Քшղшքագետը шրտшհերթ ընտրпւթյունը шնհրաժեշտ է համшրում, ամեն ինչ կարող է լինել. ինչ է սպասվում․․․ — ARUSHANYAN TV Քшղшքագետը шրտшհերթ ընտրпւթյունը шնհրաժեշտ է համшրում, ամեն ինչ կարող է լինել. ինչ է սպասվում․․․ — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Քшղшքագետը шրտшհերթ ընտրпւթյունը шնհրաժեշտ է համшրում, ամեն ինչ կարող է լինել. ինչ է սպասվում․․․

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդագրից 11 օր անց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դեռ շարունակում է պաշտոնավարել: Սրան զուգահեռ ներքաղաքական լարվածությունը պահպանվում է, որովհետեւ «Հայրենիքի փրկության շարժման» լիդերները չեն դադարում ճիգեր գործադրել՝ ԳՇ պետի պաշտոնազրկումը հրապարակում հավաքվողների թիվը ավելացնելու առիթ դարձնելու համար: Հանգստյան օրերին այս ամենին զուգահեռ լարվածության նոր առիթ էր «գտնվել». տարբեր աղբյուրներով տեղեկություններ էին տարածվում, թե Հայաստանի սահմանային 2 մարզերում՝ Սյունիքում եւ Տավուշում ադրբեջանական կողմը ինչ-որ սահմանազատումներ է իրականացնում, գյուղեր են հանձնվում, եւ այլն, եւ այսպես շարունակ: Թե որքանով իրար հետ կապ ունեն ԳՇ պետի պաշտոնազրկումն ու սահմանների վերաբերյալ տարածվող լուրերը՝ քաղաքագետ

Ստեփան Գրիգորյանը՝ դժվարանում է ասել:

Մեզ հետ զրույցում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» ՀԿ ղեկավարն ասաց՝ մի բան է հստակ. պետության, իշխանությունների դեմ հերթական ինֆորմացիոն պատերազմն է սկսվել. «Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ Հանրապետության նախագահը միանշանակ ճիշտ կաներ, որ ստորագրեր վարչապետի միջնորդությունը՝ ԳՇ պետի հետ կապված: Ցավում եմ, որ նա ճիշտ չկողմնորոշվեց եւ չստորագրեց: Դա է պատճառը, որ Գլխավոր շտաբի հետ կապված ճգնաժամը շարունակվում է: Երկրորդ խնդիրը. չգիտեմ՝ առնչվո՞ւմ են սահմանամերձ գյուղերի հետ կապված խնդիրները կամ այդ սուտ լուրերը, բայց մեկ բան պետք է հստակ ասեմ, որ գնում է ինֆորմացիոն

պատերազմ՝ ուղղված հայ ժողովրդի, իշխանությունների դեմ, եւ իշխանություններն ունեն պարտավորություն՝ պաշտպանել հայ ժողովրդին եւ հասարակությանը ինֆորմացիոն այս հարձակումներից»,- ասաց Գրիգորյանը: Քաղաքագետն ընդգծեց, որ եթե Ադրբեջանից, Թուրքիայից եկող ինֆորմացիոն կեղծ հոսքերը ինչ-որ չափով հասկանալի են՝ հաշվի առնելով մեր երկրների հարաբերությունները, ապա այդ նույնը անհասկանալի է մեր երկրի ներսում գործող ԶԼՄ-ների դեպքում:

«Բնական է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է տարածեն այդպիսի լուրեր, որ նյարդայնացնեն մեր հասարակությանը, նվաստացնեն, դուխից գցեն: Բայց այն, որ մեր երկրի ներսում կան ԶԼՄ-ներ, որոնք տարածում են նույնպիսի ստեր, դա մտահոգում է, ու այստեղ է, որ իշխանությունը պետք է ուսումնասիրի, հայտնաբերի կեղծ լուրերի հեղինակներին, պատժի: Դրա համար կան բավարար գործիքներ, որեւէ նոր սահմանափակում պետք չէ մտցնել՝ հասարակությանը ինֆորմացիոն տեռորից պաշտպանելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Հետաքրքրվեցինք՝ միանշանակ չէ՞՝ երկրի ներսում ովքեր են այդ լուրերը տարածողները, դա բացահայտելու կարիք կա՞.«Մենք տեսնում ենք, որ սուտ լուրերը տարածվում են առաջին հերթին ռադիկալ ընդդիմության կողմից, այն ԶԼՄ-ների, գործիչների կողմից, որոնք ուղղակիորեն առնչվում են նրանց հետ, բայց այդ դաշինքը («Հայրենիքի փրկության շարժում»-խմբ.) մեծ է եւ պարզ է, որ այնտեղ ոչ բոլորն են զբաղվում սուտ լուրերի տարածմամբ: Սա է պետք բացահայտել»,- պատասխանեց քաղաքագետը:

Վերադառնալով Օնիկ Գասպարյանին՝ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ քանի դեռ նա զինվորական է՝ չպետք է որեւէ կողմին միանա: Իսկ պե՞տք է նրա պահանջով վարչապետը հրաժարական տա՝ այս կապակցությամբ քաղաքագետը ընդգծեց, որ որքան էլ ազնիվ մարդ լինի վարչապետի հրաժարականը պահանջողը՝ նա իրավունք չունի մեկ մարդու կամ մարդկանց ինչ-որ խմբի պահանջով հրաժարական տալ եւ հեռանալ: «Լեգիտիմ ընտրված իշխանությունը չպետք է հեռանա նույնիսկ ամենաազնիվ մարդու պահանջով:

Այո՛, այսօր կա դժգոհություն, ինչը պատերազմից հետո շատ նորմալ է: Բայց պառլամենտական երկրում այդ հարցը պետք է լուծվի միայն ընտրությունների միջոցով: Եթե մենք ձգտում ենք ժողովրդավարության՝ իշխանություն փոխելու մի մեխանիզմ կա՝ հրաժարական, ընտրությունների միջոցով այլ ուժի ընտրություն: Ընտրությունների ժամանակ ժողովուրդը կասի՝ դժգո՞հ է, թե՞ ոչ»,- ընդգծեց Գրիգորյանը:

Մեր զրույցի մյուս հատվածը՝ ստորեւ.

— Պարոն Գրիգորյան, վաղը լրանում է 8-օրյա ժամկետը, որ ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Օնիկ Գասպարյանը կարող էր պաշտոնավարել: ԳՇ վերջին հայտարարությունում հենց այս դրույթին էր հղում կատարվում: Ըստ ձեզ՝ Գասպարյանը կհեռանա՞, թե կշարունակի սրել լարվածությունը:

— Ես դժվարանում եմ ասել՝ ինչ պլաններ ունի Գասպարյանը, բայց իմ համար հստակ է, որ նախագահը վաղուց կարող էր հարթել իրավիճակը՝ ստորագրելով վարչապետի միջնորդությունը: Օնիկ Գասպարյանը կհեռանար եւ կհանգուցալուծվեր ամեն ինչ, այս ճգնաժամը, այս խնդիրները չէին լինի: Ցավում եմ, որ ինքը դա չարեց: Հիմա, քանի որ սահմանադրական ինչ-որ բացեր կան, (ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ կան այդ բացերը), դժվար է ասել ոնց ԳՇ-ն կշարժվի: Մեկ օր մնաց, որ նախագահը կարող է ուղարկել ՍԴ. Կուղարկի, թե ոչ՝ չգիտեմ: Ես տարբեր սահմանադրագետներից լսում եմ, որ ավտոմատ մտնում է ուժի մեջ: Այո, զարգացումները կարող են տարբեր լինել:

— Կան այսպիսի տեսակետներ, որ Գասպարյանը կարող է դառնալ ընդդիմության առաջնորդը: Նա կհամաձայնի՞ դրան, ըստ ձեզ:

— Չեմ կարող ասել: ԳՇ պետը ՀՀ քաղաքացի է եւ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել՝ միայն թե հրաժարականից հետո: Համակարգից դուրս գալուց հետո Սահմանադրությունը թույլ է տալիս նրան զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Մինչ այդ, քանի դեռ նա ուժային կառույցի ղեկավար է՝ չպետք է զբաղվեր քաղաքական հարցերով:

— Ձեր կարծիքով, արտահերթ ընտրությունների նշանակմամբ կարո՞ղ է հանգուցալուծվել նաեւ այս ճգնաժամը:

— Այո, այս ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:

— Ըստ ձեզ ինչո՞ւ մինչ այժմ խորհրդարանական ընդդիմությունը չի եկել համաձայնության՝ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Վարչապետի առաջարկից մեկ շաբաթ է անցել՝ ԲՀԿ-ն դեռ նույնիսկ հանդիպման չի գնացել:

— Դժավարանում եմ ասել «Բարգավաճի» պլանները: Բայց ես ինչ-որ տեղ հասկանում եմ նրանց, որովհետեւ ԲՀԿ-ն ռադիկալ ընդդիմության շաքերում է, որը պահանջում է վարչապետի հրաժարական, հետո միայն արտահերթ ընտրություն:

— Բայց չեն էլ ասում, որ չեն հանդիպելու:

— Դե միգուցե մտածում են, ես չեմ բացառում, որ իրենց մոտ ներսում դեռ կոնսենսուս չկա, քննարկում են:

— Ձեր կանխատեսմամբ կկայանանա՞ն արտահերթ ընտրություններ: Ինչպե՞ս կհանգուցալուծվի իրավիճակը:

— Ես կարծում եմ՝ պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ ու այստեղ պետք է իշխանությունները ակտիվ լինեն, գտնեն կոնսենսուս պառլամենտական մյուս ուժերի հետ: Գիտե՞ք ինչ, եթե արտահերթ ընտրություններ չլինեն՝ լարվածությունը ներսում կմեծանա: Հաշվի առնելով, որ այդ ռադիկալ ընդդիմությունը հայտարարում է ամենակտրուկ, կոշտ քայլերի մասին, ես չեմ բացառում, որ ամեն ինչ կարող է լինել: Այս պայմաններում արտահերթը ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն ճգնաժամից դուրս գալու համար: Մենք պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Այդ ռադիկալ ընդդիմությունը սրում է իրավիճակը: Ես չեմ լսում, որ իրենք ծրագրերից խոսեն, չեմ տեսնում, որ իրենք քննարկումներ անցկացնեն կլոր սեղանների շուրջ Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների, տնտեսական բարեփոխումների հետ կապված: Ես միայն տեսնում եմ կոշտ քննադատություն, ատելության խոսքի տարածում: Դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ պետք է ամեն ինչ անես, որ արտահերթ ընտրությունների գնաս, այդ ձեւով հանես լարվածությունը:

— Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ամեն ինչ կարող է լինել:

— Նկատի ունեմ, որ ամեն ինչ կարող է լինել: Չեմ ուզում բացել:

— Կարո՞ղ է, օրինակ, այդ կոչերի, ընդդիմության շարունակական «ճնշումների» արդյունքում բանակը դուրս գա իշխանության դեմ:

— Ես կասեմ այսպես. ես նրանց կողմնակիցների հայտարարությունները կարդում եմ, իրենք ոչ միայն ուզում են, իրենք հայտարարում են, կոչ են անում բանակին՝ միջամտել: Դա ինչ է նշանակում՝ միջամտել: Երբ որ ասում եմ ցանկացած բան կարող է լինել՝ դա նշանակում է քաղաքական էքստրեմիստական քայլեր կարող են լինել: Եթե մարդիկ հայտարարում են, կոչ են անում գլխավոր շտաբին, որ իր քայլերը անի, փրկի երկիրը՝ հասկանալի է ինչի մասին է խոսքը, այդ թվում ռազմական հեղաշրջման մասին է խոսքը: Բայց ասեմ՝ չեմ կարծում, որ բանակը կգնա այդ քայլերին: Իմ կարծիքը դա է:

Հիշեցնենք, փետրվարի 25-ին տարածվեց ԳՇ պետի ու եւս շուրջ 40 զինվորականի հայտարարությունը, որով պահանջում էին վարչապետի հրաժարականը: Վարչապետը դա անվանեց «ռազմական հեղաշրջման փորձ»՝ հայտարարելով, որ միջնորդություն է ներկայացրել նախագահին՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Նախագահը չստորագրեց այդ միջնորդությունը, փետրվարի 27-ին առարկություններով հետ վերադարձրեց: Նույն օրը վարչապետը հայտարարեց, թե հետ է ուղարկում այն:

Աղբյուր՝armtimes.com

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 124 - Today Page Visits: 1