2020-ին հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են. դատախազություն — ARUSHANYAN TV 2020-ին հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են. դատախազություն — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

2020-ին հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ 2020 թ. ընթացքում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են՝ կապված 2019 թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, այս կատեգորիաների անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու արարքները քրեականացնելու հետևանքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
2020 թ. ընթացքում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածով նախատեսված վերոնշյալ հանցակազմերով հարուցվել է 974 քրեական գործ: Վարույթն ավարտված 670 քրեական գործից 617-ը նույնքան անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարանում այս հոդվածով քննվել է 367 քրեական գործ, որից 360-ով նույնքան անձ դատապարտվել է տարբեր պատիժների: Մասնավորապես՝ ճնշող մեծամասնության՝ 327 անձի նկատմամբ նշանակվել է պատիժ տուգանքի ձևով, 1-ի նկատմամբ՝ կալանք, իսկ 7 անձ դատապարտվել է ազատազրկման: 25 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Նման վիճակագրությունը վկայում է, որ նշված արարքների քրեականացումը, պատասխանատվության խստացումը և այդպիսի դեպքերի հայտնաբերումն ու օբյեկտիվ քրեաիրավական գնահատականների արժանացնելը էականորեն մեծացնում են ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ դատարանների՝ առանց այն էլ զգալի ծանրաբեռնվածությունը: Սակայն դա այն «գինն» է, որը վճարվում է պետության կողմից վարվող՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման քրեական քաղաքականության, տրանստորտային երթևեկության անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի ու առողջությամբ պաշտպանության պետության պոզիտիվ պարտականության կատարման համար:
Այս մոտեցումը կարծես թե ստեղծում է դրական արդյունքների շոշափելի նախադրյալներ և սպասելիքներ: Մասնավորապես, եթե 2019 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն ավելացել էր 225 դեպքով, ապա 2020 թվականին, տրանսպորտային միջոցների քանակի աճին զուգահեռ, այն նվազել է 163 դեպքով:
Տվյալ դեպքում առաջնայինը հենց նման նվազման շարունակականության ապահովումն է, անշեղ միտումների վերածելը, իսկ քրեական պատասխանատվության ապահովումն առավելապես զսպող, կանխարգելող նշանակություն ունի:
Այս իմաստով չափազանց կարևոր է դառնում հատկապես վարորդների կամ պոտենցիալ վարորդների իրազեկվածությունն այն մասին, որ նախկինում վարչական իրավախախտում համարված վերոնշյալ արարքները այլևս քրեական հանցագործություններ են՝ դրանից բխող հետևանքներով: Հետևաբար նրանք պետք է իմանան, որ՝
  • եթե տրանսպորտային միջոց են վարում՝ զրկված լինելով դրա իրավունքից, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք.
  • եթե տրանսպորտային միջոց են վարում՝ դրա իրավունքը կասեցված լինելու պայմաններում, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք.
  • եթե տրանսպորտային միջոց են վարում՝ չունենալով դրա իրավունքը, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք:
Վերոնշյալ հանցավոր արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Եթե վերոնշյալ երեք դեպքում էլ տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում կամ հրաժարվում են սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա դա համարվում է ավելի ծանր հանցավոր արարք և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 122 - Today Page Visits: 1