Ալիևը գործընկերներին հրավիրում է օգտագործել «զանգեզուրյան միջանցքը», Զանգեզուրն անվանում «պատմական ադրբեջանական» Arushanyan.Blog — ARUSHANYAN TV Ալիևը գործընկերներին հրավիրում է օգտագործել «զանգեզուրյան միջանցքը», Զանգեզուրն անվանում «պատմական ադրբեջանական» Arushanyan.Blog — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ալիևը գործընկերներին հրավիրում է օգտագործել «զանգեզուրյան միջանցքը», Զանգեզուրն անվանում «պատմական ադրբեջանական» Arushanyan.Blog

Իլհամ Ալիևը հրավիրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրներին օգտագործել «զանգեզուրյան միջանցքը», որը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ։

Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ տրանսպորտային նախագծեր զարգացնել տարածաշրջանում և Երևանը ևս հնարավորություն ունի օգուտ ստանալ դրանցից, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում ունեն։ Եթե Հայաստանը իրեն նորմալ պահի, կարող է շահել այդ գործընթացից», — ասել է Ալիևը հինգշաբթի օրը ՏՀԿ առցանց գագաթնաժողովին։

Բաց չթողնելով առիթը՝ կրկին պնդելով, թե ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է, Ալիևն ասել է, որ այժմ Ադրբեջանը մտածում է ապագայի մասի և սկսել է բազմաթիվ երկրներ միավորող տրանսպորտային նախագծերի քննարկումներ։

Ադրբեջանի նախագահը գագաթնաժողովի մասնակիցներին հիշեցրել է, թե նախորդ տարվա նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությամբ նախատեսվում է տրանսպորտային միջանցք ստեղծել, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ հայտարարելով, թե այդ միջանցքը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում և կոչ է արել ՏՀԿ անդամ երկրներին միանալ այդ նախագծին։ Խոսելով միջանցքի մասին՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ պնդել է, թե Զանգեզուրը «ադրբեջանական պատմական տարածք է»։

«Ուզում եմ նշել, որ նոր միջանցքը, որը կանցնի Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական հատվածը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտի բնագավառում։ ՏՀԿ անդամ երկրներին հրավիրում ենք օգտագործել զանգեզուրյան միջանցքը»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևի այս հայտարարությանը ուրբաթ անդրադարձել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը:

«Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար», — հավելել է Նաղդալյանը՝ հայտարարությունն անվանելով «սադրիչ»:

Ալիևի ելույթը ՏՀԿ գագաթնաժողովին հաջորդել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքին։ Թուրքիայի նախագահն իր ելույթում հայտարարել է, թե պատերազմում հաղթանակով Ադրբեջանը նոր ժամանակաշրջանի սկիզբ է դրել տարածաշրջանում, կրկին շնորհավորել իր ադրբեջանցի գործընկերոջը։

Շնորհավորանքներ Ալիևը ստացել է նաև կազմակերպության անդամ մյուս երկրների ղեկավարներից։ Շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախագահին՝ Ալիևը բարձր է գնահատել «քաղաքական և բարոյական աջակցությունը», որ ստացել է այդ երկրներից։

Էրդողանի աջակցությունը ոչ միայն պատերազմի ընթացքում, այլ նաև նրա ողջ պաշտոնավարման ընթացքում կարևոր դեր է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում, ասել է Ալիևը, հավելելով, թե ուժեղ Թուրքիա նշանակում է ուժեղ Ադրբեջան, ուժեղ դաշնակիցներ։

Այժմ 10 անդամ ունեցող Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985 թվականին հիմնել են Թուրքիան, Պակիստանը և Իրանը։ 1992 թվականին կազմակերպությանը միացավ նաև Աֆղանստանը։ Խորհրդային Միության փլուզումից հետո նույն թվականին կազմակերպությանը անդամակցեցին նաև Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկրները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Վեց շաբաթ տևած հայ-ադրբեջանական պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը և Թուրքիան բազմիցս խոսել են տարածաշրջանային նախագծերի իրականացման իրենց ձգտումների, Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանը Թուրքիային կապող տրանսպորտային միջանցքի ընձեռնած հնարավորությունների օգտագործման մասին։ Այդ թվում քննարկվում է, այսպես կոչված, «3+3» ձևաչափը, որը ենթադրում է համագործակցություն հարավկովկասյան երեք պետությունների՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև։

 

ԳՈՎԱԶԴ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 190 - Today Page Visits: 1