Հայաստանում սննդամթերքի թանկացման տեմպը արագացել է — ARUSHANYAN TV Հայաստանում սննդամթերքի թանկացման տեմպը արագացել է — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հայաստանում սննդամթերքի թանկացման տեմպը արագացել է

Հայաստանում սննդամթերքի թանկացման տեմպը արագացել է, չնայած իշխանությունների ձեռնարկած քայլերին, փաստում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցները։

Կոմիտեի՝ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի համաձայն, եթե անցած տարվա նոյեմբերին, 2019-ի նոյեմբերի համեմատ, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել էին 0,8 տոկոսով, դեկտեմբերին՝ 2019-ի դեկտեմբերի համեմատ, արդեն 4,9 տոկոսով։

Այս տարվա հունվարին գների աճն է՛լ ավելի արագացել՝ 2020 թվականի հունվարի համեմատ աճելով 6,4 տոկոսով, դե իսկ այս փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել են 7,8 տոկոսով։

Հատկանշական է, որ սննդամթերիք թանկացմանը նախորդեց կամ զուգադիպեց դրամի արժեզրկումը։ Նույն Վիճկոմի տվյալների համաձայն, օրինակ, եթե անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ մեկ դոլարի ամսական միջին փոխարժեքը կազմել է 491,7 դրամ, ապա նոյեմբերին՝ 499,6 դրամ, դեկտեմբերին՝ արդեն 518,9 դրամ, այս տարվա հունվարին դրամն է՛լ ավելի արժեզրկվեց՝ ԱՄՆ մեկ դոլարի ամսական միջին փոխարժեքը կազմեց 521,2 դրամ։ Փետրվարի տվյալները դեռ հրապարակված չեն։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հայաստանում սննդամթերքի գների աճի պատճառը նաև միջազգային գների աճն է․ — «Բնակլիմայական հանգամանքներից ելնելով, նաև հիմա մեծ ազդեցություն ունի գների վրա ծովային փոխադրումների գները, որոնք տասնապատիկ անգամ ավելացել են։ Սա կապված է նրա հետ, որ առևտրային ցիկլը ուղղակի ընդհատվել է մի տեղ, և կոնտեյներային օվկիանոսային փոխադրումների լրջագույն խնդիր է առաջացել, դեֆիցիտ է առաջացել։ Էս ամենը բերել է նրան, որ տրանսպորտային տեղափոխության գները զգալիորեն աճել են։ Ինչ վերաբերում է սննդամթերքի գներին, ՄԱԿ-ի ՖԱՕ-ի ներկայացրած ինդեքսը երբ որ նայում եք, հուլիսից սկսած աննախադեպ աճ է արձանագրում։ Սա նշանակում է, որ իսկապես համաշխարհային խնդիր կա։ Դրամի արժեզրկումը միշտ ներկրվող ապրանքների վրա իր ազդեցությունը կունենա, բայց դրամի արժեզրկումը մեր երկրում անցյալ տարվա համեմատ ընդամենը տասը տոկոսով է եղել։ Այլ երկրներում՝ նույնիսկ 30 տոկոս, 15, 20։ Այսինքն՝ դրա ազդեցությունը կա միանշանակ, բայց դա հիմնական գործոնը չէ, որով պայմանավորված է»։

Երևանի փողոցներում մարդիկ, բնականաբար, իրենց դժոգոհությունն էին հայտնում սննդամթերքի թանկացման կապակցությամբ։

Հայաստանում Կենտրոնական բանկն է գների կայունության ապահովման երաշխավորը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե չորս տարի՝ 2017-ի փետրվարից աստիճանաբար իջեցնելուց հետո (երբ 6 տոկոսից այն հասավ 4,25 տոկոսի), անցած տարվա դեկտեմբերին Կենտրոնական բանկը կտրուկ՝ մեկ տոկոսային կետով այն բարձրացրեց՝ հասցնելով 5,25 տոկոսի։ Եվս 0,25 տոկոսային կետով տոկոսադրույքը բարձրացրեց փետրվարի 2-ին սահմանելով 5,5 տոկոս։ Սպասվում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքին Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը ևս մեկ անգամ կանդրադառնա այս ամսվա կեսերին։

Կենտրոնական դրամատունը տարիներով նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում, ուստիև խթանել տնտեսական աճը։ Այժմ՝ գնաճի նման պայմաններում, Կենտրոնական բանկը թանկացնում է դրամը՝ զսպելու գների աճը։

Այսօր ոչ աշխատանքային օր է, և չհաջողվեց Կենտրոնական դրամատնից արձագանք ստանալ, սակայն անցած ամիս լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, թե տարվա կտրվածքով գնաճը կգտնվի կանխատեսված 4 տոկոսի շրջակայքում․ — «Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»։

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 226 - Today Page Visits: 1