Հունվարի 12-ի գիշերը Եկատերինբուրգի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«2021 թվականի հունվարի 12-ի գիշերը իրավապահ մարմինները հաղորդագրություն են ստացել Եկատերինբուրգ քաղաքի Ռասվետնայա փողոցում գտնվող ինը հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի մասին: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառով զոհվել է ութ մարդ, այդ թվում` մեկ երեխա», — ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացրել է մարզային ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը, դեպքի վայրից հոսպիտալացվել է 17-ամյա դեռահաս` առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներով: Բացի այդ, դեռահասի մոտ ախտորոշվել է թունավորում:
Մամուլի ծառայության ղեկավարի հայտնած տեղեկություններով, մահացած երեխան 2013 թվականին ծնվան աղջիկ է, որի մայրը նույնպես մահացել է:
Սվերդլովսկի շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փրկարարները տարհանել են 90 մարդու, որոնցից 9-ը երեխաներ են և տեղափոխել են ժամանակավոր կացարան:
Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանի քննչական վարչությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել: