Նոր հեղափոխությունը՝ անթույլատրելի շքեղություն: — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Նոր հեղափոխությունը՝ անթույլատրելի շքեղություն:

Сен 6, 2020

Հայաստանի հետհեղափոխական քաղաքական իրողությունների շարքում համակարգային խնդիրներից մեկն, անշուշտ, լեգիտիմ ընդդիմության բացակայությունն է: Ընդ որում, այդ խնդիրը մեծ հաշվով եղել է նաև մինչև հեղափոխությունը, և ժամանակի ընթացքում Հայաստանում ձևավորվեց մի իրավիճակ, երբ դարձյալ չկար լեգիտիմ, հանրային մեծ վստահություն և ընդունելություն ունեցող ընդդիմություն: Եթե Հայաստանում տեղի չունենար թավշյա հեղափոխությունը, ապա պետք է կասկածից վեր համարել այն, որ հանրությունը թևակոխելու էր ընդդիմության լրջագույն ճգնաժամի փուլ, երբ հին ընդդիմադիր բոլոր ուժերը այլևս սպառված էին կամ ընդհուպ վարկաբեկված, իսկ նոր ուժերը դեռևս սաղմնային փուլում էին և կասկած չկար, որ, իբրև ուժ, դեռ ունեին անցնելու տևական ճանապարհ:

Դա նշանակում է, որ թավշյա հեղափոխություն տեղի չունենալու պարագայում քաղաքական զարգացումների ամբողջ առանցքը կազմավորելու էին կառավարող համակարգի ուժերը: Թավշյա հեղափոխությունից հետո լեգիտիմ ընդդիմության խնդիրը շարունակում է լինել օրակարգում: Ընդ որում, խորքային առումով այն ստացել է ավելի լուրջ բնույթ՝ հաշվի առնելով այն, որ կա լեգիտիմ իշխանություն: Ընդդիմադիր դաշտում գործող կամ դիրքավորվող ուժերը սպառված են կամ վարկաբեկված ոչ միայն նախահեղափոխական շրջանից ոչ պակաս, այլ ավելի: Իսկ նոր ձևավորվող ուժերը դարձյալ սաղմնային վիճակում են և ունեն անցնելու տևական ճանապարհ ուժ դառնալու համար:

Հանգում ենք մի վիճակի, երբ քաղաքական ճահճացումից խույս տալու համար դարձյալ առաջանում է հեղափոխության անհրաժեշտություն: Ընդ որում, դա կհասունանա, եթե այդ անհրաժեշտությունը չչեզոքացվի քաղաքական ռեֆորմացիայի առավել աշխույժ գործընթացով, որը պետք է ներառի թե՛ օրենսդրական, թե՛ արժեհամակարգային, գաղափարական տեղեկատվա-քարոզչական լուծումներ: Եթե դա տեղի չունենա, եթե քաղաքական ռեֆորմը չինտենսիվացվի, ապա հասունանալու է հեղափոխական էներգիա, լիցք, որը երբեք հնարավոր չէ կանխատեսել՝ գործի կդրվի ի չա՞րս, թե՞ ի բարի: Երկրորդ թավշյա հեղափոխության, առանց բռնության, անարյուն հեղափոխության ճոխություն Հայաստանը կարող է չունենալ: Միաժամանակ, Հայաստանը չունի նաև լեգիտիմ ընդդիմության երկրորդ խորքային ճգնաժամի ճոխություն թույլ տալու հնարավորություն: Ըստ այդմ, քաղաքական ռեֆորմացիայի հարցը դառնում է ազգային անվտանգության հարց, կարևոր հրամայական, որի միջոցով պետք է ձևավորվեն համակարգային մի շարք այլ ռեֆորմների ամուր նախադրյալներ, բարձրացնելով Հայաստանի ինքնիշխանության և անվտանգային դիմադրունակության կարողությունը: Դա այն դեպքում, երբ բավականին նկատելի է հակառակ գործընթացի աշխուժությունը, երբ փորձ է արվում ներքաղաքական կյանքը, հասարակական-քաղաքական դիսկուրսը՝ թե՛ բովանդակության, թե՛ որակի առումով պահել այն վիճակում, որում եղել է միշտ:

Շրիշակից ցածր մակարդակի պահպանությունը Հայաստանում քաղաքական ռեֆորմացիայի և արժեհամակարգային վերափոխման առանցքային արգելակներից է: Այդ մակարդակը խթանող որևէ քաղաքական սուբյեկտ կամ քաղաքական գործընթաց, վստահաբար, հնարավոր է ներառել ազգային անվտանգության ռիսկերի շարք, քանի որ դրանով արգելակելով քաղաքական ռեֆորմի օրակարգը, սնուցվում է նոր հեղափոխական օրակարգ կամ պահանջարկ, լիցք, տրամադրություն: Իսկ հաշվի առնելով այն, որ երկրորդ թավշյան և երկրորդ անարյունը գործնականում կդառնան անհնար, այդօրինակ լիցքերի և տրամաբանության կուտակմանը միտված քայլերը քայլեր են Հայաստանը դեպի քաոս հրելու ուղղությամբ: Քաղաքական համակարգի ռեֆորմացիան ներկայումս գրեթե հավասարազոր է բանակի արդիականացման խնդրին, առավել ևս որ ուղիղ իմաստով էլ բանակի թիկունքը ոչ միայն հասարակական համերաշխությունն ու սերն է, այլ նաև քաղաքական կենսունակ և արդիական համակարգը:

Նյութի աղբյուրը՝ 1in.am
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 72 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *