում կարող է հայտնաբերվել կորոնավիրուսի հետեւանքով գլխուղեղի այնպիսի ախտահարում, որը կհանգեցնի վաղաժամ դաշտանադադարի»։

Պավել Սոցկին

Կոնկրետ ինչ է տեղի ունենում օրգանիզմում, որ հանգեցնում ցիկլի խանգարման

Լիլիթ Միսակյանն ասում է, որ մինչ այս պահը մեզ հայտնի են կորոնավիրուսի հստակ եւ ենթադրելի բարդություններ.«Խոսեմ հստակ բարդությունների մասին, առաջինը տարբեր խորության կոագուլոպաթիաներն են(արյան մակարդելիության խանգարումներ), որոնց հետեւանքով կարող են ախտահարվել ինչպես արգանդ-ձվարանային համակարգի, այնպես էլ նրանց կարգավորող օրգան համակարգերի արյունամատակարարող անոթները, ինչը կարող է հանգեցնել տվյալ օրգան համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների։ Երկրորդ շատ տարածված բարդությունը նյարդերի ախտահարումն է (ինչով պայմանավորված է համի եւ հոտի կորուստը), ինչպես նաեւ, հիվանդության ելքի անհայտությամբ պայմանավորված, վախից առաջացած սթրեսը։ Այս ամենի հետեւանքով ուղղակի եւ անուղղակի մեխանիզմները կարող են խախտել դաշտանային ցիկլը։ Այդ դեպքում խանգարման հիմնական պատճառն են հիպոթալամո-հիպոֆիզար համակարգում տեղի ունեցող փոփոխությունները։ Ոչ պակաս կարեւոր բարդություն է նաեւ լյարդի գերծանրաբեռնվածությունը՝ կապված մեծ քանակի դեղորայքի օգտագործման հետ, եւ քանի որ լյարդը շատ մեծ դեր ունի հորմոնային համակարգի հավասարակշռության պահպանման գործում, ապա, բնականաբար կլինեն թերացումներ նաեւ այդ կողմից։ Փաստացի պատճառները եւ հետեւանքները շատ են, բայց եւ շատ անհատական՝ կախված տվյալ հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունից։ Բայց որպես հիմնական եւ տարածված բարդություններ հարկ եմ համարում նշել այս երեքը։ Սակայն նույնիսկ, եթե բարդությունները նույնն են, ելքը տարբեր է, քանի որ ամբողջությամբ կախված է տվյալ օրգանիզմից եւ յուրաքանչյուրի դեպքում մոտեցումը յուրովի է»։

Տագնապած հղիներ

Իրենց դիմած այցելուների մոտ ուրիշ ինչ խնդիրներ է առաջացրել Քովիդ-19-ը եւ դիտարկել են արդյոք թվի ավելացում կորոնավիրուսի տարածման ժամանակ հարցին պատասխանելիս գինեկոլոգ Սոցկին ասաց, որ առավել շատ դիմում են տագնապած հղիները, ովքեր կարծում են, թե Քովիդը կարող է ինչ-որ կերպ ազդած լինել երեխայի վրա։ Նրա խոսքով, դեռեւս ոչ մի դեպք չի արձանագրվել, երբ պտղի վրա ազդած լինի։ Վերարտադրողական ֆունկցիայի վրա եւս չի ազդում, ըստ բժշկի. «Ամեն դեպքում ինձ դիմածների մոտ ոչ մի խնդիր չի հայտնաբերվել»։

Գինեկոլոգ Լիլիթ Միսակյանն էլ հավելեց.«Ինձ դիմած հիվանդների մոտ բարդությունները բազմազան են եւ անսպասելի, ուստի խորհուրդ եմ տալիս, եթե անգամ գանգատներ չկան, հետազոտվել տարած հիվանդությունից հետո, քանի որ, եթե ոչ վիրուսը, ապա բուժման համար նախատեսված պրեպարատները կարող են բերել ֆունկցիոնալ խախտումների տարբեր օրգան համակարգերում։ Կորոնավիրուսի համաճարակից սկսած՝ ինձ դիմող հիվանդների քանակի փոփոխություն չեմ նկատել»:

Պավել Սոցկին ասում է, որ անդառնալի հետեւանքներով մարդիկ իրենք իրենց չպետք է վախեցնեն. գրեթե միշտ կա ելք ու բուժում, ցանկացած խախտում հնարավոր է կարգավորել.«Հարկ է զուտ ախտորոշել եւ գտնել՝ որ համակարգում, որ հորմոնն է խախտում առաջացրել։ Ցիկլի ցանկացած խախտում խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ օրգանիզմում, բայց խուճապի մատնվել պետք չէ առաջին անգամ խախտում նկատելիս։ Հարկ է սպասել ու հետեւել, թե մյուս ամիս ինչպես կլինի ու անցնել բոլոր բժշկական հետազոտությունները»։

Լիլիթ Միսակայնն էլ նշում է, որ  ցանկացած հիվանդության դեպքում, կախված ախտահարման աստիճանից, կարող է լինել լիարժեք առողջացումից մինչեւ անդառնալի հետեւանքներ։ Բուժման մարտավարությունը կախված է հիվանդությունից: Անդրադառնալով հղիություն պլանավորելուն այս համատեքստում՝ բժշկուհին ընդգծեց.«Հղիության պլանավորման համար ավելի կարեւոր է ոչ թե բուն դաշտանային ցիկլի խանգարումը, այլ այն բարդությունները, որոնք կորոնավիրուսի հետեւանքով առաջացրել են դաշտանային ցիկլի խանգարում, հետեւաբար, եթե անգամ չկան ցիկլի խանգարումներ, հղիություն պլանավորելուց առաջ հարկավոր է հետազոտվել, երբ հիվանդացել եք կորոնավիրուսով։ Առհասարակ հղիություն պլանավորելուց առաջ հետազոտվելը կանխում է բազմաթիվ բարդություններ»:

Սերինե Միքայելյան

 

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 91 - Today Page Visits: 1